

ԷկոԼուր
ՀՀ Տավուշի մարզի Հովք գյուղի հիմնական ապրուստի միջոցն անտառն է իր փայտով և բարիքներով: Որպես անտառամերձ համայնք, Հովքի բնակիչները ստանում են տարեկան 8 խմ անվճար թափուկ: Բնակիչների խոսքով՝ սա միայն կիսով չափ է բավարարում իրենց տարեկան վառելափայտի պահանջը: «Մենք շատ ենք վառում՝ տարեկան 16-17 խմ, մեր գյուղը սարի գլխին է, մեզ մոտ ցուրտ է, տներն էլ հին տներ են, 8 խմ-ն մեզ քիչ է», - ENPI EAST FLEG 2 ծրագրի փորձագիտական խմբի հետ հանդիպման ժամանակ ասացին Հովքի բնակիչները:
432 բնակչություն ունեցող գյուղն ունի բազմաթիվ խնդիրներ: Հողագործությամբ այստեղ շատ քիչ են զբաղվում: Ժամանակին գյուղն ունեցել է ոռոգման ջրագիծ, սակայն, ինչպես նշեց Հովքի գյուղապետ Գրիգոր Գևորգյանը, մաշվածության և անտարբերության պատճառով այն այլև չկա, եղած հողատարածքներն էլ խմելու ջրով են ջրում: Անասնապահությամբ զբաղվելը հեռանկարային չէ, մթերքի իրացման շուկա չկա: Բնակիչները ստիպված են իրենց միջոցներով կաթը տանել, հասցնել Իջևանի շուկա վաճառքի համար, գյուղի ճանապարհներն էլ ամբողջովին քանդված են: Աշխատատեղերով այստեղ ապահովում են միայն գյուղապետարանն ու դպրոցը: Այս տարի գյուղը գազաֆիկացվել է, բայց բնակիչները, միևնույն է, գազ չունեն: «Գյուղում արդեն գազը քաշել են, բայց չեն միացրել. միջոցները թույլ չեն տալիս: Միացումը շատ թանկ է նստում՝ միջինը 100.000 դրամ, իսկ բնակիչներն ի վիճակի չեն վճարել», - ասաց Հովքի գյուղապետ Գրիգոր Գևորգյանն ու հավելեց. «Գյուղում մնացել են անճարները, նրանք, ովքեր չեն կարող գնալ»:
«Միջոց չկա` ապրենք, մարդիկ հատապտուղներ հավաքելով, վաճառելով են ապրում, կամ փայտի գործ են անում, անտառն է մեզ պահում», - ասաց Հովքի բնակչուհին՝ մտահոգություն հայտնելով, որ տարեցտարի իրենց օրվա հացի երաշխիքը՝ անտառը, հեռանում է գյուղից. «Առաջ գյուղի վերևը սաղ անտառ էր, բայց էլ անտառ չկա…Անտառի ներքևի փեշը բարձրացել է, տարածքը հեռացել, կտրելու բան չկա, գնում են՝ դատարկ հետ գալիս»:
Բնակիչների կենսապայմանները բարելավելու և մարդկանց անտառից հեռու պահելու համար գյուղին անհրաժեշտ է այլընտրանք: «Կցանկանայինք, որ մեզ մոտ կաթի վերամշակման կամ պահածոների գործարան բացվեր, կամ էլ չորանոցներ: Գյուղում աշխատատեղեր կլինեն, մարդիկ որ միջոցներ ունենան, կկարողանան գազից էլ օգտվեն», - ասաց Հովքի բնակիչը:
![]() |
|
|
![]() |
![]() |
![]() |
|
![]() |
|
Հոկտեմբեր 07, 2015 at 13:32





