Պետբյուջեից 2016 թ. ոչ մի դրամ չի հատկացվել անտառտնկումների համար. շնորհավոր բոլորին Անտառի համաշխարհային օրվա կապակցությամբ

Պետբյուջեից 2016 թ. ոչ մի դրամ չի հատկացվել անտառտնկումների համար. շնորհավոր բոլորին Անտառի համաշխարհային օրվա կապակցությամբ

ԷկոԼուր

2016 թվականին Անտառի համաշխարհային օրը՝ մարտի 21-ը, նշվում է «Անտառը և ջուրը» կարգախոսով: Անտառները զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքի մեկ երրորդը: Անտառներից է կախված 1.6 միլիարդ մարդու բարեկեցությունը: Գլոբալ անտառհատումների արդյունքում անտառային տարածքները նվազում են սպառնացող տեմպերով. տարեկան հատվում է մոտ 13 միլիոն հեկտար անտառ: Այդ 13 միլիոն հեկտար անտառը կարող էր կլանել ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 12-20 տոկոսը, որոնք կլիմայի փոփոխության հիմնական պատճառն են:

Կլիմայի փոփոխության պայմաններում անտառների դերը ջրային ռեսուրսների հետ միասին մեծանում է: Անտառը պահպանում է ջրային ռեսուրսները: Այսպիսով, անտառային ջրհավաք ավազանները և խոնավ անտառային հանդակները տալիս են Երկրի վրա առկա քաղցրահամ ջրի 75 տոկոսը: Անտառները նաև ջրի բնական զտիչներն են: 

Ըստ պաշտոնական տվյալների, անտառապատ է Հայաստանի 11 տոկոսը: Այս թիվը չի փոխվում 1993 թվականից: Իսկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, այսինքն այն տվյալների, որոնք չի ընդունում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը,  կա մեծ տարբերություն՝ 6-9 տոկոս: Տարբերությունը բացատրվում է նրանով, որ անտառների ապօրինի հատումներն այնքան մեծածավալ են, որ դուրս են եկել վերահսկողությունից: Անտառների հաշվառում և գույքագրում չի իրականացվում: 2010 թվականի սոցիալական հարցումների համաձայն, Հայաստանում փայտանյութի տարեկան սպառումը կազմում է  709.861 խմ: Այս թիվն ավելի քան 20 անգամ գերազանցում է անտառհատումների պաշտոնական թույլատրելի քանակությունը՝ տարեկան 30.000 – 35.000 խմ: Այժմ էլ իրավիճակը չափազանց անբարենպաստ է: Անտառային հասարակական մոնիտորինգի արդյունքների համաձայն, որը մի խումբ ակտիվիստներ իրականացնում են անտառային տնտեսություններում ENPI FLEG II ծրագրի շրջանականերում, յուրաքանչյուր ստուգում ցույց է տալիս, որ առանձին վերցրած անտառային տնտեսություններում, առանձին տարածքներում, ապօրինի հատված են հարյուրավոր ծառեր: Անտառհատումների նման տեմպերը պահանջում են նոր անտառտնկումներ: Սակայն կառավարությունը 2016 թ. ոչ մի դրամ չի հատկացրել անտառտնկումների համար: Այս տարի բոլոր ծառատնկումներն իրականացվելու են միայն դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին:

Շնորհավոր բոլորին Անտառի համաշխարհային օրվա կապակցությամբ:

Մարտ 21, 2016 at 12:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր