ՀԱՅԱՍՏԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՑՈՒՑԱՆԻՇ՝ ՏՆԿԵԼՈՎ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԾԱՌ ԼՈՌՎԱ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՑՈՒՑԱՆԻՇ՝ ՏՆԿԵԼՈՎ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԾԱՌ ԼՈՌՎԱ ՄԱՐԶՈՒՄ

«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ

Հայաստան Ծառատունկ Ծրագիրը («Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ), համագործակցելով ՀՀ կառավարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ (ԲՀՀ), իրականացնում է աննախադեպ լայնամասշտաբ անտառտնկման ծրագիր Լոռվա մարզի Ջրաշեն և Ծաղկաբեր համայնքներում:

«Հարավային Կովկասում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացում անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով» ծրագիրը իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (ԲՀՀ Գերմանիայի, Կովկասի և Հայաստանի մասնաճյուղեր), ՀՀ Բնապահպանության և Գյուղատնտեսության նախարարությունների («Հայանտառ» ՊՈԱԿ),  «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի, Ջրաշեն և Ծաղկաբեր համայնքների վարչական տարածքների համագործակցության արդյունքում: Ծրագիրը ֆինանսավորվում է գերմանական KfW բանկի կողմից` կլիմայի փոփոխության միջազգային նախաձեռնության շրջանակներում:

Ծրագիրը սկիզբ առավ 2008 թվականի վերջին, և մինչ օրս վերոհիշյալ ծրագրի շրջանակներում «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամը տնկել է մեկ միլիոն  տնկի: Սա տնկիների մի աննախադեպ թիվ է, որը կազմակերպությունը տնկել է մեկ տարվա ընթացքում: Անտառտնկման գոտին զբաղեցնում է  Լոռվա մարզի 400 հա անտառազուրկ տարածքը, որը հեռու չէ Սպիտակ քաղաքից:

«Կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում ամբողջ աշխարհում և Հայաստանը բացառություն չէ: Մենք ակնկալում ենք, որ կկարողանանք պայքարել ընդդեմ կլիմայի փոփոխության անցանկալի հետևանքների Հայաստանի այն տարածաշրջաններում, որոնք առավել խոցելի են: Անտառատունկը, թերևս, այս նպատակին հասնելու լավագույն լուծումներից մեկն է»,- նշեց  «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մհեր Սադոյանը:

Այս բնապահպանական ծրագիրը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել համայնքների բնակիչների համար, ովքեր հաճախ հարկադրված են  գաղթել արտասահման, մասնավորապես Ռուսաստան` իրենց ապրուստը այնտեղ հայթհայթելու: Ծրագրի նպատակներից է նաև զարգացնել համայնքների սոցիալ-տնտեսական կարգավիճակը: Ավելի քան 300 բնակիչ Ծաղկաբեր, Ջրաշեն և Մարգահովիտ համայնքներից մասնակցել են անտառտնկման աշխատանքներին այս ծրագրի շրջանակներում:

Ծրագրի իրականացման համար նախատեսված տնկիները բերվել են  Հայաստան Ծառատունկ Ծրագրի Մարգահովիտ համայնքի Միրաք տնկարանից, ինչպես նաև Գետիկի ավազանի գյուղերի տնամերձ տնկարաններից: Այս նորաստեղծ անտառը կազմված է կաղնու, սոճու, հացենու, թխկենու տնկիներից, որոնք բնորոշ են այս տարածաշրջանի համար:

«Հայաստան Ծառատունկ Ծրագիրը պատիվ ունի համագործակցելու գերմանական KfW բանկի և ԲՀՀ-ի հետ: Համատեղ ուժերով մենք պայքարում ենք կլիմայի փոփոխության դեմ և ստեղծում կանաչ ապագա գալիք սերնդի համար»,- շեշտեց Մհեր Սադոյանը:

Սկսած 1994 թվականից Հայաստան Ծառատունկ Ծրագիրը տնկել է ավելի քան  3,500,000 ծառ մեր երկրի 800-ից ավելի վայրերում, և հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվել կարիքավոր համայնքների համար: Կազմակերպության երեք կարևորագույն նպատակներն են` ծառատունկը,  համայնքի զարգացումը և աղքատության կրճատումը, բնապահպանական կրթությունը:

Դեկտեմբեր 24, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր