Արդյո՞ք հայ անտառապահներն էլ վրացի անտառապահների նման կունենան աշխատանքի պատշաճ պայմաններ

Արդյո՞ք հայ անտառապահներն էլ վրացի անտառապահների նման կունենան աշխատանքի պատշաճ պայմաններ

ԷկոԼուր

Հայ և վրացի անտառապահների աշխատանքային պայմանները միանգամայն տարբերվում են իրարից: ԷկոԼուրի կազմակերպած մեդիա տուրի շրջանակներում հայ-վրացական լրագրողական թիմը հանդիպեց երկու երկրների անտառպահների հետ և հետաքրքրվեց նրանց աշխատանքային պայմաններով:

Պարզվեց, որ Հայաստանում անտառապահներն անհրաժեշտ սարքավորումներ և տեխնիկա, համազգեստ չունեն, զինված չեն, մեկ անտառապահը 700-1500 հա անտառը վերահսկում է ոտքով: Աշխատավարձը մոտ 150ԱՄՆ դոլլարի չափով է:



Վրաստանում անտառապահի աշխատավարձը կազմում է մոտ 250 դոլլար: Ապահովված են անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով՝ մեքենաներով, որոնք երեք տարին մեկ թարմացվում են, հակահրդեհային սարքավորումներով, ունեն համազգեստ, անգամ զենք, որը կարող են օգտագործել ինքնապաշտպանության նպատակով:


Շուրջ 40 տոկոս անտառային ծածկույթ ունեցող Վրաստանում անտառային տնտեսություններ չկան: Փոխարենը գործում են անտառային ծառայություններ, որոնց աշխատանքը կարգավորում է Շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարության ներքո գործող Անտառի ազգային գործակալությունը:


Անտառային ծառայության գլխավոր մասնագետ Թեմուր Եբարաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ, օրինակ, ամբողջ Մառնեուլի շրջանում տարեկան հատվում է 50-60 հազար խմ փայտ: Ապօրինի հատումները, ըստ Թեմուր Եբարաշվիլիի, կազմում են դրա 10 տոկոսը: Ապօրինի հատումների նման քիչ տոկոսը պայմանավորված է ոչ միայն հսկողությամբ, այլ նաև վառելափայտի էժան գնով: 1 խմ փայտի համար Վրաստանում վճարում են 6 լարի (մոտ 1200 դրամ): Մինչդեռ Հայաստանում 1 խմ վառեփայտն արժե 7000-ից մինչև 12000 դրամ:

Նյութը պատրաստվել է ENPI FLEG II ծրագրի շրջանակներում ացնկացված թրեյնինգի և մեդիա տուրի շրջանակներում: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ:

Նոյեմբեր 04, 2016 at 09:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր