

ԷկոԼուր
Վերջին 10 տարիների ընթացքում անտառի ոլորտում ուսումնասիրությունները բավականին քիչ են, եղած թվերն էլ հակասական են՝ սկսած անտառի ծածկույթից: Մինչ օրս պաշտոնապես ասվում է 1991 թվականի թիվը՝ 11.2 տոկոս անտառածածկ տարածք: Պաշտոնական որոշ փաստաթղթերում այդ թիվը նշված է 8 տոկոս է, բայց մեր թվերով և տվյալներով անտառածածկ տարածքները Հայաստանում դարձել են 5-6 տոկոս: Այս մասին ասաց «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը սույն թվականի սեպտեմբերի 30-ին` «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա կարծիքով՝ անտառային տարածքների նվազումը պայմանավորված է հանքարդյունաբերության զարգացմամբ և սոցիալական խնդիրներով: Որպես օրինակ, Ն. Վարդանյանը բերեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը:
«Կա կառավարության որոշում, ըստ որի` ինչքան հատվում է անտառ, կրկնակի անգամ պետք է տնկվի այդ կամ մերձակա տարածքներում: Նախատեսված էր, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից պետք է հատվեր 357 հեկտար անտառ և պետք է տնկվեր 714 հեկտար անտառ: Իրենք հաշվետվություն են ներկայացրել, որ 69 հեկտար արդեն տնկվել է: Մեզ բախտ վիճակվեց տեսնել այդ տարածքները: Շնող գյուղում նախկինում տնկված ինչ-որ ճյուղեր էր երևում, նույնիսկ դրանք տնկիներ չէին, մի մասն էլ այրված էր: 17 հեկտարի վրա 17 ծառ չէիր գտնի, ընդհանրապես ոչինչ չկար այդտեղ: Մենք եղել ենք նաև Օձուն գյուղում: Գյուղացիներին հարցրեցինք՝ ինչ ծրագիր է անում «Թեղուտ» ՓԲԸ-ն: Ասացին, որ սարի գլխին, ամենաբարձր մասում, որտեղ ընդհանրապես անտառ չկա, տնկել են կաղնու սերմեր, և ընդհանրապես խնամք չի արվում: Ես չգիտեմ՝ ում մտքով է անցել, որ Օձունում առանց ջրելու կարելի է սերմով անտառ վերականգնել, նույնիսկ տնկարաններում դա հնարավոր չէ անել: Փաստորեն այդ տարածքներում ընդհանրապես ոչինչ չի արվել», - ասաց Նազելի Վարդանյանը:
Ինչ վերաբերվում է հաջորդ պատճառին, Ն. Վարդանյանը նշեց, որ, այցելելով Հայաստանի գյուղերը, հատկապես սահմանամերձ, թվում է՝ մի ուրիշ աշխարհ և դարաշրջան ես ընկել: Ծանր սոցիալական պայմանների պատճառով մարդիկ չեն օգտվում գազից և էլեկտրաէներգիայից և հիմնականում օգտագործում են փայտանյութ: «Այսպիսով ամբողջ բեռը ընկնում է անտառի վրա: Բոլոր գյուղերում անխտիր օգտագործվում է վառելափայտ, մեկ ընտանիքը տարեկան օգտագործում է 15-20 խմ վառելափայտ: Եթե այդ հաշվարկով նայենք, ոչ թե 40.000 խմ է հատվում Հայաստանում, այն, ինչ որ թույլատրվում է, այլ 10 անգամ ավելին», - նշեց Նազելի Վարդանյանը:
Կառավարության որոշմամբ յուրաքանչյուր անտառամերձ բնակչի տրվում է 8 խմ անվճար թափուկ, բայց բոլոր գյուղերում բնակիչները նշում են, որ այդ թափուկը չկա, որովհետև անտառի ներքևի փեշը բարձրացել է, և այդ տարածքները հեռացել են: Ճանապարհ չլինելու, հեռու լինելու կամ ընդհանրապես թափուկ չլինելու պատճառով գյուղացին այդ 8 խմ-ն էլ չի ստանում, հայտնեց «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տնօրենը:
Օրեր առաջ «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը տեսանյութ էր տարածել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածքում իրականացված ապօրինի հատումների վերաբերյալ: «Մեր գործողությունների նպատակը կայանում է նրանում, որպեսզի պետական լիազոր բոլոր մարմինները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն և մտածեն՝ ինչպես կարելի է այս հարցին լուծում տալ: Այդ իսկ պատճառով մեր բոլոր նկարահանումներում մենք աշխատում ենք ոչ մի մարդու ցույց չտալ, ով անտառհատում է կատարում, որովհետև մենք նաև հասկանում ենք այդ մարդկանց ծանր սոցիալական վիճակում գտնվելու հանգամանքը: Բայց մյուս կողմից մենք լավ հասկանում ենք, որ դա կազմակերպված բնույթ կրող գործունեություն է, որը իրականացվում է շատ բարձր հովանավորության ներքո», - ասաց ՀԲՃ-ի անդամ Լևոն Գալստյանը:
Նա նշեց, որ Սյունիքի մարզում իրավիճակը ավելի բարվոք է, քան հյուսիս-արևելյան շրջաններում, բայց վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի վտանգավոր զարգացումներ են տեղի ունեցել՝ ամենայն հավանականությամբ այդ տարածքում էլ ինչ-որ կազմակերպված գործունեություն է ցանկանում սկսվել անտառի անօրինական օգտագործման ուղղությամբ: «Երբ մենք այցելեցինք տարածք, մեզ համար ակնհայտ էր որ հատվածներում ով է զբաղվում անտառհատումներով՝ օրինական և անօրինական: Կային որոշակի հատվածներ, որտեղ հստակ երևում էր, թե ոնց են ճանապարհները տանում դեպի անտառի խորքերը, որտեղից կատարվում են անտառհատումները: Մենք երեք կետում ենք եղել, մոտավորապես 15-20 րոպեում հայտնաբերել ենք 70 հատ ապօրինի հատված ծառ: Այդ տարածքները գտնվում են Շիկահողի արգելոցի հարակից տարածքներում: Որքան մենք հասկացանք, նաև արդեն որոշակի զարգացումների դեպքում Զանգեզուր կենսոլորտային համալիրը նույնպես կարող է ընկնել վտանգի տակ, անտառհատումները կարող են տեղափոխվել նաև այդ տարածքներ», - մտավախություն հայտնեց Լևոն Գալստյանը:
Գալստյանի հայտարարության վերաբերյալ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Գարիկ Միրզոյանը ասաց. «Անհասկանալի է ինձ համար, երբ պարոն Գալստյանը ասում է, որ բարձր մակարդակով հովանավորվում են ապօրինի ծառահատումները: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չկա նման բան և չի էլ կարող լինել: Ինչ վերաբերվում է կոնկրետ այդ դեպքի հետ կապված՝ ահազանգ եղավ մեզ, մեր աշխատակիցները եղան տեղում: Հաշվառվել է, արձանագրվել է, փաստաթղթերը ուղարկվել են ոստիկանության Կապանի բաժին, և անմիջապես իմ կողմից միջնորդագիր է ներկայացվել, որպեսզի անտառտնտեսության Ճակատենի անտառապետության անտառապետը և տվյալ պահաբաժնի անտառապահը ազատվեն աշխատանքից», - ասաց Գարիկ Միրզոյանը: Նա հայտնեց, որ արձանագրվել է ապօրինի հատված 141 ծառ և 11 ճյուղ: Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ հատումներ իրականացնողները Ագարակ և Մեղրի քաղաքի բնակիչներ են, և նրանք արդեն ցուցմունքներ են տվել ոստիկանության Կապանի բաժնում:
Գարիկ Միրզոյանը նաև ներկայացրեց 2013, 2014 և 2015 թթ-ին Կապանի անտառտնտեսությունում հայտնաբերված ապօրինի խախտումների տվյալները: Նրա խոսքով՝ 2013 թվականին գրանցվել է ապօրինի խախտման 13 դեպք, մոտ 125 հատված ծառ, 2014 թվականին՝ 152 ծառ, իսկ 2015 թվականին 3 դեպք: Առաջին երկուսի դեպքում հատվել է 2-ական ծառ, իսկ վերջինի՝ 141 ծառ և 11 ճյուղ:
Իր հերթին Լևոն Գալստյանը ներկայացրեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնական տվյալները, որոնք բնապահպանին հավատ չեն ներշնչում: «2004 թվականին, ըստ իրենց տվյալների, եղել է 32.766 ապօրինի հատում, իսկ 2014 թվականին ընդամենը 1063 ապօրինի հատում: Եթե Հայաստանում գտնվի մեկը, ով կհավատա այս թվերին և կասի, որ այս թվերը ինչ-որ ձև հիմնավորված են, ես ուղղակի չգիտեմ…Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել. եթե մենք 5 օր ժամանակ տրամադրենք 10 հոգով, մենք կարող ենք ոչ թե 1063, այլ մոտավորապես 5063 ապօրինի ծառ հայտնաբերել: Ըստ պաշտոնական տվյալների` 2004 թվականին մթերվել է 79000 խմ վառելափայտ, 2014 թվականին՝ 30.000: Այսինքն, ուզում են ասել, որ վառելափայտի օգտագործումը Հայաստանում պակասե՞լ է: Ուրեմն այստեղ երկու տարբերակ կա՝ կամ իրականում Հայաստանում ժողովուրդը շատ լավ է ապրում և վառելափայտ չի օգտագործում, կամ արտագաղթն այնքան է, որ վառելափայտ օգտագործող չկա, կամ էլ այս թվերը նույնպես իրականությանը չեն համապատասխանում», - նշեց Լևոն Գալստյանը: Նա կոչ արեց իրականությունը թաքցնելու փոխարեն գտնել ճանապարհ խնդիրները լուծելու ուղղությամբ:
«Գյուղացին գործնականորեն որևէ հնարավորություն չունի մտնել անտառ և հատում անել: Անտառի բիզնեսով, անտառհատումներով զբաղվում են այն մարդիկ, ովքեր ունեն մեծ գումարներ և իշխանություն: Նույնիսկ «Հայանտառ»-ն այստեղ անզոր է», - հավելեց Նազելի Վարդանյանը՝ նշելով, որ, ցավոք, վերջում պատասխան են տալիս անտառապահը, անտառապետը, և քանի որ հատված ծառերը ունեն բարձր արժեք, միանգամից հարուցվում է քրեական գործ:
Բնապահպան Լևոն Գալստյանի կարծիքով՝ անտառը պետք է դուրս բերել գյուղատնտեսության նախարարության կազմից և ներառել բնապահպանության նախարարության կազմի մեջ: Իսկ Նազելի Վարդանյանի կարծիքով՝ անտառը պետք է լինի առանձին կոմիտե կամ նախարարություն՝ հաշվի առնելով նրա կարևորությունը:
Հայաստանի անտառները վտանգված են
Սյուզի Լեւոնյան, Լյունսե
«Հայաստանի անտառներ» բնապահպանական կազմակերպությունը իրականցնում է «ֆլեյք 2» ծրագիրը, որի շրջանակում ՀԿ-ն անդամներն այցելել են Հայաստանի անտառամերձ 20 համայքներ և լսել բնակչության խնդիրները, առաջարակները, թե ինչպես կարելի է պահպանել անտառները: Ուսումանասիրել են, թե արդյոք «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարել է իր ստանձնած պարտավորությունները` համաձայն որի հատված անտառների չափով պետք է ծառեր տնկվեն հարակից տարածքներոււմ: «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի խոսքով` նախատեսված էր, որ Թեղուտը ՓԲԸ-ն պետք է հատեր 357 հա անտառ, փոխարենը տնկեր 714 հա: Ընկերության ներկայացրած հաշվետության մեջ նշվում է, որ 69 հա անտառ արդեն տնկվել է: Նազելի Վարդանյանն ներկայացված տվյալները ստուգելու համար այցելել է Շնող, Շամլուղ և Օձուն գյուղեր:
Բնապահպաններ. Անտառահատումները Հայաստանում կազմակերպված բնույթ են կրում բիզնես կառույցների կողմից
Արմինե Գեւորգյան, Ռադիոլուր
Բնապահպանները ահազանգում են, որ Հայաստանի տարբեր մարզերում ապօրինի անտառահումները շարունակվում են: Պաշտոնական տվյալների համաձայն`անտառները կազմում են Հայաստանի տարածքի 11,2%- ը, սակայն սրանք 1991թ-ի տվյալներ են: «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ նախագահ Նազելի Վարդանյանն ասում է, որ այսօր այն կազմում է 5-6%, քանի որ վերջին տարիներին ապօրինի անտառահատումներն ավելի հաճախ են իրականացվում: «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանն էլ նշում է,որ անտառահատումները իրականացվում են կազմակերպված ու ամենաբարձր մակարդակով, այլ ոչ թե գյուղացիների կողմից:
«Հայաստանի անտառներ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը 20 անտառամերձ համայքներում իրականացրել է ուսումնասիրություն և պարզել, որ անտառահատումների հիմնական պատճառները բնակչության սոցիալական վիճակն է և հանքարդյունաբերությաւն զարգացումը:
Նազելի Վարդանյանը նկատում է, որ մի կողմից հանքարդյունաբերությունը գերշահույթներ է ստանում, բայց մյուս կողմից էլ անտառապահպանման աշխատանք չի իրականացվում: Վերջինս անդրադառնում է «ԹԵՂՈՒՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին՝ հիշեցնելով, որ կառավարության որոշման համաձայն՝ ընկերությունը որքան տարածք հատում է, կրկնակի տարածքում պետք է ծառատունկ իրականացնի:
Ըստ ծրագրի՝ 357 հա անտառհատումների դիմաց պետք է 714 հա անառատարածք ստղեծվեր, բայց ուսումնասիրություններ ցույց են տվել որ ընկերությունը, մեղմ ասած, որևէ քայլ չի ձեռնարկել:
«Շնող գյուղում ընդամենը մի քանի ճյուղեր է եղել, տարածքի մի մասն էլ այրված է եղել, այսինքն` 17 հա տարածք վերականգնելու տեղը 17 ծառ չէիք տեսնի: Օձուն գյուղում` սարի գլխի ամենաբարձր մասում, տնկվել էին կաղնու սերմեր, այն դեպքում, երբ այդ տարածքում բացարձակ ջուր չկա, իսկ Օձունում առանց ջրելու կաղնու սերմերով չեն կարող անտառ վերականգնել»,- ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ նախագահը՝ պատմելով կազմակերպության՝ Լոռու մարզի մի շարք համայնքներ այցի մասին։
Նկատենք, որ կառավարության որոշմամբ` անտառամերձ տարածքներում բնակվող բնակիչներին տրվում է 8 մ խորանարդ թափուկ, սակայն գյուղացիներին ասել են, որ այդ թափուկները չեն կարողանում հավաքել, քանի որ ճանապարհ չկա, հետևաբար նրանք փայտը գնում են շատ թանկ գնով:
Նազելի Վարդանյանը համոզված է, որ ապօրինի անտառահատումներն իրականացնում են ոչ թե գյուղացիները, այլ կազմակերպված ձևով, այսինքն՝ նրանք, ովքեր զբաղվում են այդ բիզնեսով:
Բնապահպանի հետ համակարծիք է «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը, ով նշում է, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստացել բնակիչներից, որ Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում կատարվում են ապօրինի անտառահատումներ:
Բացի դա՝ բնապահպանները մոնիտորիգ են իրականացրել ու պարզել են, որ սարսափելի իրավիճակում են գտնվում հատկապես Լոռու և Տավուշի մարզերի անտառային տարածքները: Լևոն Գալստյանը ավելի քան համոզված է, որ ապօրինի անտառահատումներն իրականացվում են ամենաբարձր մակարդակով ու այստեղ անզոր են անգամ անտառապետն ու անտառապահը:
Լևոն Գալստյանին, սակայն, հակադարձում է Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Գարիկ Միրզոյանը, ով նշում է, որ որևէ կազմակերպված անտառհատում չի իրականացվում:
2015 թ․-ի սեպտեմբերի 20-ին «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության իրականացրել էր շրջայց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածքում և հայտանաբերել, որ այնտեղ իրականացվել են կազմակերպված ապօրինի անտառահատումներ։ Շիկահողի արգելոցին հարակից երկու տեղամասերում կատարած կարճատև տեղազննումների արդյունքում հայտնաբերել են տարբեր տեսակի և տարիքի թարմ հատված մոտ 70 ծառի կոճղեր, տեղափոխման համար նախապատրաստված փայտանյութի բազում կույտեր, անտառահատման գործիքներ և անտառանյութով բեռնված առանց պետհամարանիշերի բեռնատարներ։
Այս դեպքին անդրադառնալով՝ ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Գարիկ Միրզոյանը նշեց,որ իր կողմից միջնորդագիր է ներկայացվել, և Ճակատենի անտառապետության անտառապետը և տվյալ պահաբաժնի անտառապահը ազատվել են աշխատանքից ու հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբեր 01, 2015 at 12:20
