Անտառի խնդիրները լրագրողների աչքերով

Անտառի խնդիրները լրագրողների աչքերով

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 19-ից 23-ը «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ENPI EAST FLEG II ծրագրի շրջանակներում հայ և վրացի լրագրողների համար կազմակերպեց Հայաստանի և Վրաստանի անտառների վերաբերյալ վարպետության դաս և մեդիա տուր:

Ստորև ներկայացնում ենք լրագրողների պատրաստած նյութերը:

Գյուղացին իր հողատարածք չի կարողանում մտնել «Թեղուտ» ՓԲԸ-ի պատճառով
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Վարդգես Սարգսյանը իր հողամասին հեռադիտակով է նայում Թեղուտ գյուղի բնակիչ Վարդգես Սարգսյանը արդեն 2 տարի է՝ դատական վեճերի մեջ է «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ: Տարիներ առաջ «Թեղուտ»-ի հանքը շահագործելու համար բազմաթիվ գյուղացիների հողատարածքներ համարվեցին գերակա շահ, եւ գյուղացիները ստիպված վաճառեցին դրանք: «Մինչեւ «Թեղուտ» ՓԲԸ-ի հայտնվելը 2 հողամաս ունեի, մշակում էի, մեկը գերակա շահի անվան տակ զոռով տարան, մյուսը, ճիշտ է, գերակա շահի տակ չէ, բայց ցանկապատել են, ճանապարհին ուղեփակոց են դրել, եւ ես իմ հողամասին հեռադիտակով եմ նայում: Իրենք էլ` «Թեղուտ» ՓԲԸ-ն, տրակտորը գցել՝ փակել են, ինձ էլ չեն թողնում հողամաս մտնեմ»,- լրագրողների հետ զրույցում այսպես պատմեց Վարդգես Սարգսյանը:

Հողամաս գնալու համար, ըստ հողատիրոջ, պետք է մինչեւ վերին «նաչալնիկը» զգուշացնեն, հատուկ թույլտվություն ունենան, խնդրեն, ստորագրեն եւ հետո մտնեն: Վարդգես Սարգսյանը հանքի տնօրինության հետ խնդիր է ունեցել այն օրվանից, երբ որոշել է առանց թույլտվության մտնել իր սեփական հողատարածք, եւ հանքի աշխատողները թույլ չեն տվել. «Ներվերս չհերիքեց, եւ ես էլ իրենց ուղեփակոցը ջարդեցի, ինձ տարան միլիցայություն. մեղադրում էին, թե ո՞ւր ես գնում քո հողամաս, ի՞նչ գործ ունեիր այնտեղ: Բա իմ սեփական հողամասը իրավունք չունե՞մ գնալու: Հետո իմացա՝ էդ ուղեփակոցը, որ դրել էին, անօրինական ա եղել: Ինձ ասում են` հողը վաճառի, ես էլ, թե՝ ինձ համար իմ հոր ժառանգությունն ավելի թանկ ա, քան ձեր տված երկու կոպեկը»: Հողի սեփականատիրոջ խոսքով` գերակա շահ համարվող մեկ հողակտորը` 3500 մետր, «Թեղուտ» ընկերությունը գնել է 205 հազար դրամով, իսկ վեճի առիթ դարձած այս 1450 մետր հողատարածքը սեփականատերը չի ցանկանում վաճառել: Հողատերը 2 տարի է՝ արդեն դատական գործընթացի մեջ է, փաստաբան է վարձել, փորձագետ է տարել, բերքի վնասներն էլ հետը գնահատվել է 12 միլիոն դրամ, իսկ դատարանը դեռ ոչ մի բան չի որոշել` սպասում են իրենց փորձագետների ուսումնասիրության արդյունքին: «Դե, իմ հողամասը Շնող գետի եզրին ա, բերեցին ճանապարհ սարքեցին, կամրջի փոխարեն դրեցին երկու խողովակ, իսկ գարունքվա ջրերի վարարելուն պես՝ փակվում են խողովակները, եւ ամբողջ հողս գետը քար, ավազ ա լցրել, դարձել ոչ պիտանի, դոմիկ ունեի, սաղ տիղմով ա ծածկվել, ցանկապատն էլ ջուրը քշել ա տարել, քանի անգամ դիմեցի, որ սարքեն ու ինձ վերադարձնեն, նրանք էլ, թե` վաճառի, առնենք: Հիմա էլի ցանկապատել են, չեմ կարողանում գնալ հողամաս: Այս տարիների ընթացքում ոչ մի բան չեմ կարողանում մշակել, ջուրը քանդել ա ամբողջ տարածքը, գետի հունն էլ փոխվել է ու իմ հողամասով է գնում»,- պատմում է Վարդգես Սարգսյանը: Նրա խոսքով` մինչեւ հողատարածքը քանդվելը ունեցել է դեղձի, սալորի, ընկույզի ծառեր, բանջարեղեն է մշակել ու իր հոգսերը հոգացել: Հիմա, իր պատմելով, թողել արտագնա աշխատանքով է ընտանիքը պահում. «Երկու ուսանող ունեմ Երեւանում, վարձ եմ տալիս, վարձով են ապրում, ես ո՞նց հասցնեմ»:

«Թեղուտ» ընկերության հիմնած 15 հեկտար անտառից մի 15 ծառ է կպել
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Թեղուտ գյուղի բնակիչները պատմում են, որ միշտ էլ դժվարությամբ են իրենց գյուղում ապրել. մինչեւ «Թեղուտ» ընկերության գործարկվելը՝ կարողացել են լուծել միայն «հացի խնդիր»` անտառից սունկ, հատապտուղ են հավաքել՝ վաճառել: Թեպետ գիտակցում են, որ վտանգվում է նաեւ իրենց առողջությունը, բայց այն միտքը, որ գոնե աշխատանքով ապահովված կլինի գյուղի բնակչության մեծ մասը` հաշտվել են ապրել հանքարդյունաբերական կենտրոնի մոտ: Նշում են, որ մարդկանց ֆինանսական վիճակից նաեւ փոխվել է գյուղի ծնունդների թիվը` 10-րդ դասարանում մի շրջանավարտ ունեն, իսկ առաջին դասարան հաճախել է 13 աշակերտ:

«Հիմա ով աշխատում է հանքում, անտառից չի օգտվում: Կային մարդիկ, որոնք հանքի շինարարության վրա են աշխատել, բարձր աշխատավարձ են ստացել` մինչեւ 400 հազար դրամ, բայց գործը վերջանալուն պես էլ հարյուրավոր աշխատողներ կրճատվել են»,- լրագրողներին իրենց ապրելակերպի մասին պատմում էին Թեղուտի բնակիչները: Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանն էլ ասաց, որ հանքի տարածքի մեջ հայտնված անտառը շատ հարուստ է եղել, բայց որ համեմատելու լինեն անտառի բարիքների եւ գյուղի ժողովրդի այսօրվա աշխատածի հետ` զգալի տարբերություն կա. «Գյուղի մոտ 75 տոկոս բնակչությունը այդ հանքում է աշխատում»: Համայնքում` 49 հեկտար տարածքում, կատարվել են նաեւ անտառտնկման աշխատանքներ. «Կարելի է ասել՝ մոտ 30 տոկոսն է իրականացվել, քանի որ ոչ ճիշտ շահագործման հետ կապված` աշխատանքները նորմալ չեն կատարվել»,- նշեց Ֆրունզե Նորեկյանը: 26 հազար 800 հեկտար տարածք ունեցող Լալվարի անտառտնտեսության 357 հեկտարը տրամադրված է «Թեղուտի» հանքին: Լալվարի ավագ անտառապետ Արտեմ Աթանեսյանը նշեց, որ 2008 թվականից սկսած՝ «Թեղուտի» հանքավայրի համար տարեկան հատվում է մոտ 20 հեկտար տարածք, որի դիմաց կատարվում են տնկումներ, բայց ճշգրիտ քանակը դժվարացավ ստույգ նշել, քանի որ տնկումները կատարվում են համայնքային տարածքներում:

Շնողի գյուղապետի տեղակալ Կորյուն Շադինյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ 180 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր վաճառվել են «Թեղուտ» ընկերությանը: Անցյալ տարի իրենց համայնքից 17 հեկտար տարածք են հատկացրել ընկերությանը` անտառվերականգնման համար, որտեղ տնկվել եւ հիմա էլ ընթանում են մշակման աշխատանքները: 7 տարվա ընթացքում պետք է մշակվեն, անտառահամակցումից հետո նոր տրամադրեն համայնքապետարանին:

«2009-2010 թվականներին էլ գյուղի հակառակ տարածքում 15 հեկտար անտառ է հիմնվել, որը լինելով ավազոտ տարածք, անտառ տնկելու համար ոչ բարենպաստ վայր, չնայած մշակման աշխատանքներին՝ 2 տարի երաշտ է եղել, եւ հիմնական մասը չորացել է»,- ասաց Կորյուն Շադինյանը: Նրա խոսքով` համայնքի ավագանին հարմար է գտել, որ անտառի փոխարեն հիմնվեն պտղատու այգիներ, բացի այդ էլ՝ հարմար տարածքներ չեն ունեցել անտառ հիմնելու համար: Հիմնվել է 21 հեկտար, 10 հեկտար էլ նախագիծ են ներկայացրել այս տարվա աշնանը հիմնելու համար, իսկ ծառատեսակները ընտրվում են սեփականաշնորհած հողատերերի ցանկությամբ` արքայանարինջ, խնձոր, տանձ: Դիտարկմանը՝ հանքը շահագործելու ընթացքում միրգը, բանջարեղենը արդեն էկոլոգիապես մաքուր չեն, պարոն Շադինյանը պատասխանեց, որ «Թեղուտ» ընկերությունը արդեն 2-րդ տարին պտուղները լաբորատոր հետազոտության է ենթարկում, որոնցում էական փոփոխություններ չեն նկատվել: Ըստ նրա՝ մրգերում հայտնաբերված ծանր մետաղները 5-6 անգամ են նորման գերազանցում, որը հիմնականում, Կորյուն Շադինյանի կարծիքով, Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի պատճառով է:

Գյուղի 80 տոկոսը գազիֆիկացված է, բայց հիմնականում գյուղացիները փայտ են վառում. «Ամեն տնտեսություն մոտավորապես 10 խորանարդ մետր, որի 1 խորանարդ մետրը արժե 6-8 հազար դրամ»: Նշենք, որ նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում անցկացված թրեյնինգի եւ մեդիատուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին՝ Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

«Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է անտառի փոխարեն 180 հա տարածքում պտղատու այգիներ հիմնել
PanARMENIAN.Net 

«Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է անտառի փոխարեն 180 հա տարածքում պտղատու այգիներ հիմնել:

«Թեղուտ» ՓԲԸ-ն Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակում պաշտոնապես պետք է հատի 357 հա անտառ, փոխարենը պարտավորվելով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրով տնկել 714 հա անտառ:

Սակայն 2015-ի օգոստոսի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը համատեղ հրաման են ստորագրել, որով թույլ են տվել «Թեղուտ» ՓԲԸ-ին 714 հեկտար ընդհանուր մակերեսով անտառապատման համար նախատեսված տարածքից 180 հա տարածքում՝ Շնող և Թեղուտ համայնքներում, պտղատու այգիներ հիմնել: Այս հրամանի համար հիմքում բնակիչների ցանկություններն էին:

«Համայնքի ավագանին հարմար գտավ, որպեսզի անտառի փոխարեն հիմնվեն պտղատու այգիներ: Բացի այդ, մենք հարմար տարածքներ չունենք անտառ հիմնելու համար: «Թեղուտ» ՓԲԸ-ն որոշել էր, որ եթե մենք տարածք չունենք, Հայաստանի ցանկացած տարածքում հիմնի անտառ, իսկ մեզ դա ձեռնտու չէր, դրա համար ավելի լավ էր ժողովրդի սեփականաշնորհած հողատարածքներում հիմնել պտղատու այգիներ: Այժմ հիմնվել է 21 հեկտար այգի, 10 հեկտար էլ նախագիծ ենք ներկայացրել՝ 2016-ի աշնանը հիմնելու համար: Ծառատեսակներն ընտրվում են հողատերերի ցանկությամբ, հիմնականում արքայանարինջ, խնձոր, տանձ: Տնկում ենք, մի տարի մշակում, տալիս իրենց ու իրենք տնօրինում են»,- PanARMENIAN.Net ին ասաց Շնողի համայնքապետի տեղակալ Կորյուն Շադինյանը:

Հարցին, թե արդյոք տարածաշրջանում իրականացվող հանաքարդյունաբերության գործունեության արդյունքում գյուղմթերքը չի աղտոտվի ծանր մետաղներով, Կորյուն Շադինյանը պատասխանեց.
«Աղտոտումը պայմանավորված է հիմնականում Ալավերդու պղնձաձուլարանով, Ախթալայի կոմբինատով, ոչ թե «Թեղուտ» ՓԲԸ-ով, որովհետև ծանր մետաղներն օդի, ջրի հետ, Դեբեդի հետ գալիս են:

Հիմնականում մեր հողերը ջրվում են Դեբեդի պոմպակայանից՝ 500 հա այգի: Շաբաթական 1-2 անգամ Ախթալայի կոմբինատի խվոստը (պոչ) պոչամբարից թափվում է Դեբեդի մեջ, դրանով ոռոգում ենք, ու փչանում է: Ունենք Դեբեդի շրջակայքում հողատարածքներ, մոտ 20-30 հա այգիներ, որոնք բնական ջրով են ոռոգվում, ու նույն ձև փչանում են: Եթե գիշերը թողնում ենք, ոռոգումը կատարվում է, առավոտյան մոտ 2 սմ պոչամբարից «խվոստ» է նստած լինում: Շնող գետից օգտվում ենք, ճիշտն ասած մի քիչ աղտոտումներ կան, բայց այդքան չի վնասում: Համայնքի 90 տոկոսը Դեբեդի ջրով է ոռոգում: «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն երկրորդ տարին անալիզ է վերցնում պտուղներից: Պտղի մեջ 5-6 անգամ մետաղները գերազանցել են»:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանն անտառի փոխարեն այգի տնկելը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի խախտում է համարում: Նա մատնանշում է ՀՀ կառավարության կողմից 2007-ի օգոստոսի 30-ին ընդունված «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման եվ անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգըսահմանելու մասին» N 1045-Ն որոշումը, որի 8.1 կետով օգտագործման տրամադրվող անտառային տարածքի դիմաց տնտեսվարողը պետք է առնվազն կրկնապատիկ անտառապատման աշխատանքներ իրականացնի:

Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրով ացնկացված թրեյնինգի և պրեսս-տուրի շրջանակում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին Ավստրիական գործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

Գազաֆիկացված Մարգահովիտում փայտի ծախսը նվազեցնելու համար վառարաններ են պատրաստում
PanARMENIAN.Net

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը Հայաստանի գազաֆիկացված համայնքներից է, սակայն համայնքի մեծ մասը ձմռանն իր տունը ջեռուցում է փայտով:

Մարգահովտի բնակիչները PanARMENIAN.Net-ին պատմեցին, որ գյուղում գազից օգտվում էին, երբ գազը 60 դրամ էր, հիմա չեն օգտվում, այլ փայտ ու տորֆ են վառում: Մարգահովիտցիները փայտը բերում են Լոռու մարզի Գուգարքի անտառտնտեսությունից: Գուգարքի անտառը վառելիքով ապահովում է նաև Ֆիոլետովո, Լերմոնտովո, Անտառաշեն, Շահումյան համայնքները, Վանաձորի Խնձորուտ շրջանը:

Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Արեն Աղաբաբյանի խոսքով՝ ապօրինի հատումները հազվադեպ են, անտառը լավ է պահպանվում, իսկ բնակիչներն օգտվում են սանիտարական հատումների արդյունքում առաջացած վառելափայտից:

«Մեր անտառկառավարման պլանի համաձայն, անտառում հատատեղիներ ենք նշանակել: Բնակիչը գալիս է անտառտնտեսություն, վճարում, ստանում տոմս, որով գալիս է անտառապահի մոտ և նրա հսկողությամբ կտրում և տանում է փայտը: Գործակցում ենք մեր համայնքների ղեկավարների հետ, որոնք տալիս են այն մարդկանց ցանկը, ովքեր կարող են վճարել իրենց միջոցներով, ինչպես նաև նրանց ցանկը, ովքեր չեն կարող: Նրանց համար թափուկ ենք հավաքում, որը վաճառման ենթակա չէ, բայց թափուկը շատ քիչ է»,- ասաց Արեն Աղաբաբյանը:

Մարգահովիտի բնակիչների խոսքով, անտառից փայտը կտրելու և տուն բերելու համար պետք է անտառտնտեսությանը վճարեն 10.800 դրամ, եթե մեքենայի վառելիքի ծախսն էլ է գումարվում, ապա ստացվում է 15-18.000 դրամ: Իսկ եթե ցանկանում են առանց անտառ մտնելու վառելափայտ գնել, ապա պետք է վճարեն 13.000 դրամ 1 խմ-ի դիմաց:

Ձմռան սեզոնին Մրգահովիտում վառում են 8-15 խմ վառելափայտ: Որպեսզի փայտը խնայեն, Մարգահովիտի բնակիչներից մեկը սկսել է ինքնատիպ վառարաններ արտադրել և վաճառել:

«Վառարանը կոչվում է շախտնի պիրոլիզնի կատյոլ (шахтный пиролизный котел), դրա մեջ կրակը բարձրանում է ոչ թե վերև, այլ՝ հորիզոնական, կողք՝ այրելու դարսված նյութը, դա կլինի փայտ, աթար, տորֆ, թեփ, խորովածից հետո մնացած ածուխ, քարածուխ, ես նույնիսկ մեջը գցել եմ մեր տան աղբը: Փորձնական շրջանն է, եթե կարդարացնի, կշարունակենք: Հիմնական իմաստն այն է, որ փայտի հետ ուրիշ բաներ վառես, որ տնտեսես: Սրանով փայտի օգտագործումը կիսով չափ կրճատվում է, եթե ինձ անհրաժեշտ է 15 խմ փայտ, սրանով կկիսվի: Այն ծուխ չի անում»,- ասաց վառարանի հեղինակը:
Ընդհանուր առմամբ Մարգահովիտում մարդկանց սոցիալական վիճակը ծանր է: Շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, որ ընտանիքի կարիքները հոգան:

Գյուղացիները վստահեցնում են՝ շատ լավ են պահում անտառը, բայց «եթե երեխաները մրսում են, պիտի ծառը կտրեն», քանի որ մարդիկ պետք է էժան գազ ունենան:

Շնողում պտուղ-բանջարեղենի մեջ ծանր մետաղների քանակն ավելացել է (տեսանյութ)
www.a1plus.am
Լոռու մարզի Շնող համայնքում, որի անտառների մի մասը տրվել է «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը, պտուղ-բանջարեղենի ստուգումները մտահոգիչ արդյունքներ են գրանցել։ Համայնքի ղեկավարի տեղակալ Կորյուն Շադինյանը, սակայն, դա չի կապում «Թեղուտի» հանքարդյունաբերության հետ։

ENPI FLEG II ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիատուրի ընթացքում հայ եւ վրացի լրագրողների հետ զրույցում Շադինյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ այդ ստուգումներն իրականացվում են։ Ուշագրավ է, որ նրա խոսքով, ստուգումներն իրականացվում են «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից։

«Ծանր մետաղների թիվը մի քանի անգամ գերազանցում է պտուղների մեջ, բայց դա ավելի շատ կապված է հիմնականում Ալավերդու պղնձաձուլարանի, ոչ թե «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ։ Ծանր մետաղները նաեւ օդի, ջրի հետ անցնում են, մեկ-մեկ ոռոգման համակարգի ցանցերը վթարվում են, դրանցով ոռոգվում է, դրա համար էլ մի հինգ-վեց անգամ գերազանցում է»,- ասաց նա։

Ի դեպ, «Թեղուտ» ՓԲԸ-ն հատված ծառերի դիմաց Շնող համայնքում պարտավորվել է անտառ տնկել։ Աշխատանքներն իրականացվել են 2009-2010 թվականներին։ Շնողի գյուղապետի տեղակալի խոսքով՝ այդ ժամանակ 15 ՀԱ տարածքում ծառեր են տնկել, որը, սակայն, անբարենպաստ պայմանների պատճառով այդպես էլ անտառ չի դարձել։

«Ուղղակի ավազոտ տարածք էր, անտառ տնկելուց հետո, չնայած մշակումներին, ծառերը չաճեցին։ Դրանից հետո էլ երկու տարի երաշտ է եղել, ծառերի մեծ մասը չորացել է»,-  նշեց Կորյուն Շադինյանը։

Հայաստանի շատ գյուղերում գազ կա, բայց դեռ փայտ են վառում
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ

Այդ պատճառով էլ ինչքան անտառ են վերականգնում, անտառածածկ տարածքները չեն ավելանում Տարեցտարի անտառների պահպանման, վերականգնման աշխատանքները ավելանում են, մեծանում է պայքարը ապօրինի հատումների դեմ, բայց անտառամերձ գյուղերը դեռեւս շարունակում են «սնվել» անտառից: Ավելին` կան գյուղեր, որ թեեւ գազիֆիկացված են, բայց, այնուամենայնիվ, ձմռան ցրտին դիմակայում են վառելափայտի միջոցով: Անտառամերձ Մարգահովիտ գյուղի բնակիչ 73-ամյա Ֆելիքս Սաֆարյանին ձմեռը «տաքուկ» անցկացնելու համար անհրաժեշտ է 6 խորանարդ մետր փայտ: 3 խորանարդի հարցը «լուծել» է, մնում է մյուս կեսը: «Առավոտ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ ապրում է կնոջ հետ, եւ կենսաթոշակն էլ կազմում է 28 հազար դրամ, որից 14 հազարը դեղորայք է գնում. «Էլ ո՞նց 11 հազար դրամ տամ փայտ առնեմ»: Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բայց գյուղացին ցավով է նշում, որ 1 լիտր կաթն արժե 100 դրամ, կես լիտր հանքային ջուրը` 170 դրամ, մի լիտր բենզինը արժե 420 դրամ, կաթը ավելի էժան է. «Բա մի լիտր բենզինով ո՞ւր գնամ, որ անասունի համար կեր բերեմ»: Ֆելիքս Սաֆարյանը կնոջ հետ 4 հատ կով է պահում, բայց իր ասելով՝ սպասում են ձմռանը. «Մեկին կամ երկուսին մորթեմ Նոր տարվա դեմը` «նիսյա» բաժանենք ժողովրդին»:

Մարգահովիտի բնակիչը պատմեց, որ գարունն էլ բացվելուն պես սկսում են հողը մշակել, կարտոֆիլ, կաղամբ ցանել, բայց երբ հերթը հասնում է իրացմանը` դարձյալ խնդիր է առաջանում. «Քաղաքացին պետք է աշխատի, որ գրպանում փող լինի, որ կարողանա իմ արտադրանքն էլ առնի: Գյուղում ամբողջ օրը ման են գալիս վարկատուները, որ վարկ տան, էս ժողովուրդը որ վարկ վերցնի, ո՞նց փակի, ճիշտ է՝ անասնապահությամբ շատ են զբաղվում, բայց մսի իրացման խնդիր կա»: Գյուղում, ըստ Ֆելիքս պապի, հիմնականում մնացել են ծերերը. «Տղաները չեն ուզում ամուսնանալ` վախենում են, ինչով պահեն ընտանիքը, աղջիկներն էլ ի՞նչ անեն, քսվում, դզվում են, դուրս են գալիս փողոց, բայց էլի տանն են մնում, դրա համար մի մասը փախնում գյուղից գնում ա»:

Մարգահովիտից «փախել» են նաեւ Ֆելիքս պապի երեխաները` Ռուսաստան են գնացել. «Տղաս Արցախյան պատերազմի մասնակից է, բայց ընտանիքը չկարողացավ պահել` գնաց: 4 թոռ ունեմ` 13 տարվա մեջ մի անգամ եմ տեսել, հիմա կինս պետք է գնա, որ տեսնի: Ամեն առավոտ դուրս եմ գալիս փողոց, որ դպրոց գնացող երեխեքը բարեւ տան ինձ, թոռներիս կարոտը առնեմ: Նրանք չեն գալ դեսը, մենք էլ չենք կարալ գնանք, էդպես էլ կյանքը հատավ: Բոլորը թողնում փախնում են, ստեղ մնացել ենք մեռել թաղողներով: 5000 բնակիչ է ունեցել մեր գյուղը, էսօր մեր գյուղի նման հարյուրավոր գյուղեր դատարկվում են»: Նա էլ ամուր կառչելով հայրենի հողին՝ չի ցանկանում տեղափոխվել երեխաների եւ թոռների մոտ. «Ես իմ հայրենի հողը չեմ բրախի, ես իմ գերեզմանները չեմ թողնի գնամ»:

Մարգահովիտի համայնքապետ Սամվել Անանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղից գնում են ապրելու, հացի խնդիր լուծելու, կենցաղային նորմալ պայմաններ ապահովելու համար: Նվազել է նաեւ դպրոց հաճախող երեխաների թիվը, որի պատճառը համայնքապետը համարում է ավելացող արտագաղթը եւ ծնելիության անկումը: Անտառային ոլորտի կառավարումը Հայաստանում եւ Վրաստանում, անտառամերձ բնակչության կախվածությունը անտառից եւ առաջնահերթ ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ իրականացնել այս երկու երկրներում անտառների վիճակը բարելավելու համար՝ այն հարցերն էին, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ENPI EAST FLEG II ծրագրի շրջանակներում հայ եւ վրացի լրագրողների համար կազմակերպել էր Հայաստանի եւ Վրաստանի անտառների վերաբերյալ վարպետության դաս եւ մեդիա տուր: Ֆելիքս Սաֆարյանին էլ հանդիպեցինք հենց այդ շրջայցի ժամանակ:

Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Արեն Աղաբաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Անտառաշեն համայնքը, որը գազիֆիկացված չէ, ավելի աղետալի իրավիճակում է գտնվում. «Բայց այն գյուղերում, որտեղ գազ կա, շատերի համար թանկ է այն, եւ աշխատում են հնարավորինս քիչ գազ օգտագործել»: Նա վստահեցրեց, նաեւ, որ իրենց անտառտնտեսությունում զգալիորեն նվազել են ապօրինի ծառահատման դեպքերը: Լրագրողական խմբին ցուցադրվեց, թե ինչպես են կատարվում անտառնոսրացման աշխատանքները, որտեղ հատվում են խիտ աճած, իրար խանգարող ծառերից` մյուսի աճը բարելավելու նպատակով:

Քվեմո Քարթլիի անտառծառայության ղեկավար Եզեկել Ինցկիռվելի-Չխեիձեն էլ ներկայացրեց, թե Վրաստանում ինչպես են կատարում ծառահատումները` առանձնացնելով, որ նրանց աշխատողները ե՛ւ հագուստով, ե՛ւ տեխնիկապես ապահովված են, ունեն զենք, մեքենաներ եւ աշխատավարձերն էլ սկսվում են 250 դոլարից: Նրա խոսքով` այնտեղ վառելափայտը այնքան էժան է՝ մոտ 3 դոլար, որ ապօրինի հատումների կարիք չի լինում, եւ անտառամերձ համայնքների համար էլ խնդիր չէ ձմեռվա վառելափայտ գնելը: Համեմատելու համար նշենք, որ հայաստանյան անտառապահները նույնիսկ ինքնապաշտպանության համար զենք չունեն, ոչ էլ արտահագուստ ունեն, իսկ աշխատավարձն էլ ցածր է` 70-75 հազար դրամ: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք մեկ սեզոնի ընթացքում օգտագործում է 10-15 խորանարդ մետր փայտ, իսկ տարեկան պահանջարկը կազմում է 500-650 խմ՝ հիմնականում ջեռուցման նպատակով: IUCN 2012-2016 ազգային խորհրդատու ՓԳԹ Անահիտ Մկրտչյանն էլ վարպետության դասընթացի ժամանակ ներկայացրեց, որ տարեկան բոլոր մարզերի միջինացված թվով տնային տնտեսությունների անտառից ստացված եկամտի 53 տոկոսը կազմում է վառելափայտը: Ըստ նրա` փայտի միջին գինը տարբեր մարզերում այլ է` Լոռիում մեկ խորանարդ մետրը արժե 7 հազար դրամ, Տավուշի, Սյունիքի մարզերում` 10 հազար: «Սառվող փտամթերքի 48 տոկոսը Հայաստանում վառելափայտն է, իսկ Վրաստանում` 30»:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը ասաց, որ անտառվերականգնման աշխատանքները 2009 թվականից սկսած նվազագույնի են հասցվել, իսկ պաշտոնապես գրանցված ապօրինի անտառահատումների թիվը նվազել է` 2014 թվականին կազմելով 30 հազար խորանարդ մետր` 2000 թվականին գրանցված 75 հազարի դիմաց:
Նշենք նաեւ, որ ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին՝ Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

Անտառահատում, օրինական, թե՞ ապօրինի

Որ աղջկա բախտը քաղաքում չի բերում, հետ են գալիս` գյուղի ջահելներն են «տեր կանգնում»
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, www.aravot.am

Վրաստանի Ախքյորփի հայաբնակ գյուղը հիմնական մայրուղուց 30 կիլոմետր հեռավորության վրա է: Դեպի գյուղ տանող ճանապարհը քարուքանդ է: Գյուղն էլ առանձնապես բարեկեցիկ ապրուստ չունի, եւ դա պարզ է դառնում գյուղ մտնելուն պես: Այստեղ էլ, ինչպես այս գյուղի բնակիչները նշեցին, մարդիկ իրենց օրվա հացը դժվարությամբ են վաստակում: Ախքյորփի գյուղը գազիֆիկացված չէ, մարդիկ վառելափայտ են գնում: Թեեւ Հայաստանի համեմատությամբ փայտն այստեղ ավելի էժան է` 1 խորանարդ մետրը 6 լարի, ինչը հայկական դրամով մոտ 1500 դրամ է, բայց միեւնույն է՝ այդ գումարն էլ դժվարությամբ են հայթայթում: Հայաստանում վառելափայտի 1 խմ-ն 6000 դրամ է: 4-6 Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: 56-ամյա Սարգիս Առաքելյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ սեզոնին էլ անտառից գետնամորի, մոշ են հավաքում, մի մասը՝ վաճառում, մի մասն էլ՝ ձմռան համար պահեստավորում: Նրա ներկայացմամբ՝ Ախքյորփի գյուղում ձմեռը շատ ցուրտ է լինում, եւ ամեն ընտանիքին մոտավորապես 12 խորանարդ մետր փայտ է անհրաժեշտ, որպեսզի ձմեռն անցկացնեն:
Գյուղի երիտասարդների զբաղմունքն էլ գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Կարտոֆիլ, եգիպտացորեն, արեւածաղիկ են ցանում ու վաճառում: Մեր զրուցակից երիտասարդները նշեցին, որ գյուղում ամուսնություններ լինում են, բայց ծնունդների թիվը շատ քիչ է՝ պայմաններ չկան: Նրանց խոսքերով՝ խորհրդային տարիներից հետո գյուղը մանկապարտեզ էլ չի ունեցել, եւ միայն հիմա է, որ վերաբացվելու աշխատանքներ են տարվում: Գյուղը չնայած գտնվում է Վրաստանում, բայց բնակիչները հիմնականում հայերենով են խոսում: Դպրոցում ուսուցումը եւս հայոց լեզվով է. «Այս տարի էլ առաջին դասարան 8 երեխա է գնացել, մինչդեռ ժամանակին՝ 10 տարի առաջ, 200 աշակերտ ենք ունեցել, հիմա աշակերտների թիվը 60-ին մոտ է»: 4-3 Մարգար Բարխուդարյանի ներկայացմամբ՝ գյուղում այսօր ապրում է 200 ընտանիք՝ մոտ 700 բնակչով, համայնքում նորմալ բուժկետ էլ չունեն եւ անհրաժեշտության դեպքում կամ Թբիլիսի են գնում, կամ Մառնեուլի: Ախքյորփիի համայնքապետն ազգությամբ վրացի է, գյուղի բնակիչները նրա հետ հաղորդակցվում են նրա` ազգությամբ հայ տեղակալի միջոցով: Գյուղը քանի որ անտառամերձ է, Ախքյորփիի տղամարդկանցից ոմանք կարող էին անտառում աշխատել, բայց, ըստ վրացի անտառապահների, նրանց չեն ընդունում, քանի որ լեզվի խնդիր ունեն եւ որոշ փաստաթղթեր պետք է վրացերեն լրացնեն: 4-2 Այս համայնքի երիտասարդները նույնպես արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստանի Դաշնություն: «Ամեն մեկն էլ փորձում է մի բանով զբաղվել, որ կարողանա պահել իր գոյությունը»,- գյուղից արտագաղթն այսպես են բացատրում մեր զրուցակից երիտասարդները:

Մարտին Օլքինյանը ապրել է Երեւանում, բարձրագույն կրթություն ստացել, բայց վերադարձել է հայրենի գյուղ, հարմարվել եղած պայմաններին. «Ապրում ենք Վրաստանում, սիրում ենք հայերին եւ Հայաստանում շատ բարեկամներ ունենք»,- ասում է նա: Ըստ նրա՝ ուսուցման համար Վրաստանում ավելի լավ պայմաններ են՝ մատչելի է, եթե լեզվին տիրապետեն: Կարող են նույնիսկ անվճար սովորել: 4-1 Երիտասարդ տղաների խոսքերով՝ գյուղի աղջիկներն էլ աշխատում են գյուղից դուրս ամուսնանալ եւ քաղաքում են իրենց բախտը փնտրում, իսկ ում բախտն էլ չի բերում եւ գյուղ են վերադառնում, ինչպես նրանք են ասում` «գյուղի ջահելներն են տեր կանգնում»: Գյուղի ամենաերկարակյաց բնակիչներից է Բեգլար Հակոբյանը, որը 101 տարեկան է եւ ապրում է միայնակ: Նրա երկու դուստրերն էլ գյուղից դուրս են ապրում, մեկը` Չանաչխիում, մյուսը` Երեւանում: Տղաներն էլ իրենց ընտանիքներով նույնպես Երեւանում են բնակվում: Հայրենական պատերազմի մասնակից Բեգլար պապը հաշմանդամություն ունի, բայց առողջությունից չի դժգոհում, նրա մտահոգությունը նոր դարաշրջանի բարքերն ու սովորույթներն են. «Առաջ մարդիկ ավելի ջերմ ու հանդուրժող էին, պետությունն էլ ուշադիր չի, «մալադյոժը» փախնում, գնում է, մեծերն էլ թոշակառու են եւ դժվարությամբ են իրենց այգիներում բանջարաբոստանային կուլտուրաներ մշակում»: Բեգլար պապը Երեւանի գրանցում ունի, 70-ական թվականներից գյուղի գրանցումից դուրս է եկել՝ գնացել Երեւան, հետո վերադարձել է իր հայրենի գյուղ, իր կառուցած տունը: Նա այս գյուղում մեղվաբուծությամբ է զբաղվում, «արտադրած» մեղրի մի մասը Վրաստանում վաճառում, մի մասը` Երեւանում: Ասում է` չի սիրում երեխաներին նեղություն տալ եւ մինչեւ հիմա ինչով որ կարողանում է, նույնիսկ օգնում է: ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ. Գ. Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում անցկացված թրեյնինգի եւ մեդիատուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին՝ Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

Վրաստանի հայաբնակ գյուղում աշխատանք չկա, առևտուրն էլ ադրբեջանցիների հետ է
http://newspress.am/archives/43008

Ախկյորփին գյուղն այն հինգ հայաբնակ գյուղերից է, որ գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանին` Հայաստանից 5 քայլի վրա:

Ախկյորփին գյուղի բնակիչ Արայիկը պատմում է, որ իր բնակարանից Հայաստանի սահման ընդամենը 200 մետր է: Մի քանի տարի առաջ գյուղի բնակչությունը, նաև ինքը, կարողանում էր օգտվել գյուղի բարիքներից՝ փայտ էին բերում, հատապտուղներ հավաքում, այսօր չեն կարող: Խստացվել է հայ-վրացական սահմանային հսկողությունը, և եթե Արայիկը փորձի մտնել 200 մետր հեռու անտառը, ապա վրացի սահմանապահները կտուգանեն, մի երկու տարի կտան՝ պայմանական, կամ էլ բանտ կնստի:
Իհարկե, Արայիկը վստահեցնում է, որ ինքն այլևս անտառ չի մտնում, սակայն ապրելու տարբերակ էլ չունեն, զրկվել են ապրուստի միջոցից:

«Հիմա շատ վատ ա, աշխատանք չկա»,- ասում է նա՝ հավելելով, որ անցակետ կա տարածքում, որտեղից Ստեփանավան 38 կմ է, կարող են գնալ-գալ, սակայն հայկական անտառ չեն կարող մտնել:
Ախկյորփին գյուղը հայկական համայնքների հետ շփում ունի, աղջիկ առնել-տալ կա, գնում-գալիս են, սակայն այստեղ սահմանը ձգվում է հենց անտառի փեշով և հենց 200 մետր հեռավորության վրա՝ Արայիկի տանից: Չնայած Հայաստանի մոտիկ լինելուն՝ Ախկյորփինը հիմնական առևտուրն անում է Վրաստանի հետ:
Պատմում է, որ գյուղում միայն հայեր են ապրում, գործում է հայկական դպրոց, դպրոցի վիճակը նորմալ է, սակայն ինքը դժգոհ է ճանապարհներից:

Արայիկի խնդիրն աշխատանքն է, թեկուզ թույլ տան մտնել անտառ և փայտ կտրել: Այստեղ անտառից կարող են համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում փայտ կտրել:
Արայիկը հիշում է, որ «Լենինի վախտով» Ախկյորփինը Հայաստանի կազմում էր, իսկ թե ինչ եղավ 1930-ականներին, որ Ախկյորփինը հայտնվեց Վրաստանի կազմում, հստակ չի հիշում:
Ախկյորփինի բնակիչ Սարգիսը ևս դժգոհեց ճանապարհների վատ վիճակից: Ձմռանը առանձին ճանապարհներ կան, որ փակվում են, այնքան ձյուն է գալիս: Գյուղում կով ու խոզ են պահում, ադրբեջանիցների հետ են առևտուր անում: Գյուղը գտնվում է Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերի հարևանությամբ, և այլ տարբերակ էլ չկա:

Սարգիսը նաև նշեց, որ տարածաշրջանում տարբեր ազգերի միջև աղջիկ տալ-առնել կա: Իր հարսը վրացի է, հույների հետ ևս խնամիություն անում են, սակայն ոչ ադրբեջանցիների:
Այստեղ խնդիրն այն է, որ Ռուսաստան գնալ, աշխատելու համար չեն կարող մեկնել Վրաստանից, գալիս են Հայաստան, գրանցվում, ձեռք են բերում հայկական անձնագիր ու մեկնում ՌԴ: Սակայն երեխաներին Վրաստանում դպրոց ուղարկելու համար արդեն Հայաստանի քաղաքացի դարձած վրացաբնակ հայերը ստիպված պետք է վճարումներ կատարեն:

Ե′վ Արայիկը, և′ Սարգիսը պնդում էին, որ Ախկյորփինում ապրելը հեշտ կլինի, որ աշխատանք լինի, կարողանան ընտանիքները պահել: Թեկուզ կարողանան օգտվել 200 մետր հեռու գտնվող անտառից, սակայն սահմանը թույլ չի տալիս. կա′մ վրացի սահմանապահներն են բռնում, կա′մ հայ:

Թեղուտի անտառվերականգնման ծրագիրը տապալվել է
http://newspress.am/archives/44848

Հայաստանում պաշտոնապես անտառային ծածկույթը հասնում է մոտ 11 տոկոսի. կա նաև անտառածածկույթի 8 տոկոս լինելու մասին տեսակետը: Անտառածածկ է հիմնականում Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերը: Ճակատագրի հեգնանքով հենց այս մարզերում է առավել վառ արտահայտվել հանքարդյունաբերությունը, երկրի ընդերքը հարուստ է պղնձով, մոլիբդենով և հարակից այլ հանքանյութերով:

Այդպիսի հարուստ տարածք է Լալվարի անտառը, որտեղ գտնվող Թեղուտ գյուղի շրջակայքում 2000-ականներից սկիզբ առավ պղնձի հերթական արդյունահանման ծրագիրը:
Նշենք, որ Լալվարի անտառը հարուստ է կենդանատեսակներով և բուսատեսակներով. շուրջ 200 բույս, 55 կաթնասուն, 86 թռչուն, 10 սողուն, 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում` որպես վտանգված տարատեսակներ: Թեղուտ գյուղը գտնվում է Դեբեդ գետի Շնող վտակի աջ ափին:

Հիշեցնենք, որ 26 հազար 800 հեկտար տարածք ունեցող Լալվարի անտառտնտեսության 357 հեկտարը տրամադրված է «Թեղուտի» հանքին: Ընկերությունը գնել է նաև Թեղուտ գյուղի բնակիչների հողերը. գյուղի բնակիչների մի մասն այսօր աշխատում է հանքում, թեև շուրջ 80 աշխատակցի ազատելու վերաբերյալ տեղեկություններ կան:

Կտրված անտառի փոխարեն Թեղուտ ՓԲԸ-ն պետք է անտառվերականգնման ծրագիր իրականացներ: Ազդակիր համայնքներից են Թեղուտը և Շնողը, որտեղ նախատեսված էին անտառվերականգնման աշխատանքներ:

Շնողի գյուղապետի տեղակալ Կորյուն Շատինյանն ասում է, որ 2015թ. Շնող գյուղը Թեղուտ ՓԲԸ-ին հատկացրել է 17 հա տարածք անտառավերականգնման համար, 17 հա-ն տնկված է, իրականացվում են մշակման աշխատանքներ և 7 տարի համակցումից հետո այն կհանձնեն համայնքին:
Շնողում 15 հա անտառ է տնկվել նաև 2009-10 թթ., սակայն անտառի համար ընտրվել է ոչ համապատասխան վայր, ավազահող, որտեղ անտառ հնարավոր էր աճեր միայն ոռոգման պայմաններում: 15 հա անտառի ոդիսականից հետո Շնողի ավագանին որոշում է անտառի փոխարեն պտղատու այգիներ տնկել:

«Շնողի սեփականաշնորհված այգիներում 21 հա պտղատու այգի է տնկվել, 10 հա այգու նախագիծ ենք ներկայացրել 2016թ. աշնանը տնկելու համար: Տարբեր ծառատեսակներ են տնկվելու՝ հողատերերի ցանկությամբ. արքայանարինջ, խնձոր, տանձ»,- ասում է Կ. Շատինյանը:

Ինչ վերաբերում է գյուղմթերքի աղտոտմանը, նա նշել է, որ Թեղուտ ՓԲԸ-ն հետազոտություն է անցկացրել, արդյունքները դեռևս չկան, սակայն անալիզներ կատարվել են և պտղի մեջ պատահում է, որ նորմաները գերազանցում է 5-6 անգամ. Հետազոտությունն, ըստ Շնողի գյուղապետի տեղակալի, իրականացրել են Ախթալայի ֆաբրիկան և Ալավերդու պղնձաձուլական ընկերությունը:
Հիշեցնենք, որ Շնողի և Թեղուտի բնակչության 80 տոկոսն զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:

Թեղուտի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանն էլ ասաց, որ հանքի տարածքի մեջ հայտնված անտառը շատ հարուստ է եղել, բայց որ համեմատելու լինեն անտառի բարիքների և գյուղի ժողովրդի այսօրվա աշխատածի հետ` զգալի տարբերություն կա: Ըստ նրա՝ գյուղի մոտ 75 տոկոս բնակչությունն այդ հանքում է աշխատում:

Համայնքում շուրջ 49 հեկտար տարածքի վրա կատարվել են անտառտնկման աշխատանքներ: «Կարելի է ասել, մոտ 30 տոկոսն է իրականացվել, քանի որ ոչ ճիշտ շահագործման հետ կապված` աշխատանքները նորմալ չեն կատարվել»,- ասաց Ֆրունզե Նորեկյանը:

Թեղուտի և տարածաշրջանի բնակիչների առողջական վիճակի վերաբերյալ հստակ տվյալներ չկան, թեև հայտնի է, որ հանքարդյունաբերական շրջաններում բնակչության առողջական վիճակը միշտ էլ անբավարար է եղել:

Անտառ չի տնկվել, բնակչության առողջականի վերաբերյալ տվյալներ չկան…
Բնակիչները ևս հասկանում են հանքարդյունաբերության վնասները, սակայն այլ տարբերակ չունեն՝ ապրել է պետք…

Թանկ վառելափայտը գյուղացուն ստիպել է խնայող վառարան ստեղծել (տեսանյութ)

http://www.a1plus.am/1497143.html

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի 81-ամյա բնակչուհի Հրանուշ Խառատյանն արդեն 20 տարի է՝ ապրում է միայնակ: Զավակները բռնել են արտագաղթի ուղին, բայց նա չի դժգոհում իր ճակատագրից.

«Շատ լավ է, ի՞նչ է եղել մեզ։ Գյուղի ապրող, ամեն ինչով ապահովված»,-ասում է նա իրեն այցելած հայ եւ վրացի լրագրողներին։ Նրա լավատեսությունը, սակայն, չի կիսում գյուղի ուսուցչուհին: Նա հերթով ցուցադրում է գյուղի լքված տները:

«Տեսեք՝ ինչքան փակ դռներ կան: Դպրոցն է փոքրանում, աշակերտ չկա: Մենք էլ Բ դասարան չունենք»,- նշում է Մարիետա Դանիելյանը։

Անտառամերձ համայնքի բնակիչները անտառի բարիքներից գրեթե չեն օգտվում։ Վառելափայտը գնում են՝ 1 խորանարդ մետրի համար վճարելով 6-10 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանի սահմանամերձ համայնքների բնակիչները նույն չափի վառելափայտը գնում են մոտ 1500 դրամով։

Թեեւ գյուղը գազաֆիկացված է, սակայն կապույտ վառելիքն այստեղ թանկ հաճույք է։
«Ես մրսելով 30 հազար դրամի գազ եմ վառում: Մի մեծ ընտանիք՝ 6-7 հոգով մի սենյակում են քնում, որովհետեւ այդ մի սենյակն է տաքացվում, դա իմ ընտանիքը չէ, բայց գյուղում գրեթե բոլորի մոտ է այդպես: Ամեն ինչ մի սենյակում է կատարվում, երբ մարդիկ ահռելի տներ են սարքել, բայց մնացած սենյակները բորբոսնում են»,-նշում է ուսուցչուհին:

Մարգահովիտի գյուղապետ Սամվել Անանյանի խոսքով՝ ձմեռն իրենց մոտ երկար է տևում՝ մոտ 6 ամիս, ուստի գազ վառելու մասին խոսք լինել չի կարող: «Անպայման պետք է ունենանք վառելափայտ: Վառելափայտն էլ մի քիչ որ մատչելի լիներ… ցանկալի կլինի, որ իջեցնեն գինը»,-ասաց նա:
Կառավարության որոշմամբ՝ անտառամերձ համայնքի բնակիչներին 8 խորանարդ մետր թափուկ է տրամադրվում անվճար, սակայն, տեղացիների խոսքով, անտառն այդքան թափուկ չի արտադրում. «Դե, հայթայթում են, ուժեղ քամիներ են լինում, ծառ է ընկնում, ձյան ժամանակ ճյուղեր են կոտրվում, բայց դժվարություններ կան այդ թափուկը տուն հասցնելու համար՝ ճանապարհ չկա, որ տրանսպորտ մոտենա»,-ասում է գյուղապետը:

Համայնքի բնակիչներից Արմեն Սաֆարյանը գտել է լուծումը։ Նա վառարան է ստեղծել, որը թույլ կտա էապես խնայել վառելափայտը. «Փայտն այրվելու ժամանակ արտադրում է գազ, այն բոցը, որ դուրս է գալիս, կոչվում է պիրոլիզ: Խնդիրը նրանում է, թե ոնց պետք է օգտագործես այդ պիրոլիզը: Այս վառարանը կոչվում է շախտնի պիրոլիզնի կատյոլ: Այրումը կատարվում է ներքևից, կրակը բարձրանում է ոչ թե վերև, այլ գնում է հորիզոնական՝ կողք: Պետք է այնպես անես, որ միայն փայտ չվառես, փայտի հետ այլ բան վառես, որ տնտեսես»:

Արմեն Սաֆարյանն իր ստեղծած վառարանն առաջինը փորձարկել է իր սեփական տանը: Ասում է՝ եթե սովորական վառարանով ձմռան ընթացքում 15 խորանարդ մետր փայտ էին օգտագործում, ապա նոր վառարանի շնորհիվ դրա ուղիղ կեսն են օգտագործում:

Խնայող վառարանի գինը սկսվում է 500 դոլարից: Արմեն Սաֆարյանն առայժմ երկու վառարան է վաճառել: Ասում է՝ փորձնական շրջանում է, եթե գործն արդարացրեց իրեն, ապա կշարունակի զբաղվել դրանով:

ტყის მართვა საქართველოსა და სომხეთში {VIDEO}

http://garb.ge/news/tqhis-marthva-saqarthvelosa-da-somkhethshi-video/

ქართველი ჟურნალისტები მსოფლიო ბანკის პროექტის ფარგლებში სომხეტის ტყეებში შექმნილ ვითარებას გაეცნენ. სომხეთში ტყის კოდექსი 2005 წელს მიღეს, ამასთან ქვეყანაში რამდენიმე სახელმწიფო სტრუქტურა მოქმედებს, რომელსაც ტყის რესურსის დაცვა და გარემოზე ზრუნავა ვალება. რეგულაციების არსებობის მიუხედავად, ადგილობრივი გარემოსდაცვითი არსამთავრობო ორგანიზაციის ECOLOR- ის თანამშრომლები, ამბობენ, რომ სომხეთში ტყის მართვის სფეროში მრავალი ხარვეზია.

საქართველოში ტყის კოდექსი 1999 წლიდან მოქმედებს. თუმცა ტყის მდგრადი მართვის განსახორციელებლად, ერთი წლის წინ გარემოს დაცვის სამინისტრომ მუშაობა ახალ კოდექსზე დაიწყო. სატყეო პოლიტიკის სამსახურის უფროსის განმარტებით, ახალი დოკუმენტი მეზობელ ქვეყნებში მოქმედი კოდექსისგან განსხვავდება და მეტად მიახლოებულია ევროკავშირის სტანდარტებთან.

სინქრონები:
ნაზილ ვარდანიანი – არსამთავრობო ორგანიზაცია „სომხური ტყის“ პრეზიდენტი;
ლუბა ბალიანი – ფლეგ (ENPI/FLEG) პროგრამის კოორდინატორი სომხეთში;
კარლო ამირგულაშვილი.- სატყეო პოლიტიკის სამსახურის უფროსი;
რეზო გეთიაშვ&a



Հոկտեմբեր 19, 2016 at 19:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր