

«ԷկոԼուր»
Նորավանի անտառի, բնակիչների եւ իշխանություն ունեցողների պատմությունը սկսվեց 2005թ., երբ ՀՀ կառավարության որոշմամբ փոխվեց հողերի կարգավիճակը, որոնք մտնում էին անտառային պահուստի մեջ: Հողերը չտրամադրվեցին Նորավան գյուղին, որի կողքին էին, այլ՝ Արմավիր քաղաքին: Այդ ժամանակվանից սկսվեց թանկարժեք հողակտորների վերավաճառման անվերջանալի գործընթացը, որն ուղեկցվում էր մեծ գումարներով, անօրինակնություններով եւ նորավանցիների հայցերով: Մի խոմբ լրագրողներ Հայաստանում Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան կողմից բարձրացված ահազանգի պատճառով մեկնեցին Նորավան:
ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀՈՇՈՏՈՒՄ ԱՆՏԱՌԸ
Արթուր Հովհաննիսյան, «Հայոց աշխարհ»
Արմավիրի մարզի Նորավան գյուղի հարակից հողատարածքն արդեն մի քանի տարի է, ինչ լուրջ վիճաբանության առարկա է դարձել։ Բանը հասել է նույնիսկ դատարան եւ իրավապահներին։
Նորավանի բնակիչ Սմբատ Աբգարյանի տեղեկացմամբ, կառավարության 2005թ. որոշմամբ հողի կարգավիճակը փոխվել է. եղել է անտառային նշանակության հողատարածք, սակայն դարձվել է գյուղատնտեսական նշանակության եւ չի հատկացվել Նորավան համայնքին, քանի որ Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանի եւ նախկին մարզպետ Ա. Հերոյանի գրություններով այդ հողատարածքը հատկացվել է Արմավիր քաղաքին։ Բացի այդ, նշված հողատարածքից տարբեր հողակտորներ աճուրդով ու կրկնաճուրդով վաճառվել են բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորներին։
Ըստ Ս. Աբգարյանի՝ հողատարածքը Արմավիր քաղաքին հատկացնելու պատճառաբանությունն այն է եղել, թե հողատարածքը սահմանակից չէ Նորավան համայնքին, սակայն իրականում, ինչպես համոզվեցինք նաեւ «դեպքի վայր» հրավիրված լրագրողներս, այն սահմանակից է հենց Նորավանի 6-րդ փողոցին, եւ ոչ թե Արմավիր քաղաքին։ Նորավանի բնակչի տեղեկացմամբ, խոսքը վաճառված-վաճառվող հողերի գերակշիռ մասի՝ մոտ 120 հեկտարի մասին է, իսկ Արմավիր քաղաքը կապ չունի այդ հողերի հետ։
Անտառում հացենիներ են՝ դեռ 60-ական թվականներից տնկված, նաեւ փշատենիներ, նաիրյան բարդիներ, թթենիներ եւ այլ ծառատեսակներ։ Ս. Աբգարյանի տեղեկացմամբ, իրենց վարձակալած հողերն աճուրդով վաճառելուց հետո մոտ մեկ հեկտարի վրա ծառերն արդեն հատվել են, իսկ աճուրդով, ընդ որում, չնչին գներով, ոմանք այդ հողակտորները գնել են՝ հետագայում վերավաճառելու նպատակով։
Որոշ դեպքերում հողակտորների մեկ հեկտարը աճուրդով վաճառվել է 114000 դրամով, սակայն վերավաճառվել 2000 դոլարով ու նույնիսկ դրան գերազանցող գումարով։ Կան նաեւ նույն հողակտորը մի քանի անգամ վերավաճառելու փաստեր։ «Առավոտ» օրաթերթում Արմավիրում հողի վաճառքի վերաբերյալ տրված հայտարարության մեջ 1 քմ-ի դիմաց 450 դրամ գումարն է նշված, մնացածն, ինչպես ասում են, արդեն թվաբանության խնդիր է...
Գրեթե բոլոր հողակտորներն արդեն վերավաճառվել են, թերեւս բացի երկուսից, որոնք ձեւակերպված են քաղաքապետի աներձագի՝ Հովհաննես Լազարյանի, ինչպես նաեւ Միսակ Տեր-Պողոսյանի անվամբ։ Իսկապես, աճուրդներով կամ թեկուզ կրկնաճուրդներով (դրանք պարզապես հնարք են) հողակտորներն ինչո՞ւ են վաճառվել դրանց շուկայական գնից բազմապատիկ ցածր գներով, այս պարագայում ո՞ւր մնաց պետական կամ թեկուզ համայնքային շահը։ Սակայն սա միակ հարցը չէ, որ առաջանում է կատարված գործարքներից։
-Զանգվածային հատումների տարիներին գյուղի ժողովրդով կանգնեցինք, թույլ չտվեցինք հատել այս հատվածը,- պատմեց Ս. Աբգարյանը եւ տեղեկացրեց նաեւ, որ աճուրդներից հետո հատվել են նույնիսկ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի նախաձեռնությամբ տնկված արագաճ բարդիները։
Աճուրդներով վաճառվել են Նորավանի մոտ 30 բնակչի վարձակալած, նրանց կողմից մշակված, փաստացի օգտագործվող հողատարածքները։ Գնորդների թվում են նաեւ Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի եղբոր որդին՝ Տիգրան Հերոյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի զոքանչը՝ Ռոզա Մկրտչյանը եւ ուրիշներ։
-Կեղծ քարտեզագրմամբ, փաստաթղթերով կարողացել են կառավարությունում որոշում կայացնել եւ, այդ հողատարածքը հանելով «Հայանտառի» հաշվեկշռից, տալ համայնքին (Արմավիր քաղաքին),- ասաց լրագրողների հետ Նորավանի հարակից անտառ եւ Արմավիր այցելած Հայաստանի կանաչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ։
Նկատի ունենալով խնդրի էկոլոգիական կողմը՝ գյուղի եւ ՀԱԷԿ-ի միջեւ գտնվող անտառի՝ պատնեշի դեր կատարելու հանգամանքը, Հ. Սանասարյանն ասաց, որ այդ անտառի ամեն մի ծառ պետականորեն պետք է համարակալվեր եւ մեծ հոգատարությամբ պահպանվեր, ավելին՝ նոր ծառեր պետք է տնկվեին եւ անտառաշերտը պետք է հզորացվեր, մինչդեռ հողատարածքը վաճառվել է մասնավոր անձանց։
Ըստ Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանի, իրենց կողմից օրենսդրության որեւէ խախտում թույլ չի տրվել, իսկ այլ մարմինների կողմից խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ տեղյակ չէ, քանի որ դա իր խնդիրը չէ։
Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ Սմբատ Աբգարյանը դիմել է իրավապահ մարմիններին առ այն, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների կողմից 2004թ. ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա փոխվել է «Հայանտառ» ՓԲԸ-ի «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսության» անտառային հողերի նպատակային նշանակությունը՝ այն վերափոխելով գյուղատնտեսական նշանակության հողերի։ Կառավարության 2004թ. դեկտեմբերի 9-ի թիվ 1848-Ն որոշման նախագիծը նախապատրաստող անձինք այդ տարածքի հողաշինարարական եւ կադաստրային քարտեզներում ցույց չեն տվել աճեցված անտառը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Արմավիրի անտառտնտեսություն» ՓԲԸ-ն 1993թ. վարձակալել է 5,5 հա հողատարածք, որից 4 հեկտարի վրա 1999թ. տնկել եւ աճեցրել է արագաճ բարդիներ։ Նշված հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու մասին որոշման նախագիծը կազմող պետական մարմինները թաքցրել են բարդիների անտառի առկայությունը։
Վերը նշված կեղծիքների արդյունքում կառավարության ընդունած հիշյալ որոշմամբ փոխվել է անտառային նշանակություն ունեցող հողերի կարգավիճակը եւ անհատույց փոխանցվել է Արմավիրի մարզպետարանի տիրապետմանը։ Այդ հողերը 2005թ. աճուրդի միջոցով վաճառվել են տարբեր քաղաքացիների։
Ոստիկանությունում նյութերի նախապատրաստումն այս ուղղությամբ դեռ շարունակվում է, քանի որ կատարվել են մի շարք հարցումներ, որոնց պատասխանները, սակայն, դեռ չեն ստացվել։
ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ԵՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ ՈՒ ԷԺԱՆ ԳՆԵՐՈՎ ՅՈՒՐԱՑՐԵԼ
Արեւիկ Սահակյան, «Առավոտ»
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ գյուղացիներից խլել են տարածքները եւ ձեւակերպել աներոջ, զոքանչի ու աներձագի անուններով:
Մինչ աշխարհի զարգացած երկրներում հսկայական միջոցներ են ծախսվում անտառների պահպանության եւ վերականգնման համար, Հայաստանում շարունակվում է կանաչ տարածքների անխնա ոչնչացումն ու յուրացումը: Հերթական ահազանգն «Առավոտը» ստացավ ՀՀ կանաչների միությունից եւ Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչներից:
Այցելելով Նորավան՝ պարզեցինք հետեւյալը. դեռեւս 1993թ. «Հայանտառ» ՓԲԸ «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսություն» դուստր ՓԲԸ-ի եւ Նորավանի գյուղացիների միջեւ կնքված վարձակալության պայմանագրի համաձայն, 216 հա անտառածածկ տարածքը հանձնվել է վերջիններիս խնամքին: Հետագա 15 տարիների ընթացքում գյուղացիներն իրենց միջոցներով մելիորացրել են տարածքը, մուծել բոլոր հարկերն ու վարձավճարները: Սակայն 2005թ. գարնանը հայտնվել են ինչ-որ անհայտ մարդիկ եւ՝ այս ծառն իմն է, այս քարն իմն է ասելով՝ ստիպել գյուղացիներին հեռանալ իրենց տարածքներից:
Պարզվել է, որ Արմավիրի մարզպետարանը, որը հանդիսանում է լուծարված «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսության» իրավահաջորդը, մարզպետ Ալբերտ Հերոյանի ջանքերով կարողացել է հասնել նրան, որ ՀՀ կառավարության 13.04.06 N 716 որոշմամբ այդ հողատարածքների նպատակային նշանակությունը փոփոխվել է, ինչը, ըստ Կանաչների միության նախագահ Հ. Սանասարյանի, արվել է կոպտագույն խախտումներով, կեղծ փաստաթղթերի եւ կեղծ քարտեզագրման հիման վրա: Արդյունքում, անտառակը տեղափոխվել է համայնքային հաշվեկշիռ, սակայն ոչ թե Նորավանի համայնքի, որին կպած է, այլ կես կմ հեռավորության վրա գտնվող Արմավիր քաղաքի:
Դրանից հետո մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր: Առանց իրազեկելու տարածքի վարձակալ գյուղացիներին, Արմավիրի մարզպետարանն անտառակը աճուրդով մաս-մաս վաճառել է: Եվ դա այն դեպքում, երբ գյուղացիների վարձակալական պայմանագրերի ժամկետը դեռեւս չէր լրացել: Գյուղացիների բոլոր բողոքներին ի պատասխան՝ մարզպետարանից հայտնել են, որ նրանց պայմանագրերը համարվում են առ ոչինչ, քանի որ չեն վավերացվել նոտարական կարգով եւ չեն ստացել պետական գրանցում:
Նույն պատասխանն է տրվել նաեւ Արմավիրի առաջին ատյանի եւ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանների կողմից, որոնք այդպես էլ չեն փորձել պարզել, թե ինչպես ստացվեց, որ այն բոլոր տարիներին, երբ գյուղացիները բարեխղճորեն մշակում էին այդ տարածքը եւ մուծում բոլոր հարկերն ու վարձավճարները, նրանց պայմանագրերը համարվում էին վավեր: Իսկ եթե այդ պայմանագրերն անվավեր էին, ի՞նչ հիմունքներով էին պետական մարմինները գանձում գումարները:
Այս գործընթացից առավելապես տուժել է Նորավանի բնակիչ Սմբատ Ավագյանը, որը 1993-ից իր վարձակալած 5,5 հա տարածքի 4 հեկտարի վրա, ՀՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի հետ կնքած պայմանագրի համաձայն, հիմնել է ամերիկյան եւ կանադական արագաճ բարդիների անտառատարածք: Նրա 15-ամյա քրտնաջան աշխատանքի արդյունքում աճել է հրաշալի անտառակ, որի վրա էլ տեղական պաշտոնյաները աչք են դրել՝ օգտվելով Ս. Ավագյանի իրավական ոչ բավարար տեղեկացվածությունից:
Առանց վարձակալին տեղյակ պահելու՝ մարզպետարանի հայտարարած աճուրդում բարդիների այդ անտառակը հանվել է վաճառքի՝ որպես 5-րդ կարգի վարելահող՝ մեկ հեկտարն ընդամենը 114 հազար դրամով: Եվ անմիջապես էլ, հենց մեկնարկային գնով, այդ տարածքը գնել են Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի աներձագ Հովհաննես Լազարյանը եւ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի զոքանչը՝ Ռոզա Մկրտչյանը: Նա տիրացել է ոչ միայն Սմբատ Ավագյանի աճեցրած բարդիների անտառին, այլեւ դրան հարակից հացենու անտառակին եւ գյուղատնտեսական նշանակության հողերին՝ 39 հա ընդհանուր մակերեսով: Նորավանցիների ջանքերով աճեցված անտառակի գնորդների թվում են նաեւ նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի եղբոր որդին՝ Տիգրան Հերոյանը (2,7 հա), Երեւանի նորընտիր ավագանի՝ ԲՀԿ ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Մխիթար Մնացականյանը (5,8 հա), Մանվել Ղազարյանը (24 հա), Արմավիրի մարզպետարանի վարչությունների պետերն ու այլ մարզային պաշտոնյաներ:
Հողատարածքի յուրացման ընթացքում մարզպետարանի աշխատակիցների ցինիզմն այնտեղ է հասել, որ մարզպետի ստորագրությամբ պաշտոնական գրության մեջ հայտարարվում է, թե. «Օտարվել են ոչ թե ծառապատված տարածքները, այլ վարելահողերը»: Ավելին, ըստ Ս. Ավագյանի, մարզպետարանի իրավաբանական վարչության պետ Յ. Մանվելյանն ու իրավաբան Ա. Դարբինյանը ցուցմունք են տվել առ այն, որ խնդրո առարկա տարածքում իրենք ոչ մի ծառ չեն տեսել:
Անտառակը յուրացնելուց կարճ ժամանակ անց, գնորդներից շատերը դրանք վերավաճառել են: Նորավանցի վարձակալներից Ժենյա Համբարջյանի խոսքերով՝ «Մեր հողերը կոպեկներով յուրացնելուց անմիջապես հետո, նրանք ամեն հեկտարը 2000 դոլարով վաճառել են: Ես գնացի Մխիթար Մնացականյանի բարեկամի՝ մարզպետարանի իրավաբան Ա. Դարբինյանի մոտ, խնդրելով, որ եթե Մնացականյանը վերավաճառում է՝ գոնե թող մեզ վաճառի մեզանից իսկ խլված 1 հեկտարը, սակայն ինձ ասացին, որ ծախում են ամբողջ 5 հեկտարը միասին՝ 10 հազար դոլարով»:
Որպես 5-րդ կարգի վարելահող օտարված տարածքի վաճառքի մասին հայտարարություն է տրվել նաեւ մամուլում, որտեղ հստակ նշված է՝ տարածքը պատված է բարդու ծառերով: Փաստորեն, երբ մարզպետարանի աշխատակիցները գնում էին այդ հողերը՝ դրանք վարելահողեր էին, իսկ արդեն վաճառելիս՝ բարդիների անտառ:
Ավելին, որպես վարելահող գնված Ս. Ավագյանի հողատարածքի նորահայտ տերերը փորձել են դատի տալ վերջինիս՝ իրենց վարելահողում չգիտես որտեղից հայտնված 15-ամյա բարդիները հատելու համար: Սակայն, հավանաբար, հասկանալով, որ այդպիսով բացահայտում են իրենց կողմից արված կեղծիքները, գործի հետագա ընթացքը կասեցրել են:
«Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Արմավիրի մարզպետարանից: Մեզ հետ զրույցում մարզպետարանի իրավաբանական վարչության պետ Յ. Մանվելյանը ողջ պատասխանատվությունը բարդեց «Հայանտառի» վրա, տեղեկացնելով նաեւ, որ այդ նույն աճուրդին մասնակցել է անտառտնտեսության այն ժամանակվա տնօրեն Վոլոդյա Շահվերդյանը, որը գնել է 3 հա տարածք: Դա, իհարկե, շահեկան բացատրություն է, քանի որ «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսություն» դուստր ՓԲԸ-ն արդեն լուծարվել է, եւ քանի որ չկա հիմնարկ՝ չկա նաեւ պատասխանատու:
Անցած տարիների ընթացքում իրենց իրավունքները վերականգնելու՝ Նորավանի բնակիչների բոլոր ջանքերն անցել են ապարդյուն: Նրանց հայտերը մերժվել են թե առաջին, թե 2-րդ ատյանների դատարանների կողմից:
Նրանցից շատերն արդեն համակերպվել են՝ ասելով՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Նորավանցիների միակ հույսը հիմա լրատվամիջոցներն են. «Գոնե դուք մի բան արեք, որ այս անարդարության վերջը տրվի: Իմ 2 որդիները, որոնք 15 տարի շարունակ մշակել են այս ծառերը, հիմա ծառայում են բանակում՝ Ղարաբաղում, սահմանի վրա: Այս ինչ պետություն է, այս ինչ օրենք է, որ իմ զինվոր որդիների քրտինքն ու ապագան խլում ու տալիս է մեծահարուստ թալանչիներին»,- ասաց նորավանցի Ռուզաննա Հակոբյանը:
ՄՈՒԹ ԱՆՏԱՌԻ ՀԱՅՏՆԻ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ
Մարինե Մարտիրոսյան, «168 ժամ»
Արմավիրի մարզի Նորավան գյուղի անտառի հիմնադիր Հովհաննես պապն այնքան է ծերացել, որ անգամ դժվարանում է խոսել: Հովհաննես պապիկին Նորավանում բոլորն այդպես են ներկայացնում` անտառի հիմնադիր:
Ի՞նչ իմանար պապը, որ անտառն այսօր դառնալու է մեծահարուստների սեփականությունը, ու իրենք էլ գյուղացիներով անտառին նայելու են միայն հեռվից: Կամ` ինչպե՞ս կարող էր այդ տարիներին անտառի հիմնադիրը երեւակայել, որ, ասենք, Երեւանի Օրբելի փողոցի բնակիչ Ռոզա Խաչատրյանը, ավելի ճիշտ` ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանի զոքանչը, Նորավանի անտառում ունենալու է 39 հա սեփական հողատարածք, կամ հոկտեմբերյանցի «Մեբելիե
Միսակը սեփականացնելու է անտառի 10,33 հա-ը, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանի հորեղբոր տղա Արթուր Միքայելյանն իր 5 հա-ն է ունենալու, եւս 3 հա ունենալու է Տիգրան Հերոյանը` Արմավիրի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ գործերի կառավարչի տեղակալ Ալբերտ Հերոյանի եղբոր տղան, որն էլ Ա. Հերոյանի վարորդն է եղել: Հովհաննես պապը նաեւ չէր կարող երեւակայել, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի աներոջ որդին` Հովհաննես Լազարյանը, 2,7 հա մասնաբաժնի տերն է լինելու, իսկ 3 հա հողատարածքի սեփականատերն էլ Անտառտնտեսության նախկին պետ Վոլոդյա Շահվերդյանն է լինելու:
Այսքանով չի եզրափակվում անտառի սեփականատերերի անունները. մեզ հաջողվեց մի շարք անուններ բացահայտել: Օրինակ` Ավետիք Դարբինյան անունով մեկը անտառի 5,8 հա-ն է սեփականաշնորհել, Գեորգի Եփրեմյանը` 2,25 հա, Գուրգեն Հակոբյանը` 5 հա, Հրանտ Մկրտչյանը` 2,25 հա, Պրաքսի Ենգիբարյանը` 5 հա, Գեւորգ Պողոսյանը` 8 հա, Ռազմիկ Ավետիսյանը` 3 հա, Մեխակ Մխիթարյանը (նախկին պատգամավոր)` 5,8 հա, Բաբկեն Արշակյանը (Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներից մեկի ամուսինը)` 3 հա, ԱԺ պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը` 24 հա:
Ընդհանուր առմամբ, Նորավանի 157 հա անտառային հողերի 126,88 հա-ը սեփականաշնորհվել է, ու եւս 7 հա վարձակալության է տրվել Սերյոժա Սաֆարյանին: Ստացվում է 133,88 հա: Ի դեպ, վաճառողները չեն «մոռացել՞ եւ գյուղի բնակիչներին անվճար մոտ 4 հա հողատարածք են տրամադրել` գերեզմանոցի համար: Անտառային հողերի այս վաճառքը կատարվել է 2004թ. աշնանը, որից մի տարի հետո` 2005թ. ապրիլի 4-ին, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման տեղեկանքի մեջ այս սեփականատերերի իրավունքները համարվել են պետական գրանցում չունեցող:
Սակայն կարճ ժամանակ հետո կազմակերպվել է կրկնաճուրդ, եւ դրանից հետո գյուղացիներն այլեւս չեն իմանում, թե ովքեր են նոր սեփականատերերը: Նրանց ավելի շատ հուզում է այն, թե ինչպես պետությունը 70 տարեկան Նորավանի անտառն օտարեց` պատճառաբանելով, որ այն այլեւս չի պատկանում գյուղին:
Արմավիրի մարզպետարանի Իրավաբանական վարչության պետ Յուրի Մանվելյանը մեզ հետ առանձնազրույցում` պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ է անտառային հողերի ներկայիս սեփականատերերի անունները գաղտնի պահում, ասաց. «Բացարձակ գաղտնի չեն պահվում: Գիտեք, քանի տեղ եմ ասել: Հիմա չունեմ մոտս: Էդ Սմբատ Աբգարյանի մոտ էլ կա»: Ս. Աբգարյանն, ի դեպ, գյուղի անտառային հողերի վարձակալներից է, ով էլ մեզ տրամադրել էր անտառի սեփականատերերի վերոնշյալ անունները: Այսինքն` ստացվում է, որ կրկնաճուրդում սեփականատերերը մնացել են անփոփոխ:
Ջրվորներն ու ջրվորների ջրվորները
1927թ. հիմնադրված գյուղն ու փոքր-ինչ ուշ նաեւ նոր անտառը` գյուղի ամենատարեց պապ Հովհաննեսը, այդպես էլ չհիշեց, նայեց ինձ ու կոկորդում բառերը մի տեսակ գոլացան: Այդպես էլ չհասկացա, թե ինչ էր ուզում ասել անտառի հիմնադիրն անտառի ներկա վիճակի մասին: Նրա փոխարեն գյուղի բնակիչները հիշեցին անտառի անցյալն ու ներկա խնդիրների թնջուկը:
«Այս անտառը ստրատեգիական մեծ նշանակություն ունի: Էն ժամանակ, որ անտառ չկար, հենց քամին մի փոքր շշնջում էր` Արմավիրի աղբանոցի ամբողջ հոտը լցվում էր գյուղ: Իսկ էսօր չկա էդ խնդիրը: Էսօր ամեն ինչից պաշտպանված ենք` քամուց, փոշուց ու ամեն ինչից»,- նշում է գյուղի բնակիչ Սմբատ Աբգարյանը: Նա միակն է, ով մինչ այսօր, այսպես ասած, զենքերը վայր չի դնում եւ չի հանձնում իր վարձակալած հողերը: Նշենք, որ շուրջ 30 գյուղացի ստիպված է եղել հանձնել անտառային հողերը: Դեռ 1999թ. Սմբատ Աբգարյանին փորձագիտական նպատակով հատկացվել է ԱՄՆ-ից բերված ամերիկյան ու կանադական 1500 արագաճ բարդիներ, որոնք նա պետք է աճեցներ «Հայանտառից» վարձակալած տարածքում: Պայմանագրի վերջնաժամկետը
2010թ. նոյեմբերի վերջն էր: Ընդ որում` այստեղ կարեւոր է այն հանգամանքը, որ այդ ծառերը ենթակա չեն հատման: Մինչդեռ, ըստ ծառերի խնամակալի` անտառային հողատարածքի սեփականատեր Միսակ Տեր-Պողոսյանը, նույն «Մեբելիե Միսակը, որոշ կետերում «ծառահունձ» է արել: «Միսակը մի 0,5 հա-ի չափով ծառեր է արմատախիլ արել: Կադրեր կան, նկարահանված է»,- ասում է գյուղի բնակիչ Ս. Աբգարյանը, ում Մ. Տեր-Պողոսյանը 2005թ. դատի է տվել` նրան մեղադրելով աճրուրդով իր գնած հողը զավթելու մեջ: Դատավորն էլ, բնականաբար, վճիռը կայացրել է հօգուտ Մ. Տեր-Պողոսյանի:
Այսպիսով, Տեր-Պողոսյանը ամբողջովին տիրացավ այդ տարածքին, որից 2 հա-ն Սմբատ Աբգարյանի հողատարածքն էր: Վերջինս դարձյալ բողոքարկել է որոշումը եւ հայցը ներկայացրել Վերաքննիչ դատարան: «Իբր քիչ ունի Միսակը, հա՛մ հողն ա Միսակինը, հա՛մ էլ վրի բերքը»,- ավելացնում է Ս. Աբգարյանը` մեկնելով մի կապոց փաստաթղթեր, որտեղ ՀՀ կառավարության ընդունած անտառի օտարման մասին որոշումներն են, դատարանի վճիռներ եւ անգամ 16 տարիների ընթացքում ջրի վարձավճարի կտրոններ: Ի դեպ, դեռեւս 1993թ. Սմբատ Աբգարյանը համարվել էր «Հայանտառի» վարձակալ:
«Վերջին պայմանագիրս սենց եղավ. քանի որ կառավարության որոշումով նոր տնկարկների համար հարկ չէինք մուծում, մենք էս 4 հա-ի համար հարկ չէինք մուծում: Մշակում էինք` մինչեւ պայմանագիրը լրանա: Բայց էն 2 հա-ի համար իմ պայմանագիրը լրացած չի եղել, որը տվել են Միսակ Տեր-Պողոսյանին: Այն լրանալու էր 2005թ. աշնանը: Նրանք պատճառաբանում են, որ իմ պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել»,- նշում է Ս. Աբգարյանը: Ըստ նրա` այս տարիների ընթացքում շուրջ 600-700 հազար դրամ է վճարել հողի վարձակալության համար, բացի այդ նա` որպես վարձակալ, վճարել է նաեւ ոռոգման ջրի համար, որը 1993թ. կազմում էր 25.000 ռուբլի, 1994թ.` 11.800 դրամ, 1995թ.` 81.600դրամ, 1999թ.` 75.000 դրամ, իսկ ամենամեծ գումարը Ս. Աբգարյանը վճարել էր 2007թ.` 200.400դրամ: «Երբ որ իմ փողն էր պետք, ես էի պետությանը պարտք, այդ ժամանակ իմ բոլոր պայմանագրերը օրինական էին, իսկ եթե հողս ա պետք, գրում են` ի սկզբանե առոչինչ ա: Եթե ի սկզբանե առոչինչ ա, մարզպետարանը թող էն ժամանակ ասեր»,- նկատում է Սմբատ Աբգարյանը: Այնուհետեւ նա հիշեց իր հարեւաններին, որոնց պայմանագրերի ժամկետները դեռեւս չլրացած` նրանցից խլել էին հողերը:
«Մխիթարյան Մեխակը` Ազգային ժողովի պատգամավորը, կոնկրետ ինքն է առել իմ հողը: Ես գնացի, խնդրեցի Արմավիրի մարզպետարանի հողաշինարար Արմեն Դարբինյանին, որ 1 հա-ն ինձ տան, չտվեցին: Ասացին՝ գնա 5 հա-ի փողը բեր»,- ասում է Նորավանի բնակիչ ժենյա Համբարչյանը: Նրա հավաստմամբ` մարզպետարանը գյուղացուց 1 հա-ի համար 2000 դոլար էր ուզում, այնինչ աճուրդի ժամանակ 1 հա-ն վաճառել են ընդամենը 120.000 դրամով: Ի դեպ, այս մասին թերթերից մեկում հայտարարություն էր տպագրվել, որտեղ ասվում էր, որ Արմավիր քաղաքում վաճառվում է 12 հա հող` 3 հա բարդիներով, իսկ 1 հա-ի գինը 450 դրամ էր:
«Իրանք աճուրդի են հանել ու էսօր էդ տերերը դարձել են տուզավիկները, որովհետեւ իրանց ձեռք չէր տալիս՝ մեր գյուղացիքին ծախեին փոքր հեկտարներով, իրանց ձեռք էր տալիս՝ 20-40 հա-երով ծախել»,- նշում է երեք երեխաների մայրը: Գյուղի բնակչ Մելիք Մելոյանն էլ, ով 1994-ից աշխատել է Անտառտնտեսությունում` որպես պահեստապետ, այսօր նույնպես մնացել է առանց հողի ու աշխատանքի: «2004թ. ղեկավարությունը մեզնից վերցրեց ու ծախեց ուրիշներին: Եռակի ծախել ա: Անտառային հողերը մնացել են մի 56 հա, որտեղ ամերիկահայ Արեգը ծառեր ա տնկել: Իսկ առաջ էստեղ ջուր չկար` այ, էն կողմը արտեզյան ջուր կար, էնտեղից էինք բերում: Էստեղ 3 տարի ա, նորմալ ջուր ա գալիս: Մենք մեր ձեռքով էս տարածքում տարիներ առաջ մի 10.000 հատ ծառ ենք տնկել: Մեզ խաբեցին: Մարզպետը կանչեց ու ասաց՝ եկեք ձեզ 1 հա հող կտանք, բայց խաբեց»,- ասում է 4 երեխաների հայրը, ով այսօր 7000 մետր հողատարածքի հույսին է մնացել` ամսական վճարելով 5500 դրամ: Մինչդեռ տարիներ առաջ Մելիք Մելոյանն ուներ մոտ 4 հա հող, որտեղ էլ ցորեն էր մշակում:
«Իմ հողի կեսը Վարդանի զոքանչը առավ (խոսքը ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի մասին է.- Մ.Մ): Քանի անգամ եկել ենք Երեւան բողոքել, Քոչարյանի նստավայր եկանք, մեքենա բերեցին, մեզ լցրեցին մեջը: Միլիցեքն էլ էս յան, էն յան գռշտեցին»,- հիշում է նա:
Նորավանցիներն այսօր մեծ բարկությամբ են հիշում նաեւ Նորավանի նախկին գյուղապետ Անդրանիկ Արշակյանին, ում «հաջողե գործարքների համար գյուղի մուտքի մոտ 10 հա հողատարածք են տվել իշխանությունները: «Պարզվում ա, որ ինքը ջրվոր էր, բա գյուղացի՞ք իրա ինչն են` ջրվորի ջրվորնե՞րը: Ինքն իրա տրակտորն առել ու հողն ա մշակում»,- զայրանում են գյուղի բնակիչները` պատմելով Անդրանիկ Արշակյանի գյուղապետության ժամանակների մասին, երբ գյուղապետը «բիբարի գործ էր անում» ու «տակ էր տալիս»: «Ամեն 5 տարին մեկ էլ ընտրությունների ժամանակ ինքն իրան անց էր կացնում` գյուղացին ընտրեր-չընտրեր: Համ էլ մարզպետին ինքը հող էր խոստացել»,- նշում են գյուղացիները, որոնց զայրույթն ու հիասթափությունը տեղական ինքնակառավարման մարմնից գնալով ահագնանում էր:
Լրագրողներին տեսնելով՝ պակաս զայրույթ չունեցավ նաեւ Արմավիրի մարզպետարանի իրավաբանության բաժնի պետ Յուրի Մանվելյանը, ով հողի աճուրդի վերաբերյալ մանրամասներ այդպես էլ չասաց: Նա ընդամենն ընդգծեց, թե մարզպետարանն աշխատել է «օրինականության շրջանակներում»: Հարցին, թե` արդյո՞ք արմավիրցի իրավաբանի համար տարօրինակ չէ, որ Երեւանից ինչ-որ մեկի զոքանչը գալիս է ու Նորավանում հող է գնում` այն խլելով գյուղացուց, Յու. Մանվելյանը պատասխանեց. «Ուզում ա Բուշի քենին լինի, կարեւորը ՀՀ քաղաքացի լինի»: Ի դեպ, հենց Յու. Մանվելյանն է եղել Նորավանի անտառային հողերի աճուրդավարը, ով մինչ օրս գաղտնի է պահում սեփականատերերի անունները, բայց չի թաքցնում վաճառված 1 հա-ի գումարի չափը` շուրջ 120.000 դրամ: Ըստ իրավաբանի` իրենք հայտարարություն էին տվել հողերի վարձակալության մասին` ամսական 2000 դրամ:
Ինչեւէ, վերջում նշենք, որ անկախ ամեն ինչից, անփոփոխ են մնացել գյուղի միակ ընդդիմադիր Սմբատ Աբգարյանի մոտեցումները: «Ինչ ուզում են անեն, մինչեւ վերջ գնալու եմ, հողերս էլ չեմ տալու, թող սպանեն»,- ասում է նա` ավելացնելով, թե ցավ է ապրում, երբ գյուղի 216 հա անտառային հողից գյուղին հատկացրել են միայն 4 հա-ն, այն էլ` գերեզմանոցի համար` կարծելով, թե գյուղում միայն ծերեր են ապրում:
«ՀԱՅԱՆՏԱՌՆ» Է ՔԱՇԵ՞Լ, ԹԵ՞ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ
«Հրապարակ»
Նորավան գյուղը գտնվում է Արմավիրի մարզում, ունի մոտ 1300 բնակիչ: Գյուղում չկան բուժկետ, մանկապարտեզ եւ նույնիսկ դպրոց:
Նորավան գյուղը գտնվում է Արմավիրի մարզում, ունի մոտ 1300 բնակիչ: Գյուղում չկան բուժկետ, մանկապարտեզ եւ նույնիսկ դպրոց:
Աշակերտները հաճախում են Արմավիր քաղաքի դպրոցը, որը գյուղից գտնվում է 5 կմ հեռավորության վրա: Ի դեպ, դպրոց են հաճախում ոտքով: Գյուղացիների ապրուստի միակ միջոցը հողագործությունն է: Սակայն պարզվեց, որ իրենց հողի ու ջրի կարիքն ավելի շատ ունեցել են ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի երեւանաբնակ զոքանչը` Ռոզա Մկրտչյանը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մխիթար Մնացականյանը, Արմավիրի քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ, որոնք հետագայում դարձել են այդ հողերի սեփականատերեր: Նորավան գյուղին հարակից տարածքում գտնվող մոտ 216 հեկտար հողատարածքը, որը պատկանում էր «Հայանտառ» ՓԲԸ-ի «Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսությանը», 1993 թվականից վարձակալական հիմունքներով տրվել է գյուղացիներին:
Անտառտնտեսության լուծարվելուց հետո իրավահաջորդը դառնում է մարզպետարանը, որի ջանքերով 2004 թվականին կառավարությունը որոշում է ընդունում, ըստ որի՝ այդ հողատարածքների նպատակային նշանակությունը փոխվում է, եւ այն տեղափոխվում է համայնքային հողերի հաշվեկշիռ, եւ Նորավան գյուղին կից այդ հողատարածքը տրամադրվում է կես կմ հեռավորության վրա գտնվող Արմավիր քաղաքին, որից 52 հա թողնում են ԳԱԱ բուսաբանության ինստիտուտին՝ որպես փորձադաշտ, իսկ 4 հեկտարը գյուղին՝ գերեզմանոցն ընդլայնելու համար: Իսկ արդեն Արմավիրին պատկանող 140 հա-ն մարզպետարանն աճուրդով վաճառում է՝ առանց տեղյակ պահելու գյուղացիներին, որոնց վարձակալական պայմանագրերի ժամկետները դեռ չէին լրացել:
Օրինակ, վարձակալող Սմբատ Աբգարյանը հիմնել է արագաճ բարդիների անտառտարածք՝ բուսաբանության ինստիտուտի հետ պայմանագիր կնքելով: Առանց նրան տեղյակ պահելու, սխալ քարտեզագրմամբ, անտառակն օտարում են որպես վարելահող, ընդ որում՝ մեկ հեկտարը վաճառելով 114 հազար դրամով, մեկ քառ. մետր հողը՝ մոտ 1,4 դրամ: Վերջինս միլիոնավոր վարձավճարներ է մուծել հողի վարձակալության եւ ջրի օգտագործման համար եւ իրավունք ուներ առաջինը մասնակցելու աճուրդին, սակայն նա մեկ տարի հետո է միայն տեղեկացել, որ այդ տարածքն այլեւս իրեն չի պատկանում:
Վերջինս անցել է բոլոր ատյաններով` ընդդեմ մարզպետարանի աճուրդը չեղյալ համարելու պահանջով, սակայն բոլոր հայցերը մերժվել են: Իսկ թե ինչու են Մեխակ Մխիթարյանը, Վարդան Խաչատրյանի զոքանչ Ռոզա Մկրտչյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ հետաքրքրվել Արմավիրի այս հողատարածքով, «Կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանն այսպես մեկնաբանեց. «Այս տարածքից մի քիչ այն կողմ ոռոգող խողովակ կա, որը կառուցել են պետական միջոցներով: Այն պաշտոնյաները, որոնք արդեն տիրացել են հողերին, արդեն գիտեին նախագծի մասին, որով այս հողատարածքները դառնում էին ոռոգելի:
Այստեղ բերքատվությունը, հողի մշակումը թույլ է եղել՝ հարյուրավոր տարիներ ջրի սակավության պատճառով: Հիմա նրանք արդեն գիտեին, որ ջրի հարցը լուծվել է, ու զավթել են: Այս ամենը իմանալով հանդերձ՝ կեղծ փաստաթղթերով որոշումներ են կայացնում, կեղծ քարտեզագրումներով այս տարածքները ներկայացրել են որպես ամայի տարածքներ, երբ այստեղ կան 20-30 տարեկան ծառեր»: Իսկ թե ինչու չեն տեղեկացրել գյուղացիներին աճուրդի մասին, մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ մասին հայտարարվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում: Նշենք, որ թերթը գյուղացիներին հասանելի չէ, եւ պետք է մարզպետարանը նրանց գրավոր ծանուցեր աճուրդի մասին: Ըստ իրավաբան Մանվելյանի՝ «Հայանտառը» բոլորին անձամբ պետք է տեղեկացներ, քանի որ նա էր հիմնական վարձակալը, իսկ գյուղացիները ենթավարձակալներն էին:
Իրավաբանը հավելեց նաեւ, որ հողի եւ ջրի վարձերը նրանք վճարել են «Հայանտառին», ոչ թե պետությանը, հիմա էլ թող ետ վերցնեն նրանից: Մարզպետարանում տեղեկացանք, որ «Հայանտառը» նույնպես մասնակցել է աճուրդին՝ գնելով 3 հեկտար հողատարածք: Հիասթափված ու ընկճված գյուղացիներն ափսոսանքով էին հիշում, որ իրենց որդիները, կյանքը վտանգելով, սահմանամերձ գոտում ծառայել են այսպիսի անօրինական հայրենիքի պաշտպանությանը:
Հունիս 16, 2009
