

ԱրմԻնֆո
Հայաստանի անտառածածկի մակերեսը վերջապես հաշվարկել են: Հիշեցնենք, որ 2010 թվականին NASA-ի տիեզերական նկարահանումների տվյալների հետ պաշտոնական տեղեկատվության անհամապատասխանությունը վերաճել էր իսկական սկանդալի: Էկոլոգների և պաշտոնական անձանց միջև դիմակայության արդյունքում որոշվեց փոփոխություն կատարել Հայաստանի կողմից «ՄԱԿ հազարամյակի նպատակների» կատարման վերաբերյալ զեկույցյում, որում նշվում էր, թե հանրապետության անտառները կազմում է 11 տոկոս: Կանաչ ակտիվիստների կարծիքով, հանրապետության անտառապատ տարածքների մակերեսը չի գերազանցում 7 տոկոսը:
Հայաստանի անտառածածկի մակերեսի որոշման աշխատանքներն սկսվել են այս տարի: Այդ պատասխանատու առաքելությունը հանձնարարվել է ՀՀ անտառային պետական մոնիտորինգի կենտրոնին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ:
Ինչպես հաղորդել է ԳՄՀԸ, բնապահպանական օրենսդրության և քաղաքականության փորձագետ Այսեր Ղազարյանը դեկտեմբերի 13-ին կայացած սեմինարում, վերջին տվյալների համաձայն, Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332 333 հա կամ 11.1%: Նա նշել է, որ հաշվարկի միասնական համակարգի բացակայության պատճառով տարբեր տարիների ստացվել են հակասական թվեր: Այսպես. 1978 թվին` 296600 հա կամ 9.89%, 1993 թ.` 334100 հա (9.8%), 1995 թ.` 300 հազար հա (11.2%): Բացի այդ, 2000 թվականին ըստ Landsat ETM+ եղել է 246099 հա (8.2%), 2001 թ. ըստ UNEP`239600 հա (8.1%), իսկ 2007 թ. ըստ FAO` 283 հազար (9.5%):
Ղազարյանը նշել է, որ այդ ծրագրում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև արբանյակային նկարահանումները թույլ են տվել բացահայտել նոր անտառային տարածքներ, որոնք մինչ այդ դուրս էին մնացել պաշտոնական հաշվարկներից: Արդյունքում` Հայաստանի անտառածածկի մակերեսը համալրվել է 22908 հա-ով: Ղազարյանի հավաստմամբ, ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի, և այս անգամ նպատակաուղղված կլինի անտառի որակի գնահատմանը: «Մենք կատարել ենք նաև Անտառային օրենսգրքի դիտարկում և այնտեղ հայտնաբերել ենք որոշ անհամապատասխանություն Հողի օրենսգրքին: Հուսով եմ, որ մեր գնահատականը հաշվի կառնվի», - ասել է նա: Նշենք, որ ԱՄՆ մասնագետների հետազոտությունների համաձայն, մինչև 2020 թվականը Հայաստանը կարող է մնալ առանց անտառածածկի, ինչը կարող է հանգեցնել ջրային պաշարների նվազման և սողանքային գործընթացների ակտիվացման: Էկոլոգների կրածիքով, անտառազանգվածների կրճատման պատճառը վերջին տարիների ապօրինի անտառահատումն է:
Դեկտեմբեր 15, 2011 at 15:37
