«Հայաստան Ծառատունկ ծրագիրը» տնկեց իր 5 միլիոներորդ ծառը՝ Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի մասնակցությամբ

«Հայաստան Ծառատունկ ծրագիրը» տնկեց իր 5 միլիոներորդ ծառը՝ Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի մասնակցությամբ

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն («Հայաստան Ծառատունկ ծրագիր») այս գարուն կարեւոր իրադարձություն նշեց՝ տնկելով Հայաստանը կանաչեցնող հինգ միլիոներորդ ծառը: 2016 թ. գարնանը Հայաստանի եւ Արցախի 125 տեղամասերում տնկվեցին  լրացուցիչ 68,607 ծառեր, որոնք 1994 թվականից ի վեր տնկված ծառերի քանակը հասցրին 5,021,249 –ի:

«Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը, երեւանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը՝ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերի մասնակցությամբ, խորհրդանշական 5 միլիոներորդ ծառը տնկեցին ապրիլի 22-ին, երբ ամբողջ աշխարը տոնում էր Երկրի օրը:

«Կարինի մեր տնկարանում դեսպան Միլսի հետ պատիվ ունեցանք տնկելու մեր 5 միլիոներորդ ծառը», - նշում է «Էյ Թի Փի»-ի տնօրեն Լուսինե Քասարջյանը: «Ընտրել էինք տերեւավոր արծաթափայլ կեչի՝ խորհրդանշելու եւ՛ այս կարեւոր հանգրվանը, եւ՛ այն համագործակցությունը, որ ձգվում է մինչեւ «Էյ Թի Փի»-ի առաքելության մեծագույն ջատագով Հարի Գիլմորի օրեր: Գիլմորը  Հայաստանում Միացյալ Նահանգների առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանն էր»:

Այս գարունը չափազանց ակտիվ էր նաեւ համայնքային ծառատունկերի տեսանկյունից: «Էյ Թի Փի»-ն Հայաստանի բոլոր մարզերի 100 տեսամասերում, այդ թվում՝ Արցախի Մարտունու շրջանում, տնկեց 30,765 ծառ: Տնկված ծառերի մոտ 4000-ը «Էյ Թի Փի»-ն ձեռք էր բերել Փոքր ձեռնարկություններ խթանելու նպատակով 2004 թ.-ից մեկնարկած Տնամերձ տնկարանների ծրագրի շահառուներից։ Մի քանի հազար պտղատու ծառ էլ տրամադրվել է Սյունիքի Եղվարդ եւ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կամիր Աղբյուրի գյուղերի ընտանիքներին:

 «Էյ Թի Փի»-ի գարնանային ծառատունկերին միացան Այբ դպրոցի, «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Դեպի Հայք» հիմնադրամի, «Իմփաքթ Հաբ Երեւանի», «Երկիր և մշակույթ» կազմակերպության, Երեւանի «Ռոտարի ակումբի», «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի եւ Հայաստանում Ամերիկյան համալսարանի կամավորներ:

«Գարունն այս տարի բավական վաղ սկսվեց եւ մենք ստիպված էինք ծառատունկը շատ արագ սկսել, քանի դեռ տնկիները չէին արթնացել», - պարզաբանում է  «Էյ Թի Փի»-ի երեւանյան գրասենյակի փոխտնօրեն Արթուր Հարությունյանը: «Եղանակի կտրուկ փոփոխությունը մեզ անակնկալի բերեց, բայց մենք կարող ենք հպարտորեն նշել, որ այն չխանգարեց մեր աշխատանքներին եւ մենք պատվով դուրս եկանք իրավիճակից», - նշում է նա:

Միայն այս գարնանը «Էյ Թի Փի»-ի անտառվերականգնման աշխատանքների համար ժամանակավոր աշխատանքով են ապահովվել 50 գյուղաբնակներ, որոնց օգնությամբ Լոռու Կողես համայնքում հիմնվող անտառում տնկվել է լրացուցիչ 37,842 ծառ: «Էյ Թի Փի»-ի կողմից ստեղծված այս անտառն արդեն ունի 90,000 ծառ: «Էյ Թի Փի»-ի անտառագետն ու մյուս աշխատակիցները շարունակաբար տարբեր փորձարկումներ են իրականացնում՝ ծառերն առավել արդյունավետ մեթոդներով աճեցնելու եւ կպչողունակության մակարդակը բարձրացնելու նպատակով: 

Ինչպես միշտ, տնկված ծառերի մի մասն աճեցվել են «Էյ Թի Փի»-ի՝ Կարին եւ Խաչփար գյուղերում գտնվող տնկարաններում, իսկ մյուս մասը՝ Մարգահովտի Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանում: «Էյ Թի Փի»-ի Կարինի տնկարանում այժմ իրականացվում են նաեւ «Ամրացրու՛ արմատներդ» խորագրով հանրային այցերը, որոնք բացում են մեր տնկարանի դռները հյուրերի առջեւ եւ հորդորում միանալ «կանաչ շարժմանը»: Կարինի հերթական «Կանաչ այցերը» նախատեսված են մայիսի 30-ին եւ հունիսի 5-ին:

«Էյ Թի Փի»-ն ընդլայնում է նաեւ տնկարանային գործունեությունը՝ Չիվա գյուղում հիմնելով իր 4-րդ տնկարանը, որը նոր ծառերով կապահովի Հայաստանի հարավային տարածաշրջանները: Վայոց ձորի այս տեղանքն ընդունված է համարել Հայաստանի գինու մայրաքաղաք եւ տեղակայված է պատմական Մետաքսե ճանապարհի վրա՝ դառնալով Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենացանկալի ուղղություններից մեկը: Հարեւանությամբ գտնվող Արենիի քարանձավներում հայտնաբերվել են աշխարհի հնագույն գինիների արտադրության բազմաթիվ վկայություններ:

««Էյ Թի Փի»-ն ճանաչված է իր տնկած ծառերով, մինչդեռ, մենք ձգտում ենք, որպեսզի մարդիկ, մեր մասին մտածելիս, միայն տնկված ծառերն ու անտառները չհիշեն: «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության դասընթացները սովորեցնում են ջուր խնայել, վերամշակել աղբը, դիմակայել կլիմայի փոփոխությանը: Հենց սրանք են այն գիտելիքները, որի կարիքն ունի մարդը՝ մեր մոլորակի համար հոգ տանելու եւ այն ավելի կանաչ ու ապահով դարձնելու համար: Մենք տարբեր կազմակերպությունների հետ ենք համագործակցում՝ աղբահավաքներ, համաժողովներ եւ ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու նպատակով: Ահա սա՛ է 21-րդ դարի «Էյ Թի Փի»-ն», - ընդգծում է Քասարջյանը:

1994 թ.-ին հիմնադրումից մինչ օրս «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան հինգ միլիոն ծառ: Հիմնադրամը Հայաստանում ծառատունկեր իրականացնող խոշորագույն հասարակական կազմակերպությունն է եւ գործունեության 22 տարիների ընթացքում հաջողությամբ հիմնել է 4 տնկարաններ, երկու բնապահպանական կրթության կենտրոններ եւ կանաչապատել է Հայաստանի եւ Արցախի բոլոր մարզերի 1000-ից ավելի համայնքային տեղամասեր: Այս ընթացքում, կազմակերպությունն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց եւ տրամադրել է կենսական անհրաժեշտության միջոցներ հազարավոր գյուղաբնակների: Մանրամասների համար կարող եք այցելել www.armeniatree.org:

Մայիս 06, 2016 at 16:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր