Ջիլիզայի անտառները պահպանվում են ՀՀ սահմանապահ զորքերի կողմից

Ջիլիզայի անտառները պահպանվում են ՀՀ սահմանապահ զորքերի կողմից

ԷկոԼուր

Լոռու մարզի Ջիլիզայի անտառներն ունեն սահմանային նշանակություն և բացի անտառտնտեսությունից նաև հսկվում են ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Ջիլիզայի անտառները սփռված են հայ-վրացական սահմանի երկայնքով: Անտառտնտեսության ընդհանուր տարածքը 15292 հեկտար է:

Ջիլիզայի անտառները Վրաստանի կողմից


Ջիլիզայի անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանը նշում է. «Անտառը մերն է: Ծառը վերջանում է՝ Վրաստանն է: Այդպես է գծված սահմանը»: Հարցին՝ գրանցվում են արդյոք ապօրինի հատման դեպքեր վրացական կողմից, Արամ Բարոյանը կարճ պատասխանեց. «Բացառվում է»:

Սահմանային զորքերի կողմից վերահսկողությունը իրականացվում է սահմանային գոտում, իսկ մնացած տարածքներում անտառի պահպանությունը իրականացնում է անտառտնտեսությունը:

Անտառտնտեսությունն ունի 19 անտառապահ և յուրաքանչյուրի հսկողության տակ ընկնում է 700-800 հեկտար տարածք: Ջիլիզայի անտառտնտեսության ավագ անտառապետ Լևոն Կիրակոսյանը խոստովանում է՝ դժվարություններ ունենում են: Դրանք հիմնականում կապված են բարդ ճանապարհների և անհրաժեշտ տեխնիկայի բացակայության հետ:

«Զենք չունենք, տրասնպորտ չունենք, անտառապահը տարածքը ոտքով է հսկում: Պատահում են ապօրինի հատումներ: Այս տարի ապօրինի հատման 13 դեպք ենք ունեցել», - ասում է Լևոն Կիրակոսյանը:

Անտառտնտեսության հարակից համայքներն ամբողջությամբ կախված են անտառից՝ անկախ նրանից՝ գազաֆիկացված են, թե՝ ոչ:

«Մեր տարածքում 7-8 համայնք ունենք, որից գազաֆիկացված չեն Շամլուղը, Բենդիկը և Ջիլիզան: Որ համայնքներն էլ գազաֆիկացված են, էլի փայտից են օգտվում: Նրանք գումար չունեն, որ գազին վճարեն», - ասում է անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանը:

«Կա կառավարության որոշում, ամեն ընտանիքի 8 խմ թափուկ ենք տալիս անվճար: Անցյալ տարի 2000 խմ թափուկ ենք տրամադրել համայնքներին: Եթե այդ 8 խմ իրենց չի բավարարում, հատատեղ ենք տրամադրում, գումարը վճարում են 9720 դրամ` 1 խմ դիմաց», - հայտնեց Լևոն Կիրակոսյանը:

Շամլուղ համայնքի ղեկավար Լենդրուշ Բեժանյանը նշեց, որ համայնքի բնակիչները սեզոնին օգտագործում են մոտավորապես 1200-1500 խմ վառելափայտ: Օգտվում են ոչ միայն Ջիլիզայի, նաև Լալվարի անտառտնտեսությունից: Բեժանյանի պնդմամբ՝ կոնֆլիկտներ բնակիչների և անտառտնտեսության աշխատակիցների միջև չեն լինում:
Շամլուղում ԷկոԼուրի տեսախցիկը գրեթե բոլոր բակերում ֆիքսեց կուտակված վառելափայտ: Բնակիչների հետ զրուցել չհաջողվեց: Տեսախցիկներից նրանք ակնհայտորեն խուսափում էին:




Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում ացնկացված թրեյնինգի և մեդիա տուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

Նոյեմբեր 04, 2016 at 10:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր