

ԷկոԼուր
Հայաստանի անտառները հանձնվեցին ՀՀ բնապահպանության նախարարության պահպանությանը:
Նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին: Հայեցակարգի համաձայն` հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակման, ներդրման և իրականացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքում կձևավորվի անտառների պետական կոմիտե և անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության վարչություն: Կոմիտեի կառավարման ներքո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերակազմավորման միջոցով կստեղծվեն անտառային տնտեսությունները վարող ՊՈԱԿ-ներ և կձևավորվի անտառների պահպանությանը նպատակաուղղված պարեկապահակային գործառույթներ իրականացնող անտառային պետական ծառայություն:
Նշենք, որ մինչ այդ Հայաստանի անտառների 75%-ը կառավարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, 25%-ը, որը բնության հատուկ պահպանվող տարածքների կազմում է, ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Անտառային կոմիտեի ստեղծման և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերաձևավորման մասին իրավական ակտերը ՀՀ բնապահպանության նախարարությունը կմշակի և կառավարություն կներկայացնի 2017թ-ի դեկտեմբեր և 2018թ. հունվար ամիսների ընթացքում:
Որպես փոփոխությունների արդյունք ակնկալվում է ունենալ ՀՀ անտառների կայուն կառավարման համակարգ և ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետություն:
Անտառային ոլորտի բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 3 տարվա ընթացքում:
Դեկտեմբեր 06, 2017 at 15:42
