

ԷկոԼուր
«Հայաստան Ծառատունկ Ծրագիրը»-ը Վայոց ձորի Չիվա համայնքի գլխավոր ճանապարհի հարևանությամբ հոկտեմբերի 26-ին բացեց իր չորրորդ տնկարանային տնտեսությունը:
Չիվայում տնկարանի հիմնադրման նպատակն է Հայաստանի հարավային շրջաններին և Արցախի տեղամասերին մատակարարել տեղական ծառատեսակներ:
«Այս տեղամասի ընտրման պատճառներից մեկն էլ այն է, որ Վայոց ձորը Հայաստանի գինեգործության հայրենիքն է: Մենք ցանկանում ենք, որ այս տնկարանը ևս մեր Կարինի տնկարանի նման դառնա զբոսաշրջիկների կողմից ամենասիրված վայրերից մեկը», - ասել է «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը:
Ծառերից բացի «Հայաստան Ծառատունկ Ծրագիրը»-ը նպատակ ունի պահպանել և աճեցնել հնագույն ժամանակներց ի վեր Հայաստանում աճեցվող խաղողի տեղական տեսակներ: Տնկարանի բացման ընթացքում կազմակերպության ղեկավարները տնկել են խորհրդանշական խաղողի որոշ տեսակներ՝ այդ թվում, Արենի, Գեղանի, Մսխալի և Սպիտակ արաքսենի սորտերը:
«Հայաստան Ծառատունկ Ծրագիրը» տնկարաններ ունի Կարին, Խաչփար և Մարգահովիտ համայնքներում: Տնկարաններում աճեցվող բույսերի և ծառատեսակների շնորհիվ՝ «Հայաստան Ծառատունկ Ծրագիրը» աշխատատեղերով և հազարավոր տնկիներով է ապահովում տեղի և հարակից բնակավայրերի բնակչությանը: Տնկարանները նաև ծառայում են որպես հետազոտական և փորձարարական կենտրոններ, որտեղ անցկացվում են ծառերի բազմացման, պատվաստման և ոռոգման տարբեր մեթոդների փորձարկումներ, բնապահպանական կրթական դասընթացներ բոլոր դպրոցահասակ երեխաների, մասնագետների և տեղացի գյուղատնտեսների հետ:
Հիմնադրումից մինչ այժմ «Հայաստան Ծառատունկ Ծրագիրը» տնկել է ավելի քան 5 միլիոն ծառ:
Այս մասին տեղեկացնում է «Հայաստան Ծառատունկ Ծրագիրը»-ը:
Նոյեմբեր 08, 2016 at 15:36
