

ԷկոԼուր
Մասնագետները Հայաստանի անտառների վիճակը գնահատում են ծանր: «Հայաստանի անտառները որակապես քայքայվել, դեգրադացվել են: Անտառվերականգնումը հիմա առաջնային խնդիր է»,- ԷկոԼուրի հետ զրույցում անտառների վիճակին նման գնահատական տվեց ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտների» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը:
«Ապօրինի հատումների արդյունքում ունենք անտառի արժեքավոր ծառերի փոփոխություն անարժեքներով, և ունենք անտառային տարածքների դեգրադացման խնդիր: Բազմաթիվ բարձրարժեք անտառներ, որոնք հատվել են անկախությունից հետո, փոխարինվել են կոճղաշիվային անտառներով»,- ասաց «Կայուն Կովկաս» ծրագրի (SCOPE) ազգային համակարգող Արմեն Գևորգյանը:
«Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ» նախագծի համաձայն` 1993 թ-ից հետո էներգետիկ ճգնաժամային տարիներին անտառը ոչ միայն ենթակրվել է ապօրինի հատումների, այլև այդ ժամանակահատվածի օրինական հատումներն էլ են կրել տարերային բնույթ, քանի որ անտառային տնտեսություն վարող համակարգը չուներ ոչ փորձ, և ոչ էլ տեխնիկական հնարավորություններ մթերելու և հանրապետության բնակչության պահանջարկը վառելափայտի նկատմամբ բավարարելու համար: Արդյունքում այն հանգեցրեց երկրի անտառային էկոհամակարգերի զգալի փոփոխության։
Փայտանյութի բարձր պահանջարկի հետևանքով անտառհատումները դեռևս գերազանցում են անտառի բնական վերականգնման ծավալները: Ըստ 2013-2014 թվականների «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված վառելափայտի սպառման ծավալների ուսումնասիրության արդյունքների, այն շուրջ 25 անգամ գերազանցում է օրինական հատումներից իրացված փայտանյութի ծավալը:
Անտառների վիճակի վատթարացումն էլ ավելի խորացավ 2010 թվականից հետո, երբ պետությունը դադարեցրեց անտառվերականգնման ծրագրերի ֆինանսավորումը:
Անտառների պահպանման և վերահսկողության համար պատասխանատու «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր հիմնական գործառույթը` անտառաշինություն, վերարտադրողականություն և պահպանություն իրականացնելու փոխարեն զբաղվում է անտառի սանիտարական և խնամքի հատումներով, որից ստացված եկամուտների շուրջ 80 տոկոսը ուղղում է աշխատավարձերի վճարմանը:
«Հիմա տարեկան տնկվում է, կամ մենք նպաստում ենք հարյուրավոր հեկտար անտառների աճին, իսկ եթե կառավարությունն աջակցի, կարող ենք խոսել 2000-2500 հա անտառի մասին տարեկան, ինչը մեր բնությանը կենսականորեն անհրաժեշտ է»,- ասում է Հովիկ Սայադյանը:
Հայաստանի համար օպտիմալ անտառապատվածության ցուցանիշ է համարվում 20.1 %-ը: Հայաստանի անտառները և անտառային հողերը 1993 թվականի կատարված անտառների պետական վերջին հաշվառման արդյունքներով կազմում է երկրի տարածքի շուրջ 11.2 %: Անկախ փորձագիտական տվյալների համաձայն այս ցուցանիշը նվազել է մինչև 7-8 տոկոսի:
Սեպտեմբեր 20, 2017 at 17:39
