

ԷկոԼուր
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մշակել և ՀՀ կառավարության www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի բոլոր անտառները` այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների անտառները, հանձնել մեկ մարմնի կառավարմանը:
Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը անտառների կառավարման գործառույթներ է իրականացնում անտառային հողերի շուրջ 75 %-ի վրա: Անտառների 25 %-ը, որոնք բնության հատուկ պահպանվող տարածքներում են, կառավարվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Ըստ հայեցակարգի նախագծի` «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերափոխվի պետական բոլոր անտառները կառավարող առանձին պետական լիազոր մարմնի` Անտառային պետական կոմիտեի: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Սևան» ազգային պարկ, «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Արգելոցապարկային համալիր», «Զիկատար» բնապահպանական կենտրոն, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ների վերակազմակերպման միջոցով կստեղծվեն Անտառային պետական կոմիտեի ենթակայությամբ գործող տարածաշրջանային կազմակերպություններ: Կոմիտեի անմիջական ենթակայությամբ կձևավորվի անտառային պետական ծառայություն` որպես անտառների պահպանությունն իրականացնող մարմին:
Կոմիտեն պետք է կատարի կառավարման և ծառայություններ մատուցող գործառույթներ, իսկ անտառտնտեսությունները կիրականացնեն տնտեսվարման գործառույթներ, որոնց նկատմամբ բնապահպանական վերահսկողությունը պետք է իրականացնի ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Հայաստանի անտառների կառավարումը մեկ մարմնի հանձնելու առաջարկությունը միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից: ԷկոԼուրի հետ զրույցում «Կայուն Կովկաս» ծրագրի (SCOPE) ազգային համակարգող Արմեն Գևորգյանն ասաց, որ չի աջակցում կոմիտեի կազմում բնության հատուկ պահպանվող տարածքների ներգրավման գաղափարին: «Կարծում եմ, որ դրանք թե իրավական, թե նպատակային, թե գործառնական տեսանկյունից տարբեր օբյեկտներ են և դրանց միավորումը միևնույն կառույցի կազմում նպատակահարմար չէ: Մենք պետք է առաջնորդվենք ֆունկցիաների և պատասխանատվությունների հստակ ձևակերպմամբ, անտառային ոլորտի կառավարման հարցերում բոլոր թույլ կողմերը պետք է ունենան պետական ուշադրություն»,- ասաց Արմեն Գևորգյանը:
«Գաղափարը վատը չէ, բայց այն պետք է հիմնավորված լինի: Մենք այս պահին ունենք կադրային պակաս և պարզ չէ, թե դրանք ինչպես են լուծվելու: Վերջիվերջո, նրանք պետք է կառավարեն անտառը»,- ասաց ՄԱԶԾ-ի «Հողերի և անտառների կայուն կառավարում հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտների» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը:
ԷկոԼուրը շարունակելու է հրապարակել կարծիքներ այս հարցի վերաբերյալ:
Սեպտեմբեր 26, 2017 at 16:11
