

Ա1+
Կապանից վերադառնալիս` Հրդեհների մոնիտորինգի գլոբալ կենտրոնի (Գերմանիա) ներկայացուցիչ Յ. Գոլդամենը մի կադր է ֆիքսել, որտեղ դաշտի սեփականատիրոջ կողմից խոտը այրելը դարձել է հրդեհի պատճառ։
Սեպտեմբերի 14-ին նա այդ կադրը ցուցադրեց «Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների կանխատեսում, կանխարգելում և հրդեհաշիջման կազմակերպում» կոնֆերանսի ժամանակ։ Այն կազմակերպել էին ԵԱՀԿ գրասենյակը, ՀՀ ԱԻՆ-ը եւ ՄԱԶԾ-ն։
«2008-2010 թվականին ավելացել է անտառային հրդեհների բռնկման այն դեպքերի քանակը, որոնք առաջանում են համայնքային գյուղատնտեսական հողատարածքների հրկիզման հետևանքով»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Արտաշես Մանասերյանը:
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության վիճակագրության` 2010թ-ին պետական անտառային հողերում գրանցվել է հրդեհի 49 դեպք` 810.58 հա տարածքի վրա, որից 775.13 հա անտառային է:
«Հրդեհների մարումը միայն Արտակարգ իրավիճակների նախարարության պարտականությունը չէ: Անհրաժեշտ է համապարփակ մոտեցում և կամավորների ներգրավվում»,- նշեց գերմանացի փորձագետ Յ. Գոլդամենը:
Մինչեւ դարավերջ կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում` 4 աստիճանով
Արմենպրես
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի' «Շրջակա միջավայր եւ անվտանգություն» նախաձեռնության շրջանակներում այսօր մեկնարկած համաժողովի թեման Անտառային հրդեհների կառավարման հետ առնչվող խնդիրներն էին: Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ աղետների կանխատեսումը եւ կառավարումը կարեւորագույն խնդիրներ են եւ մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը նկատեց, որ Հայաստանը ենթակա է սեյսմիկ վտանգների եւ այն 60 երկրների շարքում է, որոնք վտանգի տակ են: «1980-ից սկսած' յուրաքանչյուր 1 մլն բնակչի հաշվով հազար զոհ է լինում աղետների հետեւանքով: Հայաստանի տարածքի 80 տոկոսը ենթակա է նման վտանգի: Այստեղ առկա են անտառային հրդեհների ռիսկեր»,-ասաց Դ. Բոբերգը' նշելով, որ իրենք արդեն Հայաստանում կանխարգելման քայլեր տեսնում են: Վերջինիս խոսքով' ՄԱԿ-ն աջակցում է Հայաստանին' նպաստելով կլիմայական փոփոխությունների եւ աղետների դեմ պայքարելու հարցում:
«Աղետները մարդկությանը սպառնացել են քաղաքակրթության ձեւավորման փուլում, դրանք սպառնում են նաեւ այսօր: Դրանում մեղքի բաժին ունենք նաեւ մենք' բոլորս: Ավելին, աղետների մի մասը, եթե չասենք 'մեծամասնությունը, մարդկային գործոնի արդյունք են»,-ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը' նկատելով, որ մեր երկրում լուրջ հիմքերի վրա են դրված հրդեհների կանխարգելման աշխատանքները: Նրա խոսքով' անգնահատելի է միջազգային կառույցների եւ հատկապես' ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանին: Վ. Գաբրիելյանը աղետներից հնարավորինս խուսափելու ելքեր եւս առաջարկեց. մեղավոր անձանց բացահայտել, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառել, գտնել աղետների պատճառները, անգամ փոքր հրդեհի դեպքում անմիջապես տեղեկացնել փրկարար ծառայությանը, քանի որ այն կարող է հիմք հանդիսանալ մեծ հրդեհի:
«Կլիմայի փոփոխությունն արդեն փաստ է, եւ վերջին տարիներին գրանցված դեպքերը ոչ միայն բնապահպանական խնդիրներ կարող են առաջացնել, այլեւ տնտեսական, պատճառ դառնալ զոհերի եւ բնակչության տեղահանման»,- նշեց ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը' տեղեկացնելով, որ ընդհանուր ջերմաստիճանը երկրագնդի վրա բարձրացել է 0.7 աստիճանով, իսկ դարավերջին կանխատեսվում է մինչեւ 4 աստիճանի բարձրացում: Ծովի մակարդակը բարձրացել է 10-20 սմ-ով, կանխատեսվում է մինչեւ 59 սմ բարձրացում, որը բավական մեծ վտանգ է ցածրադիր գոտիների եւ առափնյա բնակչության համար:
Դ. Հարությունյանի խոսքով' կա նաեւ գրանցված տաք տարիների դեպքերի ավելացում. համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության կողմից 2010 թիվը ճանաչվել է գրանցված ամենատաք տարին: Ըստ բանախոսի' տեղումների թիվը երկրագնդի տարբեր հատվածներում այլ է. հյուսիսում տեղումներն ավելացել են, իսկ առանց այդ էլ չորային համարվող տարածքներում դրանց թիվը կրճատվել է:
Սեպտեմբեր 16, 2011 at 13:38
