

ԷկոԼուր
«Ես ստանում եմ 38.000 դրամ թոշակ, ապրիլից էդ թոշակից պահում ենք, կուտակում մինչև աշուն, որ գնանք, 4 խմ փետ առնենք, բերենք ձմեռը մարդ ու կնիկ չցրտահարվենք», - ասում է Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի տարեց բնակիչ Ֆելիքս Սաֆարյանը:
Մոտ 4000 բնակչություն ունեցող Մարգահովիտ համայնքը գտնվում է Գուգարքի անտառների փեշին: Ձմռան գալու հետ այստեղ գլուխ է բարձրացնում փայտի խնդիրը: «Մեր գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1760 մ բարձրության վրա, ձմեռը մեզ մոտ լինում է սաստիկ, ձմռան տևողությունը՝ 5-6 ամիս: Բնակչության 90 տոկոսը գազաֆիկացված է, բայց գազի գնի պատճառով ոչ բոլորն են կարողանում օգտվել գազից, վառելափայտ պետք է», - համայնքի վիճակը ներկայացնում է համայնքապետ Սամվել Անանյանը:

Ձախից առաջինը՝ Ֆելիքս Սաֆարյանը, երկրորդը՝ Սամվել Անանյանը
Որպես անտառամերձ համայնք, Մարգահովիտի բնակիչներին տարեկան հասնում է 8 խմ անվճար թափուկ: Սակայն անտառում եղած թափուկը չի բավականացնում: Բնակիչները վառելափայտ ձեռք են բերում անտառտնտեսության կողմից հատկացվող հատատեղերից: «Վառելափայտ հատատեղերից դուրս են գրում, օրինական կարգով օգտվում ենք, բայց մի քիչ որ մատչելի լինի, ավելի լավ կլինի», - ասում է համայնքապետը:

Մարգահովիտի բնակիչ Ֆելիքս Սաֆարյանի խոսքով՝ հատատեղիում 1 խմ վառելափայտի համար ինքը տեղում վճարում է 10.800 դրամ: Ձմեռն անցկացնելու համար հարկավոր է առնվազն 7 խմ, բայց հազիվ հաջողվում է ձեռք բերել 3-4 խմ: Խնդիրը միայն վառելափայտի բարձր գինը չէ: Միշտ չէ, որ հաջողվում է հասնել հատկացված հատատեղը և տեղափոխել վառելափայտ: «Անտառում հատատեղ են հատկացնում, բայց անհասանելիա, էնպես ձորերա, էնպես տեղերա, որ ոչ մի տրանսպորտ չի գնում: Հիմա էս ձմեռ ուղղակի կանգնած ենք տուպիկի առաջ, չգիտենք ոնց պիտի անենք, - ասում է Մարգահովիտի բնակիչը և շարունակում, - նախարարին, բանին հարցրեք, ասեք՝ էն մարդկանց օգուտը որնա՞, որ անտառի փեշին ապրում են, մի գրամ փետից չեն օգտվում: Ապօրինի հատումը բացարձակ արգելվումա, ապրի մեր անտառապետը, նա շատ լավ պահպանումա անտառը: Անտառը շատ լավ վիճակումա, իսկ մենք շատ վատ, տեսնենք էդ անտառը մեզ ինչ պիտի անի»:

Գուգարքի անտառտնտեսության Մարգահովիտի անտառպետություն
Անտառից համայնքների կախվածության մասին ԷկոԼուրը զրուցեց Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Արեն Աղաբաբյանի հետ:
«Եթե մարդը հնար չունի, պիտի երեխեն սառչի, ինքը սառչի, բնական է՝ պիտի թաքուն մտնի անտառ: Բայց երբ մենք դնում ենք օրինական հատատեղեր, հնարավորություն ենք տալիս օգտվելու, այլընտրանք ենք տալիս, մարդը հասկանում է, չի մտնում, օգտվում է մեր օրինական հատատեղերից», - ասում է Արեն Աղաբաբյանը:

Արեն Աղաբաբյանը
Իսկ մտնո՞ւմ է արդյոք անտառ բիզնեսը հարցին ի պատասխան Գուգարքի անտառտնտեսության տնօրենն ասաց. «Չէ, բիզնեսներն արդեն չէ: Պատիժը շատ խիստ է, էսօր ծառ կտրելը մեծ-մեծ տուգանքների հետա կապված, նրանց դա ձեռնտու չի: Համենայն դեպս, Գուգարքի անտառնտեսության տարածքում երաշխավորում եմ, որ միանշանակ նման բան չկա, չի էլ կարող լինել, դա անհնար է, որ բիզնեսի ներկայացուցիչները մտնեն, սկսեն անտառ կտրել: Բիզնեսի ներկայացուցիչների համար բնական է, որ հատատեղը դնում ենք, էնտեղ շինափայտ էլ է լինում, մեծ քանակություններ, իրենց առաջարկվում է, իրենք գալիս են, օրինական են ձեռք բերում: Մենք այն պայմաններն ենք ստեղծում, որ էլ իմաստ չկա, որ նրանք մտնեն, անտառը ապօրինի կտրեն»:

Գուգարքի անտառտնտեսության տարածքը կազմում է 16146 հեկտար: Մեկ անտառապահի հսկողության տակ ընկնում է 600-700 հեկտար տարածք: Անտառ բարձրացող ճանապարհները բարդ են, իսկ անտառապահը չունի համապատասխան տեխնիկա: Հսկողությունը իրականացնում է ոտքով: «Տեխնիկա չունենք, ձիեր չունենք, համազգեստ չկա, անտառներում շատ վայրի կենդանիներ կան՝ արջ, գայլ, շակալներ...բացի դա էլ, եթե հանկարծ ապօրինի ինչ-որ բան էլ լինումա, չենք կարողանում հայտնաբերենք ապօրինի կտրողին, տուժումա էդ ընթացքում անտառապահը, պաշտպանված չի նաև էդ իմաստով», - ասում է Արեն Աղաբաբյանը և նշում, որ անտառտնտեսությանը հարկավոր է օժանդակություն, որը իրենց բյուջեն չի կարող ապահովել:

Գուգարքի անտառտնտեսություն այցը իրականացվեց ENPI EAST FLEG II ծրագրով հայ և վրացի լրագրողների համար «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կազմակերպած մեդիա տուրի շրջանակներում: Այցի ժամանակ իրականացվեց նոսրացման հատում Գուգարքի անտառտնտեսության Մարգահովիտի անտառպետությունում:




Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում անցկացված թրեյնինգի և մեդիա տուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Հոկտեմբեր 12, 2016 at 13:04
