Գյուղերում զանգվածային արտագաղթի պատճառներից մեկը չհիմնավորված վարկերն են

Գյուղերում զանգվածային արտագաղթի պատճառներից մեկը չհիմնավորված վարկերն են

ԷկոԼուր

ՀՀ Լոռու մարզի երեք գյուղեր՝ Օձունը, Եղեգնուտը և Գարգառը նշեցին հիմնական խնդիրները, որոնց հետ բախվել են Հայաստանի ֆերմերները` առաջինը` չհիմնավորված հարկերն ու վարկերն են, երկրորդը` գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության բացակայությունը, և երրորդը` գյուղատնտեսական մթերքների գների կտրուկ անկումը:  ENPI EAST FLEG 2 ծրագրի աշխատանքային խումբը հանդիպեց վերոնշյալ գյուղերի բնակիչների հետ և փորձեց պարզել՝ որ խնդիրներն է հարկավոր լուծել` անտառը պահպանելու համար և միաժամանակ թույլ չտալու մարդկանց կենսամակարդակի անկում, ովքեր օգտվում են անտառից և նրա բարիքներից: Հանդիպման մասնակիցները միանգամից սկսեցին խոսել խնդիրների մասին:

«Մենք ցանկանում էինք ստեղծել կոոպերատիվներ` մեր գոյությունը պահելու համար, բայց չստացվեց: Միանգամից սկսեցին հարկեր պահանջել: Դեռ ոչ ոք ոչ մի շահույթ չէր ստացել, միանգամից տուգանեցին, և մենք փակեցինք կոոպերատիվները: Ո՞ւմ է պետք այդ գլխացավանքը, ոչ ոք չցանկացավ գործ ունենալ», - պատմեցին Օձունի բնակիչները: Մյուս բնակիչները հավելեցին. «Բա վարկերը...Մենք բոլորս վարկերի տակ ենք: Չգիտենք՝ ինչպես ազատվել դրանցից: Նախկինում մեզ մոտ գալիս էին բանկերը, իսկ հիմա ինչ-որ տարօրինակ ֆինանսական կազմակերպություններ, որոնք տրամադրում են առանց գրավի վարկեր՝ երրորդ անձանց երաշխավորմամբ: Եթե մարդիկ չեն կարողանում փակել վարկը, նրանք պարզապես հեռանում են գյուղից և թողնում են պարտքերը իրենց երաշխավորների վրա: Այս գործարքի մեջ մտնում են ոչ միայն հենց վարկ ստացողները, այլ նաև նրանց ազգականները, հարևանները, ընկերները...Դա սարսափելի գործընթաց է գյուղի համար, որտեղ բոլորը հարաբերություններով կապված են միմյանց հետ: Եվ սա զանգվածային արտագաղթի պատճառներից մեկն է: Վարկը տրամադրում են 25 տոկոսով, չնայած որ գրված է 10-11 տոկոս: Երբ սկսում են պարզել՝ ինչի համար և որքան է պետք վճարել, ռեալ ստացվում է 25 տոկոս: Ոչ ոք չի դիմանում սրան...»:

Գների մասին: Ֆերմերները կարծում են, որ կաթնամթերքի գներն ընկել են, որովհետև արտադրողները ներմուծում են էժանագին կաթի փոշի, և բնական կաթի համար սահմանել են նման էժան գներ: «Ստացվում է, որ խանութներում վաճառում են չգիտես ինչից ստացված փոշի, իսկ մեր կաթը ոչ ոքի պետք չէ...Եվ ոչ ոք դա չի կանգնեցնի»:

Բնակիչների կանխատեսումները տխուր են: «Հենց գա ձմեռը, և պետք լինի խոտ գնել, կսկսեն զանգվածաբար մորթել անասուններին», - կարծում են նրանք:

Գյուղն ինքնուրույն չի կարող լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները: Հարկավոր են որոշումներ, որպեսզի ֆերմերների համար վարկերը տրամադրվեն նորմալ տոկոսներով, այլ ոչ թե այն տոկոսներով, որը պահանջում են հիմա: Գյուղատնտեսական ոլորտի ապահովագրման համար հարկավոր են մեխանիզմներ: Մեր շուկան մենաշնորհային է, և գները արտադրողի համար շահավետ չեն: Հարկավոր է հստակեցնել սահմանը, որից այն կողմ չի կարելի իջեցնել հիմնական գյուղատնտեսական մթերքների գնման գները՝ կաթ, հացահատիկ: Եվ հարկավոր է կանգնեցնել էժանագին կաթի փոշու չվերահսկվող ներմուծումը: Սա է համայնքների կարծիքը:

Գարգառ գյուղ

 
 

Եղեգնուտ գյուղ

 
 
 
 

Սեպտեմբեր 07, 2015 at 12:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր