

ԷկոԼուր
ՀՀ պետական անտառային կոմիտեի ստեղծման առաջարկը քննարկվեց «Անտառի ոլորտին առնչվող օրենսդրության և կառավարման կառուցվածքի փոփոխությունների» հանրային քննարկման ժամանակ: ENPI FLEG 2 ծրագրի շրջանակներում առաջարկվում է Կոմիտեի կառավարման տակ միավորել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառային ֆոնդի հողերը և բնության հատուկ պահպանվող տարածքների անտառային հողերը:
Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերահսկողության տակ է գտնվում 344,2000 հեկտար անտառային հող, որից անտառածածկ է 277,1000 հեկտարը: Այս անտառային հողերի կառավարումն իրականացվում է «Հայանտառ» 19 անտառային տնտեսությունների կողմից: Բնության հատուկ պահպանվող տարածքներում` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան», «Սևան», «Արևիկ» ազգային պարկերում և 13 արգելավայրերում անտառային լանդշաֆտները զբաղեցնում են 110 269.2 հեկտար տարածք՝ կազմելով ԲՀՊՏ-ների ընդհանուր տարածքի 28.5 %-ը:
Մասնավորապես «Կայուն Կովկաս» ծրագրի (SCOPE) ազգային համակարգող Արմեն Գևորգյանը կարծիք հայտնեց, որ անտառի նկատմամբ «Հայանտառ»-ը վերահսկողության խնդիրներ ունի և միավորման դեպքում այդ խնդիրները կտեղափոխվեն նաև ԲՀՊՏ-ներ, ինչը չի կարելի թույլ տալ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն իր հերթին նշեց, որ անտառային ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Բարեփոխումներ «Հայանտառ»-ը պարբերաբար առաջարկում է, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով չեն ընդունվում: «Օրինակ, մենք առաջարկել ենք վերհանել Անտառային օրենսգրքի և ԲՀՊՏ-ների մասին օրենքի հակասությունները և իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Շրջանառության մեջ դրեցինք «Անտառային ծառայության» մասին օրենքը: Ցավոք սրտի, լուծումներ չեն տրվում: Ակնհայտ է, որ անտառամերձ համայնքների բնակչությունը վառելափայտ է օգտագործում, և սպասել, որ առաջիկա տարիներին նրանք կանցնեն գազի, շատ լավատեսական է: Կարևորագույն խնդիր է ապահովել օրինական ճանապարհով անտառամերձ համայնքների վառելափայտի խնդիրը»,- եզրակացրեց Մարտուն Մաթևոսյանը:
Քննարկվեցին նաև Հողային օրենսգրքի 25-րդ հոդվածում անտառային հողերի վերաբերյալ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումների փոփոխությունները: Օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները ներկայացրեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:
Քննարկումն անցկացվեց Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի Անտառային օրենսդրության կիրառման և կառավարման բարելավման (ENPI FLEG) 2-րդ ծրագրի շրջանակներում` Ավստրիական զարգացման գործընկերության և Համաշխարհային բանկի աջացկությամբ:
ENPI FLEG 2 ծրագրի նպատակն է բարելավել անտառների կառավարումը:
Ապրիլ 25, 2017 at 15:01





