«Հայանտառ»-ի աշխատակիցներն ընդդեմ ապօրինի անտառհատումներ բացահայտող քաղաքացիների

«Հայանտառ»-ի աշխատակիցներն ընդդեմ ապօրինի անտառհատումներ բացահայտող քաղաքացիների

ԷկոԼուր

Նոյեմբերի 7-ին «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի կամավորներ  Անի Խաչատրյանը, Վահրամ Պետրոսյանը և «Հետք» առցանց լրատվամիջոցի լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանն այցելել էին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսություն, որտեղ երկու անհայտ անձիք, ովքեր ներկայացել էին որպես անտառտնտեսության աշխատակիցներ, փակել էին Ծրագրի կամավորների ճանապարհը՝ թույլ չտալով նրանց առաջ շարժվել և շարունակել մոնիտորինգային աշխատանքները:

«Մենք անտառով 2-3 կմ անցել էինք և արդեն ֆիքսել էինք 45 ապօրինի հատված կոճղեր: Երբ հասանք Հովք գյուղի վերևի անտառները, մոտ 1 կմ հեռավորության վրա անտառից լսվեցին էլեկտրական սղոցի ձայներ: Մինչ այդ մենք նկատել էինք, որ մեզ մեքենայով հետևում են: Երբ շարժվեցինք դեպի սղոցի ձայնի կողմը, երկու հոգի կտրեցին մեր ճանապարհը, - ԷկոԼուրին պատմեց Անի Խաչատրյանը, - նրանցից մեկը, ով ներկայացավ Դավիթ Եգանյան անունով, ասաց, որ ինքն անտառապահն է, մեզ ասաց, որ մենք իրավունք չունենք զբոսնել անտառով: Ես ասացի, որպեսզի ներկայացնի փաստաթուղթ, նա էլ պատասխանեց, որ չունի: Նրանք մեզ թույլ չտվեցին առաջ շարժվել դեպի էլեկտրական սղոցի ձայների կողմը, և մենք զանգեցինք ոստիկանություն: Մոտ 2 ժամ հետո ոստիկանությունն եկավ: Մեզ տարան ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ մենք բացատրագիր գրեցինք: Ոստիկաններն ասացին, որ այդ երկու անձանց էլ են բերել ոստիկանություն, և նրանք նույնպես բացատրագիր են գրում, բայց ես նրանց ոստիկանության շենքում չեմ տեսել»: 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության պահպանության գծով տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանն ԷկոԼուրին ասաց, որ ինքն է հրահանգել թույլ չտալ Ծրագրի անդամներին մտնել անտառ: Հարցին՝ իրավական ինչ հիմքով է ինքն արգելում մարդկանց մուտքը անտառ, Արթուր Գաբրիելյանը չկարողացավ պատասխանել, փոխարենն ասաց. «Ում ճանաչում եմ՝ թողնում եմ, ում չեմ ճանաչում՝ չեմ թողնում»:

«Մեզ թույլ չտվեցին մտնել անտառ, որովհետև այնտեղ ապօրինի ծառահատումներ էին իրականացնում, և մենք շատ բան կարող էինք բացահայտել: Նրանք մեզ ասում էին, որ օրինական ծառահատումներ են իրականացվում, ես էլ ասացի՝ եթե օրինական են, արի միասին գնանք, տեսնենք: Ասաց՝ չէ: Իրենց ձեռք չէր տալիս, որ մենք ֆիքսենք, ինչ է կատարվում անտառում», - նշեց Անի Խաչատրյանը:

Մինչ այս դեպքը «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի կամավորներն այցելել են Լոռու մարզի Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսություններ, որտեղ հայտնաբերել են 1000-ից ավելի անօրինական հատված ծառեր:

«Եթե «Հայանտառ»-ն այդպիսի ակտիվությամբ գործունեություն ծավալեր ապօրինի հատողների և բեռնատար մեքենաների մուտքը դեպի անտառ փակելու ուղղությամբ, այլ ոչ թե քաղաքացիների, ովքեր փորձում են բացահայտել անտառում տիրող ապօրինությունները, մենք այսպիսի վիճակ չէինք ունենա», - ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի կամավոր Լևոն Գալստյանը:

Ստորև ներկայացնում ենք Անի Խաչատրյանի կողմից արված տեսանյութը, որտեղ հստակ երևում է՝ ինչպես են անհիմն կերպով խոչընդոտում քաղաքացիների շարժը դեպի անտառ:



Նոյեմբեր 10, 2015 at 15:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր