

ԷկոԼուր
Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքը հայտնվել է ծանր վիճակում, քանի որ լուծված չէ համայնքի ջեռուցման հարցը: «Մեր գյուղը ջեռուցման լուրջ խնդիր ունի, քանի որ փայտի վաճառքը արգելել են: Արդեն ձյուն է գալիս, բայց մարդկանց 90 տոկոսը ջեռուցման փայտ չունի: Ձմռանը ջեռուցման խնդիրը Արթիկի շրջանի համայնքներում ահավոր է»,- ասաց Փոքր Մանթաշի համայնքապետ Ժիրայր Հակոբյանը:
Փոքր Մանթաշ համայնքը գտնվում է ծովի մակարդակից 1960մ բարձրության վրա: Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը` տևական, հաստատուն ձնածածկույթով: Այս պայմաններում բնակիչները կամ արտագաղթում են ընտանիքներով, կամ մեկնում արտագնա աշխատանքի:
Հայաստանում անտառները հատվեցին և հատվում են անխնայաբար: Փորձագիտական տվյալների համաձայն` տարեկան վառելափայտի պահանջարկը մոտ 650 հազար խմ է այն դեպքում, երբ թույլատրվող հատումների ծավալը 30-35 հազար խմ-ից ոչ ավելի է: Պետությունը խստացրել է հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքներում անօրինական հատումների դեմ պայքարը: Արդյունքում գյուղերը կանգնել են վառելափայտի ձեռքբերման խնդրի առաջ:
Հայաստանի անտառների պահպանման հարցը մեզ համար պետք է լինի առաջնային: Մենք չունենք արդյունաբերական նշանակության անտառներ: Հայաստանի անտառներն ունեն զուտ պահպանական նշանակություն` հողի էրոզիայից պաշտպանություն, ջրահավաք ֆունկցիա, թթվածնի արտադրում և կլիմայական փոփոխությունների մեղմում, կենսաբազմազանության պահպանում: Եվ մենք իրավունք չունենք այս անտառն այրել վառարաններում: Պետությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի և այլընտրանքային ջեռուցման ծրագրեր առաջարկի համայնքներին, որոնք կանգնել են ցրտին դիմակայելու խնդրի առաջ: Հայտնի է, որ սոցիալապես անապահով համայնքները ոչ գազիֆիկացված լինելու, կամ բարձր սակագների պատճառով չեն օգտվում գազից: Գազ օգտագործում են գյուղերի սակավաթիվ ապահովված ընտանիքները:
Անդրադառնալով Փոքր Մանթաշի խնդրին` նշենք, որ ըստ համայնքապետի` 2011 թվականին Փոքր Մանթաշում գազաֆիկացման ծրագիր է իրականացվել, սակայն խողովակաշարը 4 կիլոմետր պակաս է տարվել: «Այդ խնդրով դիմել ենք նույնիսկ հանրապետության նախագահին, վարչապետին, ասում են կանենք, բայց դեռ բան չկա»,- ասաց համայնքապետը:
Նոյեմբեր 15, 2017 at 14:49