

ԷկոԼուր
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում անտառը տրանսֆորմացիայի են ենթարկում: Տասնյակ տարիներ առաջ տնկված միատարր սոճուտները, որոնք արդեն քայքայված վիճակում են, ներկայումս փոխարինվում են այլ լայնատերև տեսակներով՝ դարձնելով ծառուտները ավելի կայուն կլիմայի փոփոխության նկատմամբ: Աշխատանքներն իրականացվում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը: Ծրագրի դաշտային գործողություններն իրականացնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը:
Ծրագրի համակարգող Սիրանուշ Գալստյանը ԷկոԼուրի հետ զրույցում ընդգծեց, որ ծրագրի նախապայմանը տեղում աճեցված և տեղանքին հարմարված տնկանյութի օգտագործումն էր: Ընդհանուր ծրագրի պիլոտային տարածքները կազմում են 150 հա, որից 78-ը գտնվում է Նոյեմբերյանի անտառտնտեսությունում, իսկ մնացած 72-ը՝ Գուգարքի անտառտնտեսությունում: Ծրագիրը տրամադրում է օգուտներ հարակից համայնքներին. նրանք ընդգրկվում են դաշտային աշխատանքներում, իսկ տարիներ անց իրենց համայնքին կից ունենալու են ավելի բազմազան և կլիմայական փոփոխություններին ավելի հարմարված անտառ:
Նոյեմբերյանի անտառտնտեսությունում դաշտային աշխատանքներում մասնակցում են 30-50 աշխատողներ տեղի համայնքներից: Աշխատողները հայտնեցին իրենց դժգոհությունը ստացած գումարների վերաբերյալ. «Ամբողջ օրը աշխատում ենք՝ ստացածներս 40000-60000 դրամ է կազմում», - ասեցին աշխատողները: Անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը հաստատեց, որ աշխատավարձը իրոք ցածր է, սակայն նորմաները և աշխատավարձի չափերը սահմանված են պետականորեն, դրանք պարտադիր են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համար:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, Հայաստանի մասով ծրագրի բյուջեն կազմում է 427997 եվրո, ծրագրի տևողությունը 3 տարի է՝ 2011-2014թթ.:
Հուլիս 22, 2013 at 15:58















