

ԷկոԼուր
Շատ ցանկանալու դեպքում անտառը կարելի է փրկել: Այսպես են կարծում անկախ փորձագետները, այսպես են կարծում մարդիկ, ովքեր ապրում են անտառի կողքին:
Անտառի կառավարմանն առնչվող բոլոր հարցերը լուծվում են Երեւանում, բայց ոչ այն մարդկանց հետ, ովքեր ամենօր կանգնած են խնդրի առաջ` կտրել ծառը եւ պատժի ենթարկվել, թե սառել եւ մնալ սոված: Եւ նման ընտանիքները տասնյակ հազարավոր են: Միայն Տավուշի մարզում (չճշտված տվյալներով) 30 հազար ընտանիքներ տարեկան վառում են ամենաքիչը 7խմ վառելափայտ:
Տեղական բնակչությունը շահագրգռված չէ անտառի պահպանմամբ: Նրանց մուտքն անտառ սահմանափակ է: Նրանք չեն մասնակցում անտառկառավարմանը: Անտառ են գալիս օտարները (իրենց համար) եւ հատում են անտառն այն վայրերում, որոնք կարող էին օգտագործվել համայնքի համար: Օգտագործում են նրանց ճանապարհները, ոչնչացնում են հատապտուղների թփերը եւ այլն: Տարածքի, ճանապարհների, արոտավայրերի օգտագործման եւ վնասի համար համայնքը ոչ միայն ոչինչ չի ստանում, այլ նաեւ ստիպված է, օրինակ, հողի հարկ վճարել նույնիսկ այն դեպքում, եթե այդ տարածքը անտառօգտագործման պատճառով անպետք է դարձել:
Բնակիչներն ընդհանրապես չեն մասնակցում հատատեղիների ընտրության գործընթացին: Նրանք բողոքում են, որ իրենց թափուկների համար ուղարկում են հեռավոր վայրեր, երբեմն նույնիսկ գյուղից 10-12 կմ հեռու: Թե ինչպես եւ ինչքան փայտանյութ կարելի է դուրս բերել անհասանելի վայրերից, հայտնի չէ: Հարց` որտեղի՞ց է անտառը վերցվում տեղի բնակչության կարիքների համար, եթե, ըստ անկախ փորձագիտական գնահատականների, պահանջարկը կազմում է 500-700 հազար խմ: Արդյո՞ք այստեղ բարձր կոռուպցիոն ռիսկեր չկան: Անտառի կողքին ապրող մարդիկ պետք է դառնան անտառի ամենալավ պահապանները: Նրանց պարզապես պետք է տալ այդ հնարավորությունը:
Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ անտառի կառավարման հարցում: Անհրաժեշտ են ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներ: Բայց, գլխավորը, քաղաքական կամք է պետք, որպեսզի այդ բարեփոխումներն իրականացվեն:
Նոյեմբեր 02, 2011 at 11:05
