Ջերմուկի անտառտնտեսությանը պետք է վերադարձնել իր կարգավիճակը (Լուսանկարներ)

Ջերմուկի անտառտնտեսությանը պետք է վերադարձնել իր կարգավիճակը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ջերմուկի անտառտնտեսությանը պետք է վերադարձնել իր կարգավիճակը:

Առաջարկությունն արվեց ENPI EAST FLEG 2 ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Ջերմուկի անտառտնտեսությունը ստեղծվել է 1962թ-ին, լուծարվել է 2007թ-ին: Լուծարվելուց հետո Ջերմուկի անտառտնտեսությունը միացվել է Եղեգնաձորի անտառտնտեսությանն ու վերանվանվել Վայոց ձորի անտառտնտեսություն:

Վայոց ձորի անտառտնտեսության ընդհանուր տարածքը կազմում է 15050.96 հեկտար, որից անտառածածկ է 7656,2 հեկտարը: Անտառտնտեսությունը բաղկացած է Եղեգիսի (2445 հա), Սարավանի (973 հա), Արտավանի (2364 հա), Շերհերի (3591.66 հա), Ջերմուկի (2157 հա), Կեչուտի (1814 հա) և Արենիի (1706,3 հա) անտառպետություններից:

Որպես անտառամերձ քաղաքի բնակիչներ, ջերմուկցիները ստանում են տարեկան 8 խ/մ անվճար թափուկ: Ջերմուկում վառելափայտ քիչ են օգտագործում, հիմնականում գազով են ջեռուցում տները: Համեմատաբար ավելի շատ վառելափայտ օգտագործում են Կեչուտում: Ջերմուկի բնակիչ Վարուժան Հարությունյանը, ով 34 տարի աշխատել է անտառտնտեսությունում, նշում է, որ այստեղ հատումներ չեն լինում, իսկ եթե լինում են, ապա միայն սանիտարական: Վարուժան Հարությունյանի կարծիքով՝ այստեղ մեծ հնարավորություններ կան անտառ աճեցնելու և անտառային տարածքներն ավելացնելու համար:

«Առաջին հերթին կցանկանայի, որ Ջերմուկում ստեղծվեր փշատերև ծառերի տնկարանային բազա: Եթե տնկարաններ լինեն, կաճեցնենք եղևնի, սոճի...դրա համար կան շատ մեծ հնարավորություններ, այստեղ ուրիշ տարածքների նման ջրել էլ պետք չէ», - նշեց Վարուժան Հարությունյանը:

Հանդիպմանը ներկա Ջերմուկի մյուս բնակիչներն իրենց հերթին հավելեցին, որ  անտառային տարածքների ընդլայնումը ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող այս տարածքի համար ուղղակի անհրաժեշտություն է թթվածնի քանակությունն ապահովելու համար:

Մեր կողմից հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2020թթ. ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը: Նպատակը տեղի էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունն է:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հոկտեմբեր 13, 2015 at 12:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր