Անտառների միջազգային օրվա թեման է «Անտառը և էներգիան»

Անտառների միջազգային օրվա թեման է «Անտառը և էներգիան»

ԷկոԼուր

Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է: 2017թ-ի օրվա թեման է «Անտառը և էներգիան»: Օրվա առթիվ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում գրված է. «Փայտային վառելիքը աշխարհում ապահովում է վերականգնվող էներգիայի 40 տոկոսը: Նույնքան էներգիա են ապահովում արևային, հողմային և ջրային էներգիաները միասին վերցրած: …Աշխարհում` մեծամասամբ զարգացող երկրներում, շուրջ 900 միլիոն մարդ ժամանակավոր կամ մշտական կարգով աշխատում է անտառային էներգետիկայի ոլորտում: …Վառելափայտային էներգետիկայի ոլորտի արդիկականացումը կարող է առողջացնել գյուղական համայնքների տնտեսությունը և խթանել ձեռնարկատիրական գործունեությունը: …Անտառների պոտենցիալը որպես վերականգնվող էներգիայի գլխավոր աղբյուր բացահայտելու համար անհրաժեշտ է ավելացնել ներդրումների և տեխնոլոգիական ինովացիների մակարդակը և անտառները կայուն կառավարել: Դրանք ներդրումներ են մեր կայուն ապագայի համար»:

Որպես էներգետիկ ռեսուրս` Հայաստանում վառելափայտը կենսազանգվածի հետ միասին կազմում է էներգետիկ սեկտորի 5.1 %-ը: Սա մեծ ծանրաբեռնվածություն է անտառների վրա, քանի որ Հայաստանը սակավանտառ երկիր է, որտեղ անտառծածկը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տվյալներով կազմում է 11.2 %, իսկ տարբեր անկախ փորձագետների հաշվարկներով՝ 7-ից 10 %:

Հայաստանում անտառն օգտագործվում է որպես վառելափայտ, սակայն անտառի վերականգնման համար գործուն քայլեր չեն իրականացվում, պետությունը միջոցներ չի տրամադրում:

Մոտ ժամանակաշրջանում հնարավոր չէ Հայաստանում անտառային էներգետիկա զարգացնել: Այդ օրվան հասնելու համար ՀՀ կառավարությունը դեռ պետք է կարողանա Հայաստանի անտառածածկը հասցնել 20.1 տոկոսի, ինչը հանձն է առել որպես կլիմայի փոփոխության մեղմման միջոցառում: Իսկ այդ ցուցանիշին պետք է հասնել մինչև 2050 թվականը:

 

Մարտ 21, 2017 at 15:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր