Անտառները պահպանվել են միայն թղթի վրա

Անտառները պահպանվել են միայն թղթի վրա

Սամվել Ավագյան, News.am

Որքա՞ն անտառ է մնացել Հայաստանում: Այդ հարցը, զարմանալիորեն, չունի պատասխան: Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռուբեն Պետրոսյանի` վերջին անգամ պաշտոնական վիճակագրություն հրապարակվել է 1993 թ. ու այդ ժամանակ ունեինք 334 հազ. հա: Դրանից հետո որեւէ վիճակագրական պաշտոնական տվյալ չի հրապարակվել: Տպավորությունն այնպիսին է, որ նույն «Հայանտառը», որին պետական բյուջեից տարեկան 700 մլն դրամ են հատկացնում անտառները պահպանելու համար, ու որը 5 տարին մեկ պետք է նման վիճակագրություն հրապարակի, այնքան էլ շահագրգռված չէ դրանում:

Սակայն վերջերս Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) հեռահար զոնդավորման եղանակով իրականացրել է հետազոտություն, ըստ որի` Հայաստանն ունի 332 հազ. 333 հա անտառ:

Ստացվում է` Հայաստանում վերջին 18 տարում հատվել է ընդամենը 1.7 հազ. հա անտառ, որն իհարկե իրականության հետ կապ չունի: Անտառ է համարվել առնվազն 0.3 հա ծառածածկ տարածքը (ոչ գյուղատնտեսական):

Այլ խնդիր է անտառի որակը: Հեռահար զոնդավորումը դա չի բացահայտում: Անտառհատումների արդյունքում, ըստ Ռ. Պետրոսյանի, տեղի է ունենում անտառի կազմի փոփոխություն` կաղնուն ու հաճարենուն փոխարինում է բոխին: Բնականաբար` առկա է նաեւ անտառի նոսրացում:

Կա պաշտոնական վիճակագրություն, թե որքան ծառ է ապօրինի հատվում: Ըստ այդմ` 2011 թ. ապօրինի հատվել է 3216 հատ ծառ, որից 2488-ը` «Հայանտառի» տարածքներում, 656-ը` բնության հատուկ պահպանվող տարածքներում, 752-ը` համայնքային հողերում: Թե որքանո՞վ է այս վիճակագրությունը հավաստի` ցույց է տալիս հետեւյալ համեմատությունը. յուրաքանչյուր 100 հա-ին բաժին է ընկնում միայն մեկ ապօրինի հատված ծառ: Հայաստանում յուրաքանչյուր հասուն մարդ կարող է հաստատել, որ իրականում ծառահատումներն ավելի լայնամասշտաբ բնույթ են կրում: Սա ցույց է տալիս, որ անտառների պահպանման ու վերահսկողության խնդիրը հեռու է բավարար լինելուց: Սա այն դեպքում, որ ստեղծվել է անտառային մոնիտորինգի կենտրոն, որին պետական բյուջեից 54 մլն դրամ են հատկացնում` իբր ապօրինի հատումները բացահայտելու, բնափայտի տեղափոխումն ու այլ բացասական գործողությունները կանխարգելելու համար: Կենտրոնը գործում է 2005 թվականից, ու արդյունքն այն է, որ արդյունք չկա: Երբ այս կենտրոնի տնօրեն Արթուր Ալավերդյանին հարցրինք` տեղյակ է արդյոք արդյունաբերական նպատակներով կիրառվող անտառհատումների մասին, ասաց, որ դեռ նոր են ուսումնասիրում: Իսկ լրագրողները վաղուց են հայտնաբերել, որ Հայաստանում անտառ են հատում մանրահատակի արտադրության նպատակով:

Մի առիթով «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը հայտարարել է, որ կարեւորը ոչ թե անտառհատումներն են, այլ անտառտնկումները: Լիովին համաձայն ենք: Բայց պարզվում է` բյուջեն անտառ տնկելու փող չի տալիս, ու ըստ «Հայանտառի» փոխտնօրենի` անտառտնկումներն իրականացնում են իրենց եկամուտների հաշվին: Արդյունքում` 2011 թ. տնկվել է 28 հա անտառ. 2009-ի 400 հա-ի համեմատ: Նման վիճակագրությունները խորհելու առիթ են տալիս: Իսկ միգուցե տարաբնույթ մոնիտորինգների ու անտառտնտեսությունների փոխարեն խնայված գումարները ուղղենք անտառների տնկմանը` թեկուզ շուկայական պայմաններով ինչ-որ պատվերներ հատկացվեն: Մոտ 800 մլն դրամի մասին է խոսքը, այդ փողով կարելի է ամեն տարի 1000 հա անտառ տնկել:

Մի խոսքով` ժամանակն է անտառին վերադարձնելու խլված բարիքները, այլապես հետո շատ ուշ կլինի:

Յուրաքանչյուր ընտանիքի` 8 խմ թափուկ

Yerkir.am

Դեռեւս 2011թ. նոյեմբերին, կառավարության որոշմամբ, անտառամերձ գյուղերի բնակիչներին թափուկ անտառանյութը տրամադրվել է անվճար: Նախկինում թափուկները հատկացվում էին 1 խոր. մետրը 1200 դրամով։

 «Մինչ օրս անտառամերձ համայնքների բնակիչներին տրամադրվել է 12,5 հազար խմ թափուկ վառելափայտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

 Yerkir.am-ի հարցին, թե՞ «Հայանտառ»-ն ունի՞ տվյալներ` քանի ընտանիք է օգտվել կառավարության որոշումից, Պետրոսյանը դժվարացավ պատասխանել: «Ըստ այդ որոշման՝ յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ մինչև 8 խմ փայտ: Մենք հետեւում ենք, որպեսզի այս գործընթացը չվերածվի բիզնեսի: Նախատեսված է, որ մեկ ազգանունով կարող են տարվա մեջ մեկ անգամ ստանալ թափուկ փայտանյութ: Կարծում եմ` մինչեւ տարեվերջ այդ թիվը կունենանք»,- ասաց նա:

Գազից հրաժարվում ենք, անցնում վառելափայտի

Yerkir.am

Որքան էլ երկրի իշխանությունները բարձրաձայնեն, որ, 2007 թվականի համեմատ, Հայաստանում գազի բաժանորդների թիվը մոտ 200 հազարով ավելացել է, միեւնույն է, 2011-ին,  2010-ի հետ համեմատած, զգալիորեն կրճատվել են գազի սպառման ծավալները:

 Yerkir.am-ը գրել էր, որ հատկապես գյուղական բնակավայրերի շատ բնակիչներ այս ձմեռ իրենց գազի վառարանները փոխարինել էին փայտի վառարաններով: Գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգ կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացանք, որ  2011-ի ընթացքում իրացվել է 30747,7 խմ փայտանյութ, այդ թվում` 2449,2 խմ շինափայտ, 28298,5 խմ վառելափայտ: Իրացվել է նաեւ 11815.2 խմ թափուկ փայտանյութ, որից շինափայտը կազմել է 30,5 խմ:

Հարցին, թե որքա՞ն է բնակիչների սեփական այգիներից հատված փայտանյութը, որը նրանք օգտագործում են որպես վառելափայտ, ՊՈԱԿ-ից պատասխանեցին, որ այդ կապակցությամբ իրենք այս տարի կանցկացնեն սոցհարցում, որից էլ պարզ կդառնա, թե որքան են սեփական այգիներից տարեկան գոյացող փայտանյութի ծավալները: Նշենք, որ, որոշ կարծիքների համաձայն, այդ փայտանյութի ծավալը գրեթե 2-3 անգամ գերազանցում է պետական անտառներից հատված վառելափայտի ծավալները:

 «Հայանտառ»-ի գլխավոր անտառապետն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ երբ իրենք վառելափայտի իրացման պաշտոնական տվյալներ են ներկայացնում, այնուհետեւ որոշ մարդիկ ուսումնասիրություններ են անում եւ նշում, թե իրենց թվերը սխալ են: «Հետո պարզվում է, որ նրանք բնակավայրերի տնտեսությունների թվով են իրականացնում իրենց հաշվարկները, բայց թող ձմռան սեզոնին գնան որեւէ հեռավոր գյուղ եւ հաշվեն, թե քանի ծխնելույզից է ծուխ դուրս գալիս»,- նշեց նա:

Մարտ 14, 2012 at 16:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր