

ԷկոԼուր
ՀՀ Տավուշի մարզում գտնվող «Դիլիջան» ազգային պարկի հարակից համայնքները չեն համակերպվում անտառը հատելու արգելքի հետ: Դեպի անտառ ճանապարհը ավելի ցանկալի է դառնում հատկապես ձմռան նախաշեմին: Ի տարբերություն այլ անտառամերձ համայնքների, ազգային պարկի հարակից համայնքները հնարավորություն չունեն օգտվել 8 խմ անվճար թափուկից, ինչն իրենք՝ բնակիչները, համարում են անարդար: Եթե հաշվի առնենք, որ որեւէ այլընտրանքային վառելիք բնակչությանը չի տրամադրվում, ապա այստեղ էլ սկսվում է «ազգային պարկ» և «մարդ» կոնֆլիկտը:
ENPI EAST FLEG 2 ծրագրի փորձագիտական խումբը այցելեց «Դիլիջան» ազգային պարկի հարակից Հաղարծին և Գոշ համայնքներ՝ բնակիչների հետ հանդիպելու և նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Հաղարծին. «Գյուղը սովի է մատնված»
4000-ից ավել բնակչություն ունեցող Հաղարծին գյուղում ոչ անասնապահությունը, ոչ գյուղատնտեսությունը զարգացած չեն: Հիմնական պատճառները կապված են ոռոգման համակարգի և մթերքի իրացման շուկայի բացակայության հետ: Համայնքների արոտավայրերը սակավ են և դեգրադացված: Չնայած նրան, որ այստեղ է գտնվում հայտնի Հաղարծինի վանքային համալիրը, զբոսաշրջությունը նույնպես զարգացած չէ: Ապրուստի հիմնական միջոցը, ինչպես բնակիչներն են ասում, Ռուսաստանից ուղարկվող գումարներն են: Սակայն ռուսական ռուբլու փոխարժեքի անկման պատճառով բնակիչներն այդ եկամտից էլ զրկվեցին: Հաղարծինի բնակչուհու խոսքով՝ գյուղը սովի է մատնված, բոլորը վարկերի տակ են, իսկ ելք ու ճար չկա: Ձմռան մոտենալուն պես սովին գումարվում է նաև ցուրտը:
«Մեկ ընտանիքին սեզոնին անհրաժեշտ է 10 խմ-ից ավելի փայտանյութ: Մենք, իհարկե, կուզենայինք ստանալ անվճար թափուկը, բայց մեզ չեն տալիս: Գազից բնակիչները քիչ ենք օգտվում, որովհետև վճարունակ չեն», - ասաց Հաղարծինի դպրոցի տնօրենը:
«Եթե ուզում ենք անտառից օգտվենք՝ վճարում ենք: Ժամանակ են տալիս` թափված ծառերը, ճյուղերը հավաքելու համար: Մի 10 կմ տարածք պետք է ոտքով քայլես անտառի մեջ, որ կարողանաս մի բան հավաքել: Եթե դու քո միջոցներով ես բերում՝ 2 խմ-ն 10.000 դրամ արժի, եթե առնում ես՝ 30.000 դրամ», - ասաց Հաղարծինի բնակիչը:
Դեռևս անցյալ տարի բնակիչները փակել էին Հաղարծին համայնքով անցնող միջպետական ճանապարհը, քանի որ ազգային պարկի նոր տնօրինությունն արգելել էր անտառից վառելափայտ դուրս բերել: «Անցյալ տարի փայտի համար բունտ էր, չէին թողնում վաճառեն, ոստիկանությունը եկավ, բոլորին հավաքեց, տարավ»,- բողոքեց Հաղարծինի բնակչուհին: Տավուշի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Սամվել Գևորգյանի կարծիքով՝ խնդրի լուծման տարբերակը գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումն է:
ԳՈՇ. «Մեր գյուղի ապագան լավ չի»
Աղքատություն, գործազրկություն, արտագաղթ...Այսպիսին է 1200 բնակչություն ունեցող Գոշ գյուղի պատկերը: Այս տարի գյուղում սկսվել են գազաֆիկացման աշխատանքները, բայց, ինչպես գյուղապետն ու բնակիչներն են նշում, ոչ ոք գազով չի ջեռուցելու տները, սոցիալական պայմանները թույլ չեն տալիս: Գյուղապետ Գևորգ Ամիրխանյանի խոսքով՝ տարեկան գյուղին անհրաժեշտ է 2000-2500 խմ վառելափայտ:
«Մեր գյուղի ապագան լավ չի, անտառն արգելված է, սեփական ծառի ճյուղերն ենք կտրատում, որ ժողովուրդը իր ճաշը եփի: Անցած տարի գնացել ենք, բիլետ վերցրել, 5 խմ-ից բաց են թողել, դրանով են յոլա գնացել: Չէինք կարող անգամ դուռը բաց թողնել, որ մեկը դուրս գար, պետք է իրար հետ դուրս գայինք տնից, որ տունը տաք մնար: Էս տարի էլ բեթարա, ամառվանից մինչև օրս մեր գյուղացին չի կարողանում` անտառ մտնի», - բողոքեցին Գոշի բնակիչները:
«Այս հարցը քննարկվել է մի քանի անգամ, որպեզի մեր գյուղացիները կարողանան օգտվել 8 խմ անվճար թափուկից: Ասել են՝ չէ: Տավուշի մարզը բաժանվել է 2 մասի. մի մասը կարողանում է ազատ օգտվել էդ 8 խմ-ից, մի մասը՝ ոչ…Աբսուրդա, հարևան գյուղեր են, մեկը օգտվում է, մյուսը չի օգտվում: Մի կերպ մարզպետով, նախագահով բողոքում ենք, որ էդ 5խմ փայտը, էն էլ փողով, թույլ տան` բերենք: Հիմա էդքան թափուկ էլ չկա, - ասաց Գոշ գյուղի դպրոցի տնօրենը,- այս խնդիրը գյուղացին ունեցելա, ունի և ավելի է սրվում օրեցօր: Թանկացումները բերում են նրան, որ սոցիալական վիճակը ավելի է վատանում, և մարդիկ ձգտելու են անտառ, որպեսզի կարողանան մի կտոր փետ փախցնեն, բերեն: էդ էլ խիստ կալանքի տակ է, մի հատ բռնեցին, ահագին տուգանում են, մի խոսքով մեծ խնդիրներ են առաջանում: Ո՞նց լուծենք էս հարցը: Երեխեն լուսամուտից նայում է՝ անտառը աչքի առաջն է, ինքը տունը մրսում է…Անտառի մասին մտածելը լավ բան է, բա մարդու մասին ո՞վ պետք է մտածի: Մենք պետություն ունենք, կառավարություն ունենք, վերջիվերջո, պետք է մտածեն մարդկանց մասին: Ո՞նց ապրենք, գոյատևենք, ինչպե՞ս անենք»:
Դպրոցի տնօրենը նշեց, որ նախկինում գոնե սանիտարական հատումներ կային, իսկ հիմա դրանից էլ են զրկված. «Այսօր ես դպրոցի տնօրեն եմ, տարեցտարի նկատում եմ՝ ինչքան է հիվանդությունների քանակը ձմռանը շատանում: Երեխան ցրտից մրսում, հիվանդանում, դասի չի գալիս»:
Պաշտոնական տվյալներ
ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2012 թ-ին «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 99 ծառ, 2013 թ-ին՝ 149 ծառ, իսկ 2014 թ-ին՝ 532 ծառ: Ապօրինի հատումները շարունակվել են նաև 2015 թվականին:
Հաղարծին գյուղ
|
|
![]() |
|
|
Գոշ գյուղ
![]() |
![]() |
|
|
![]() |
|
|
|
|
|
| |
Հոկտեմբեր 02, 2015 at 16:21




