Անտառային պատմություններ` ինչպես է «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառ տնկել (Լուսանկարներ)

Անտառային պատմություններ` ինչպես է «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառ տնկել (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ իրականացրել են անտառտնկում 67 հա հատված անտառի փոխարեն: Թեղուտի ծրագրի անմիջական ազդեցության տակ գտվնող Շնող համայնքում պետք է տնկեին 7 հա անտառ: ENPI EAST FLEG 2 ծրագրի շրջանակներում աշխատանքային խումբը եղավ Շնող գյուղում եւ այցելեց անտառտնկումների տարածք: Առաջին տնկիները տնկվել են 2009թ-ի գարնանը, այսինքն, 6 տարի առաջ: Դրանից հետո մի քանի տարիների ընթացքում տարածքում նորից ծառատունկ են արել: Լուսանկարներից պարզ երեւում է, որ  ոչ միայն երիտասարդ անտառ չկա, այլ թեկուզ աճող տնկիներ: Ամբողջ տարածքում կա 2 տասնյակ տնկիներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ջրի կողքին են եղել: Մնացած ողջ տարածքում ջուր չկա: Երեւում է, որ չի եղել համապատասխան ոռոգում եւ համապատասխան խնամք, ինչը համարվում է  անտառատնկման ծրագրի անհրաժեշտ եւ թանկարժեք մասը: Շնող համայնքի բնակիչները դեմ են եղել այդ ծրագրին, քանի որ Թեղուտի ծրագրի համար իրենցից օտարված հողերի հետ միասին կորցրեցին 7 հա գյուղատնտեսական նշանակության հող:

Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն պարտավորվել է Լալվարի անտառում, որտեղ իրականացվում է Թեղուտի ծրագիրը,  տնկել 714 հա անտառ 357 հա հատվող անտառի փոխարեն:

Ներկայացնենք Շնող համայնքում անտառների խնդրի վերաբերյալ տեղի ունեցած հանդիպման մանրամասները:  Հանդիպմանը մասնակցեցին Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը եւ Լալվարի անտառտնտեսության ներկայացուցիչները:

Հովիկ Սահակյան.

- Սա լուրջ խնդիր է: Ենթադրվում էր, որ 714 հա տարածքում անտառատնկումների հարցում «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է առաջնահերթությունը տար Շնող եւ Թեղուտ համայնքներին: Բայց որտեղի՞ց մեզ այդքան տարածք: Նման տարածքներ մենք պարզապես չունենք: Ամբողջ հողը սեփականաշնորհված է: Անտառտնկման տարածքը մեր  արոտավայրերն են: Մենք համաձայնել ենք տալ 17 հա, 7 հա` Շնող համայնքից, 10 հա` Թեղուտ համայնքից: Ընդորում, մենք բախվեցինք բնակիչների դիմադրությանը, ովքեր հրաժարվում էին տալ հողերը: Այդ ժամանակ մենք ասացինք, որ ավելի լավ է այգիներ տնկեք, այլ ոչ անտառ, ինչ տարբերություն: Նրանք մեզ համար հիմնեցին 13 հա այգի: Սեփականատերերի ցանկությամբ տնկում են ընկույզ եւ պնդուկ:

Իրավաբան-էկոլոգ նազելի Վարդանյան.

- Տարբերությունը մեծ է: Անտառը էկոհամակարգ է, իսկ այգին` ոչ: Եւ օրենքով նրանք հենց անտառ պետք է տնկեն, քանի որ ոչնչանում է անտառը:

Հովիկ Սահակյան.

- Այո, բայց մոնոկուլտուրաներից, որոնք տնկում են տարածքում, միեւնույնն է` անտառ չի ստացվի: Նրանք տնկում են այն, ինչ նրանց հաջողվում է ձեռք բերել: Մեզ ինչ նրանից, եթե նրանք անտառ տնկեն, օրինակ, Սիսիանում: Մեզ, մեր բնությանն ու մեր անտառին մեծ վնաս է պատճառվել:  Արտադրական ամբողջ մասը Շնող համայնքի տարածքում է: Շնողի 347 տնտեսությունից հողեր են վերցրել:

(ԷկոԼուրի նկատառում: Այգիների սեփականատերերին տնկիներ տրամադրելու դեպքում անչափ դժվար է հետեւել, թե որքանով են նպատակաուղղված ծախսվել գումարները, եւ ում կողմից են ձեռք բերվել տնկիները` սեփականատերերի, թե` ընկերության):   

ԷկոԼուր.

- Իսկ որքա՞ն մարդ է աշխատում «Թեղուտ»-ում:

Հովիկ Սահակյան.

- 253 մարդ:

Իրավաբան-էկոլոգ նազելի Վարդանյան.

- Իսկ ինչո՞ւ չեք ուզում տարածքը համայնքային անտառ դարձնել:

Հովիկ Սահակյան.

- Այդ տարածքում անտառ չի աճի, քանի որ տարածքում ջուր չկա, եւ ոչ ոք չի խնամում անտառը: Կպչողականությունը գրեթե զրոյական է:  

ԷկոԼուր.

- Իսկ օգտվո՞ւմ եք 8 խմ անվճար թափուկից:

Լալվարի անտառտնտեսության ներկայացուցիչ.

- Կան տնտեսություններ, որոնք ավելի շատ են օգտագործում, եւ նրանց պետք է հնարավորություն ընձեռնել գնել ավելին որոշակի նվազագույն գնով` խորանարդ մետրը 1000-2000 դրամով:

ԷկոԼուր.

- Ինչպե՞ս եք լուծում ջրի խնդիրը:

Հովիկ Սահակյան.

- Մենք հիմա ջուր վերցնում ենք նրանց տարածքից վերեւ ընկած աղբյուրներից: Բայց հետագայում կարող են լինել խնդիրներ: Մենք բնակիչներից բողոքներ ունենք, բայց դա կապված է պոչամբարի հետ, այնտեղից արտահոսքեր են լինում, եւ աղտոտված ջուրը հոսում է մի քանի բնակչի այգիներ: Ուզում եմ ավելացնել, որ անհրաժեշտ է անտառային սեկտորի բարեփոխում. անտառում աշխատող մարդիկ զրկված են հատուկ համազգեստից, տրանսպորտից, պաշտպանության միջոցներից, քիչ աշխատավարձ են ստանում: Ավելին, ոչ մի իրավունք չունեն: Համայնը նաեւ չի մասնակցում ոչ մի քննարկման:

Պարզվեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառատնկում է իրականացնում նաեւ Լոռու մարզի Օձուն եւ Եղեգնուտ համայնքներում:

Շարունակելի:

 
 
 
 
 

Սեպտեմբեր 03, 2015 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր