

ԷկոԼուր
Հալիձոր և Տաթև գյուղերը տեղակայված են Տաթևի հայտնի զբոսաշրջանային ճոպանուղու երկայնքով: Հալիձորը՝ ճոպանուղու ներքևի կայանն է, Տաթևը՝ վերևի: Գյուղերը միացնում է ամենամեծ ճոպանուղին, որը տանում է դեպի Տաթևի վանք: Զբոսաշրջիկներն այստեղ շատ են, բայց գյուղերը այդ արտոնություններից գրեթե չեն օգտվում: «Սեզոնին աշխատում են ընդամենը 15 հոգի՝ ռեստորաններում: Եվս մի քանի հոգի վարձով սենյակներ են տալիս զբոսաշրջիկներին` գիշերելու համար, բայց հյուրանոցային բիզնես որպես այդպիսին չկա: Զբոսաշրջիկները մեզ մոտ երկար չեն մնում», - ասում է Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանը ENPI EAST FLEG 2 ծրագրի աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ:
Տաթև գյուղում ևս տուրիզմը զարգացած չէ: Մի քանի հոգի Տաթևի վանքի մոտ վաճառում են մասուր, մրգեր, հատապտուղներ: Կենդանություն կա միայն վանքի տարածքում: Ոչ մի հատուկ ծրագիր չկա: Կարելի է հիանալ Տաթևի համալիրի սքանչելի տեսքով վերևից՝ ճանապարհից: Բայց ճանապարհն անբարեկարգ վիճակում է: Այդ հաճույքը հասանելի է միայն նրանց համար, ովքեր կարողանում են երկար քայլել և գիտեն` ուր գնալ:
Գյուղում բնակիչները հիմնականում խոսում են խնդիրների մասին, սակայն գրեթե ոչ ոք չի խոսում այդ խնդիրների լուծման մասին:
«Այս տարի մեզ մոտ երաշտ է, շատ վատ վիճակ է, չենք կարողանում կերակրել անասուններին, խոտ չկա: Ձմռանը ստիպված ենք լինելու անասուններին մորթել...Ջուր չկա, փայտ չկա: Անտառը մեզանից հեռացավ, մենք չենք կարողանա հավաքել թափուկ, ով մոտ է, նա կարող է հավաքել...Մեր գյուղը (Հալիձոր) ունի 109 տնտեսություն, և բոլորը ջեռուցում են փայտով, ջուրը տաքացնում ենք հոսանքով... Հյուրանոցներ չենք կառուցում, չենք կարծում, որ շահավետ կլինի: Հարկավոր է շատ ծախսեր անել, իսկ կգան զբոսաշրջիկներ, թե` ոչ, հարց է: Ժամանակները փոխվել են: Մեկ տարվա ընթացքում ավելի շատ փոփոխություններ են լինում, քան նախկինում 10 տարվա ընթացքում: Մարդկանց մոտ այլևս չկա ոգևորություն, օրինակ, որպեսզի հենց այնպես անտառ տնկեն համայնքի համար: Ուժերը չեն հերիքում, երիտասարդները գնում են»:
Տաթև գյուղն ունի 212 տնտեսություն: «...Մենք շատ լավ զգում ենք, ինչպես է մեզ վրա ազդում կլիմայի փոփոխությունը: Ջրի հետ արդեն շատ խնդիրներ կան: Բայց մենք կարծում ենք, որ կարելի է ինչ-որ բան անել: Մեր դպրոցականները շատ ակտիվ են. դպրոցը կանաչապատեցին, ջուրը դույլերով էին կրում, տնկիրներ էլ կտնկեն: Միայն թե մենք տնկիներ չունենք և փող էլ դրա համար չունենք: Հայթհայթենք, կտնկենք...»:
Հարցին՝ ինչու չի զարգանում տուրիզմը, մենք ստացանք տարբեր պատասխաններ: Բայց հիմնական եզրակացությունն այն է, որ փող ներդնելը շահավետ չէ: Տաթևի ճոպանուղին չի բերում ակնկալվող եկամուտը: Տուրիզմի զարգացման համար պետք են խոշոր ներդրումներ, իսկ ո՞վ է դրանք անելու: Միակ հույսը՝ «Տաթև» ազգային պարկի ստեղծման ծրագիրն է, որի մեջ նախատեսված են նաև բաղադրիչներ համայնքներին աջակցելու համար: Իսկ մինչ ծրագիրը կմտնի իրականացման փուլ, գյուղերը մնալու են սպասելով, թե ով և ինչպես կօգնի իրենց:
![]() |
|
|
|
![]() |
|
|
![]() |
![]() |
|
Հալիձոր գյուղ
![]() |
|
|
|
|
| |
Սեպտեմբեր 04, 2015 at 11:48





