Շնողի բնակիչ՝ քանի գազը թանկ է, անտառի կողքը ավտոմատով մարդ կանգրացրու, անտառը կհատեն

Շնողի բնակիչ՝ քանի գազը թանկ է, անտառի կողքը ավտոմատով մարդ կանգրացրու, անտառը կհատեն

ԷկոԼուր

Գազը գյուղական համայնքների բնակիչների գրպանին հասու չէ: Նույնիսկ գազիֆիկացած համայնքներում փայտ են վառում: «Կասկածում եմ, որ թեկուզ մեկ հոգի կա, ով կարող է իրեն թույլ տալ ձմռանը գազ վառել: Դա ոչ մեկի գրպանին հասանելի չէ, նույնիսկ միջին խավի համար: Մեր համայնքն ունի 932 ծուխ: Տների 90 տոկոսը գազաֆիկացված է, բայց մարդիկ օգտագործում են փայտանյութ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Շնողի նախկին համայնքապետ Հովհաննես Սահակյանը:

Շնողում մեկ ընտանիքը տարեկան միջինը օգտագործում է 15 խմ վառելափայտ: Վառելափայտի 1 խմ արժե 8000-10.000 դրամ: «Տարեկան կտրվածքով մեկ ընտանիքը վառելափայտով տաքանալու համար ծախսում է 120.000-150.000 դրամ: Իսկ եթե գազ օգտագործես, ամիսը այդքան կնստի: Էլեկտրաէներգիայի գնի տակից էլ չես կարող դուրս գալ», - ասաց Հովհաննես Սահակյանը ու շեշտեց. «Եթե մարդը էժան գազ ստանա, անտառ չի հատի, բայց քանի դեռ փայտը գազից մատչելի է, թեկուզ տար անտառի կողքը ավտոմատով մարդ կանգնացրու, միևնույն է, անտառը պիտի հատվի»:

Հովհաննես Սահակյանը Հայաստանին անհրաժեշտ համարեց արևային էներգիայի օգտագործմանն անցնելը:

«Մենք պետք է արևային էներգիան օգտագործենք, սակագնային քաղաքականությունը պետք է փոխվի, և շեշտը դրվի էլեկտրաէներգիա ստանալու ճիշտ ու անվտանգ աղբյուրների վրա: Թե չէ ՀԷԿ-եր են կառուցում, գետի հուն են կիլոմետրերով փոխում, բնական վիճակ են խեղաթյուրում, խողովակաշարեր են անցկացնում անտառի միջով՝ երբեմն շատ ծառահատումներով: Կարելի է կառուցել, բայց ոչ այս մաշտաբով: Մենք կարող ենք բնությանը չվնասելով ստանալ էներգիա», - իր տեսակետը ներկայացրեց Հովհաննես Սահակյանը:

Արևային էներգետիկայի ոլորտում միջազգային հեղինակություն համարվող, արդյունաբերական մասշտաբի բազմաթիվ արևային կայանների նախագծերի հեղինակ, ամերիկահայ դոկտոր Փիթեր Գևորկյանն էլ ԷկոԼուրին տված հարցազրույցում նշել էր. «Արևային էներգիայի զարգացման համար երկրագնդի ամենալավ վայրը Հայաստանն է, և այստեղ մեկ քառակուսի մետրի վրա արևային էներգիան շատ ավելի բարձր է, քան այլ երկրներում»:

 

Դեկտեմբեր 01, 2016 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր