

ԱՐՄԵՆՊՐԵՍ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսությունում շարունակվում են անտառվերականգնման աշխատանքները: Դրանք ընդգրկել են Ճոճկանում 26 հեկտար, Թումանյանում` 17, Սանահինում` 12, Շամլուղում` 5 հա: Միաժամանակ իրականացվել են նաեւ խնամքի աշխատանքներ` Թումանյանում` 54 հա, Ճոճկանում` 52, Սանահինում` 26, Շամլուղում` 10, Շնողում`10: Զուգահեռաաբար Ախքյորփիի, Ճոճկանի, Շամլուղի, Սանահինի, Շնողի եւ Ծաղկաշատի անտառպետություններում կատարվել է 4500 խմ պլանային հատում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Թումանյանի անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանը, դեռեւս 2008թ-ին ստեղծված տնկարանում աճեցվող տնկանյութն օգտագործվում է այլ տարածքների անտառվերականգնման գործընթացում: Վերջին ժամանակներում այստեղ անհատ քաղաքացիների կողմից ապօրինի հատվել է 215 ծառ: Համայնքներին կից տարածքներում ապօրինի ծառահատումները կտրուկ նվազել են` համայնքներ բնական գազի մուտք գործելու հետ կապված: Իսկ Շնողի 30 հա-ի վրա, որը կառավարության որոշմամբ հանձնվել է Թեղուտի հանքավայրին, արդեն իրականացվել է անտառահատում: Այստեղ անցյալում աճել են հիմնականում թփուտներ եւ ցածրարժեք ծառատեսակներ` բոխի, խեժի: Այդ փայտանյութի իրացումից ստացված գումարն օգտագործվելու է նախատեսված 135 հա տարածության վրա անտառվերականգնում իրականացնելու համար:
Նոյեմբեր 26, 2009
