Հայաստանի և Վրաստանի անտառների խնդիրները՝ փորձագետների աչքերով

Հայաստանի և Վրաստանի անտառների խնդիրները՝ փորձագետների աչքերով

ԷկոԼուր

Ինչպես է կառավարվում անտառային ոլորտը Հայաստանում և Վրաստանում, որքանով է անտառամերձ բնակչությունը կախված անտառից և առաջնահերթ ինչ բարեփոխումներ է անհրաժեշտ իրականացնել այս երկու երկրներում անտառների վիճակը բարելավելու համար: Այս հարցերը քննարկեցին հայ և վրացի փորձագետներն ու լրագրողները ENPI EAST FLEG II ծրագրի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կազմակերպած վարպետության դասերի և մեդիա տուրի ընթացքում:

Լրագրողներ և փորձագետներ



Ինգա Զարաֆյան

Ներկայացնելով վարպետության դասերի և մեդիա տուրի անցկացման նպատակը՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ միջոցառումը միտված է նպաստելու անտառային ոլորտի հիմնախնդիրների և պատասխանատու կառույցների կողմից իրականացվող աշխատանքների մասին լրագրողների տեղեկացվածության խորացմանը, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների ու թողարկումների օգնությամբ անտառային ոլորտի թափանցիկության ապահովմանը ու հասարակական կարծիքի ձևավորմանը:

Սիրարփի Հայկազյան

Համաշխարհային բանկից FLEG II ծրագրի համակարգող Սիրարփի Հայկազյանի գնահատմամբ անտառների ոչ կայուն կառավարումը, ապօրինի հատումները, բնակչության սոցիալական վիճակը, կառավարության կողմից անտառային ոլորտի ոչ բավարար ֆինանսավորումը ընդհանուր խնդիրներ են ինչպես Հայաստանի, այդպես էլ Վրաստանի համար: «Կարծում եմ, որ այս ծրագրի միջոցով մենք կկարողանանք բարձրացնել այս ոլորտի կարևորությունը, պետական մարմինների ուշադրությունն անտառների նկատմամբ, և ակնկալում ենք բարելավել օրենսդրական դաշտը», - ասաց Սիրարփի Հայկազյանը:

Հայաստանում անտառային ոլորտի խնդիրները՝ ըստ փորձագետների

Հովիկ Սայադյան



Հովիկ Սայադյան, Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսոր. «Հայաստանում այսօր առաջին խնդիրը անտառի որակի կորուստն է, որն անհրաժեշտ է վերականգնել: Խնդիրն այստեղ հատումների մեջ չէ, այլ նրա, թե ինչպես են դրանք կատարվում՝ ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ քանակով, ինչը խաթարում է անտառի գենետիկական կազմը:
Բացի այդ, եթե այդ հատումները ճիշտ չեն կատարվում, առաջ են բերում հողի էրոզիա, շրջակա միջավայրի խնդիրներ, և անտառները իրենց էկոհամակարգային ծառայությունները՝ ջրապաշտպան գործոն, ջրակարգավորիչ, հողապաշտպան գործառույթ, ածխաթթու գազի կլանման գործառույթն արդյունավետ չեն կատարում, որի հետևանքով մեր անտառային էկոհամակարգերը հանդես են գալիս զգալիորեն ավելի ցածր իրենց էկոլոգիական հնարավորությունների շեմից: Այս առումով մենք խնդիր ունենք մեծ թվով անտառաբույծ մասնագետների, որոնք կզբաղվեն անտառի վերականգնման հարցով»:

Նազելի Վարդանյան


Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն. «Մենք ավելի շատ ենք հատում, քան տարեկան վերաճն է անտառի: Սա ազդում է և անտառի լրիվության, և տեսակային կազմի վրա: Կարող է՝ տեսնենք՝ ծառը կա, բայց այդ ծառն այն արժեքը չունի, որովհետև բարձրաժեք ծառատեսակները վերացել են և փոխարինվել են ցածրարժեք տեսակներով»:

Լևոն Գալստյան

Ըստ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի՝ ENPI East Countries FLEG II ծրագրի աջակցությամբ իրականացված «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի կամավորները Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում 2015թ-ին հայտնաբերել են մոտ 2500 ապօրինի հատված ծառ:

Պաշտոնական տվյալներով` 2015թ-ին ապօրինի հատվել է 1273 ծառ:

Լյուբա Բալյան

Լյուբա Բալյան, Հայաստանում Բնության Պահպանման Միջազգային Միությունից (IUCN) FLEG II ծրագրի համակարգող. «Յուրաքանչյուր այցի ժամանակ, որը տևում էր 3-4 օր, կամավորների կողմից հայտաբերվում էր 300-400 ապօրինի հատված ծառ: Այդ ծառերը հիմնականում տեղակայված էին շատ բարձր՝ թեք լանջերի վրա: Անզեն աչքով երևում է, որ դա ապօրինի հատված է: Ցանկացած ծառ, որ գտնվում է այդ թեքության վրա, չի կարող օրինական ձևով հատված լինել:
Ես գիտեմ, որ մոնիտորինգի ընթացքում եղել են խոչընդոտներ հենց անտառտնտեսության աշխատակիցների կողմից: … Դա նշանակում է, որ մեր այսօրվա անտառտնտեսությունը և ընդհանրապես մեր կառավարությունը պատրաստ չէ նման բացահայտումների:

Կան մարդիկ, ովքեր շահագրգռված են, որպեսզի ամբողջ մեր անտառային ռեսուրսը լինի ստվերային, քանի որ եթե ռեսուրսը հաշվառված չէ, դու կարող ես այն օգտագործել ոչ ռացիոնալ և անպատիժ: Անտառը հիմնականում հատվում է այն մարդու կողմից, ով ունի հասանելիություն, այսպես կոչված «մուտքի տոմս» դեպի անտառ, իսկ սովորաբար «մուտքի տոմս» ունի ոչ թե սովորական ինչ-որ գյուղացի, այլ մարդ, ով ունի համապատասխան կապեր: Իհարկե, կան սովորական բնակիչներ, ովքեր ներգրավվում են այդ գործընթացին՝ հատումներին, վաճառքին: Մենք ասում ենք, որ հիմնականում վառելափայտի համար է անտառը հատվում, չնայած բոլորս էլ արդեն հասկացել ենք, որ ոչ միայն վառելափայտն է: Խոշոր չափաբաժինն ընկնում է նաև բիզնեսի վրա, և կոմերցիոն հիմունքներով է վաճառքը լինում»:

Ռուբեն Պետրոսյան
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյան. «Ապօրինի հատումները, հատկապես այնպիսի երկրներում, որտեղ սոցիալական վիճակը ծանր է, միշտ էլ կլինեն: Այստեղ հարցը նրանում է, որ պետք է նվազեցնել դրանց քանակը: 1994 թվականին եղել է 450 հազար գրանցված ծառ (ապօրինի հատված) մեկ տարվա ընթացքում, 2004 թվականին՝ 32.000 ծառ, 2014 թվականին՝ մոտ 2000-3000 ծառ: Այսինքն, նվազում կա: Երբեք պաշտոնական տվյալները չեն համապատասխանի փորձագիտական տվյալներին, բայց փորձագիտական տվյալներն էլ ճշմարտության վերջին ատյանը չեն»:

Հրանուշ Խառատյան
ENPI FLEG I ծրագրի փորձագետ, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյան. «Մարդիկ կան, որ մի ծառը կտրելու համար դատվում են և վճարում են 150-250 հազար դրամ տուգանք, բայց այն մարդիկ, ովքեր կտրում են հարյուրավոր խորանարդ, եթե չասեմ տասնյակ հազարավոր, նրանք չեն դատվում: Եվ մինչև երկրում այս խնդիրը գործնական դատարանով չլուծվի, կարծում եմ, այս վիճակը կշարունակվի»:

Աղասի Մնացյան

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Աղասի Մնացյան. «Անտառային պետական մոնիտորինգը չի իրականացնում մոնիտորինգ բոլոր անտառային տարածքներում, իրականացնում է մասնակի կամ ընտրովի մոնիտորինգ, որովհետև մենք ունենք ընդամենը 19 աշխատակից, և 330.000 հեկտար մեկ տարվա ընթացքում ստուգել անհնար է»:

Վրաստանում անտառային ոլորտի խնդիրները բարեփոխումները

Մարիկա Կավտարիշվիլի

Մարիկա Կավտարիշվիլի, Վրաստանում Բնության պահպանման միջազգային միությունից (IUCN) FLEG II ծրագրի համակարգող. «Ամենամեծ խնդիրն այն է, որ անտառամերձ համայնքների բնակիչները մեծ կախվածություն ունեն անտառից: Անտառամերձ բնակիչների 70-95 տոկոսը որպես վառելիք օգտագործում է փայտանյութը: FLEG-ի ծրագրով մենք արդեն հաշվել ենք՝ ինչին կարող է հանգեցնել նման կախվածությունը: Եթե այս իրավիճակը չփոխվի, մոտակա 5 տարվա ընթացքում դա կարող է բերել անտառային էկոհամակարգի շատ լուրջ խնդիրների: Բնակիչները օգտագործում են փայտանյութ, որովհետև դա շատ ավելի մատչելի է, քան գազը: Վրաստանում անտառների հետ կապված խնդիրները լուծելու համար առաջին հերթին պետք է փոխել Անտառային օրենսգիրքը: Վրաստանի Ազգային անտառի գործակալությունն արդեն աշխատում է այդ ուղղությամբ: Նոր օրենսգիրքը պատրաստ կլինի 2017 թվականին: Ամենակարևորը նոր օրենսգրքի մեջ անտառների գոտիավորումն է, որը հստակ ցույց կտա՝ որտեղ ինչ է կարելի անել և ինչն է արգելված»:

Անի Անդրանիկաշվիլի

Վրաստանի Անտառի ազգային գործակալության Հանրային կապերի բաժնի ղեկավար Անի Անրդանիկաշվիլին ներկայացրեց Վրաստանում անտառային ոլորտի բարեփոխումները: Նա առանձնացրեց Անտառների ազգային ծրագիրը, որն ուղղված է անտառտնկումների, անտառվերականգնման, ազգային և օրենսդրական բարեփոխումներին, անտառների հաշվառմանը և մոնիտորինգի իրականացմանը, անտառների հարմավողականությանը կլիմայի փոփոխությանը և անտառների տնտեսական գնահատմանը:

Բնության հատուկ պահպանվող տարածքները

Սիրանուշ Գալստյան
Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում են 332.333 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի մոտ 11.17 %-ը: WWF-Հայաստանից ENPI EAST FLEG II ծրագրի համակարգող Սիրանուշ Գալստյանը հայտնեց, որ WWF-Հայաստանը ներկայումս իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքները միմյանց կապող էկո-միջանցքների ծրագիր: «Սա ենթադրում է լանդշաֆտների, հողերի օգտագործման ճիշտ պլանավորում: Այսպիսով հնարավոր կլինի ապահովել շատ կարևոր տարածքների պահպանությունը պահպանվող տարածքներից դուրս»:

Հայաստանի անտառամերձ գյուղերի կախվածությունը անտառից

Անահիտ Մկրտչյան
Անտառից ամենամեծ եկամուտ ստանում են սյունեցիները, ասաց IUCN-ի 2012-2016թթ. ազգային խորհրդատու Անահիտ Մկրտչյանը` նշելով, որ անտառից ստացած եկամուտի 53 տոկոսը վառելափայտն է:
Վիկտորյա Բուռնազյան

«Մեզ մոտ յուրաքանչյուր ընտանիք մեկ սեզոնի ընթացքում օգտագործում է 10-15 խմ փայտ, իսկ տարեկան պահանջարկը կազմում է 500-650 խմ՝ հիմնականում ջեռուցման նպատակով, - ասաց www.ecolur.org կայքի գլխավոր խմբագիր Վիկտորյա Բուռնազյանը: Նա ներկայացրեց 2004-2015 թթ. «Հայանտառ»-ի կողմից թույլատրված օրինական հատումների ծավալները և նշեց, որ դրանք բավականին քիչ են և չեն կարող ապահովել բնակչության պահանջարկը. «2015 թվականին օրինական հատումների ծավալը կազմել է 25.977 խմ, որից 3174 խ/մ նախատեսված է եղել շինարարության համար»:

Կադաստրային քարտեզներում անտառային հողերի տվյալների անհամապատասխանությունը

Վիկտորյա Բուռնազյան. «Լոռու և Տավուշի 18.600 հեկտար համայնքային անտառներ կադաստրային քարտեզներում նշված են որպես այլ հողատեսքեր: Մինչդեռ ոչ անտառային հողային կատեգորիաների 13.200 հեկտար տարածքը քարտեզագրվել է որպես անտառ: Տավուշի և Լոռու մարզերի 134 համայնքների նախկին վարչական սահմանների քարտեզագրական նյութերի ուսումնասիրության արդյունքներով՝ անճշտությունների մակարդակը կազմում է մոտ 31.800 հեկտար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում ացնկացված թրեյնինգի և մեդիա տուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:



Հոկտեմբեր 05, 2016 at 19:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր