Պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ է անում կասեցնել անտառների ոչնչացմանն ուղղված նախագծի ընդունումը

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ է անում կասեցնել անտառների ոչնչացմանն ուղղված նախագծի ընդունումը

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ է անում կասեցնել անտառների ոչնչացմանն ուղղված նոր օրինագծի ընդունումը:

«Մինչ բոլորիս մտքերը զբաղված են սահմանում տիրող լարված իրավիճակով, կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ անտառային օրենսգրքում: Նշված օրենսդրական նախաձեռնությամբ, բացի այլ «բարեփոխումներից», առկա է նաև անտառի համար նոր պոտենցիալ սպառնալիք՝ նախատեսվում է անտառները հատկացնել կառուցապատման նպատակով: Մի կողմ թողնելով գործող օրենսդրության հետ հակասությունների քննարկումը՝ այստեղ միայն նշենք, որ կառուցապատվող ցանկացած շենքի համար անհրաժեշտ են լինելու նաև ջրագծերի, կոյուղու, էլեկտրահաղորդակցության, ճանապարհների և այլ համակարգերի կառուցում, ինչից հետո խիստ կասկածելի է, որ անտառն իր տեղում կմնա: Մյուս կողմից, անտառի բարիքներից օգտվող, դրանց վաճառքից ստացված եկամտով ապրող բնակիչների համար սա ևս ունենալու է խիստ բացասական հետևանք: Նախագիծն ապրիլի 11-ից գտնվում է ԱԺ-ում: Բոլորին կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ և բոլոր հնարավոր միջոցներով կասեցնել նախագծի ընդունումը», - ֆեյսբուքյան իր էջում տարածել է պատգամավորը:

Նշենք, որ տարբեր հասարակական կազմակերպություններից և քաղաքացիական նախաձեռնություններից արդեն ձևավորելով է «ՀՀ Անտառային օրենսգրքի փոփոխությունների դեմ» նախաձեռնող խումբ, որը նամակով դիմել է ԱԺ-ին՝ Անտառային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը հետ ուղարկելու պահանջով:

Ապրիլ 25, 2016 at 18:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր