

ԷկոԼուր
Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչներն ահազանգում են, որ իրենց համայնքի մերձակա անտառներում կատարվող ծառահատումների արդյունքում կարող են առանց խմելու ջուր մնալ:
«Մեր գյուղի խմելու ջրի աղբյուրի, ջրագոյացման ավազանների շուրջ գոնե չհատվեր անտառը, որովհետեւ էկոլոգիական աղետ է սպառնում: Խմելու ջրի խնդրի առաջ կկանգնենք: Արդեն պրոբլեմը կամաց ի հայտ է գալիս»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Աչաջուրի բնակիչ Յուրի Միրզոյանը:
Ըստ նրա, եթե անտառի պահպանությունը համայնքին տրվեր, անտառը անխնա չէր հատվի: «Համայքի վերահսկողության ներքո երեւի թե հիսուն տոկոսով հատումը կդադարեր: Հիմա անխնա են հատում: Մենք` տեղացիներս, որեւէ իրավասություն չունենք նրանց ձեռքը բռնելու: Հատողներն էլ են իրենք, ստուգողներն էլ են իրենք, տանողներն ու վերավաճառողներն էլ»,- ասաց նա:
Աչաջուրցիներն ասում են, որ անտառահատման պլանները չեն համապատասխանում իրական հատումների ծավալներին: «Մենք, ունենալով հազար տնտեսություն, յուաքանչյուր տնտեսությունը միջին հաշվով օգտագործում է 7խմ, սակայն իրականում այդքան հատման պլան չկա : Այդ թվերը որտե՞ղ են տեղավորում, պետական բյուջեն ի՞նչ է գնում»,- հարցնում են բնակիչները:
Աչաջուրցիները մտահոգվում են նաեւ, որ անտառի բարիքները ըստ պաշաճի չեն օգտագործվում: Նրանց մեծ ցանկությունն է, որ իրենց մոտ որեւէ ձեռնարկություն ստեղծվի, աչաջուրցիներն ապահովվեն աշխատանքով եւ զբաղվեն անտառային հատապտուղնեի վերամշակմամբ եւ դեղաբույսերի հավաքմամբ:
Լուսանկարը` www.tesankyun.am կայքի
Նոյեմբեր 16, 2011 at 12:28
