ԵԼՓԻՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԱՐԳԵԼԵՑ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ԵՐԿՐԱԲԱՆՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ «ԱՐԳԱՄԻԿ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԵԼՓԻՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԱՐԳԵԼԵՑ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ԵՐԿՐԱԲԱՆՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ  «ԱՐԳԱՄԻԿ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԷկոԼուր
 
Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի ավագանին գյուղապետին արգելել է «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության հետ համայնքի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ անցկացնելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Օգոստոսի 28-ին ավագանու որոշումը հրապարակվեց գյուղի ընդհանուր հավաքում, որին նաեւ մասնակցեցին «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության ղեկավարությունը եւ երկրաբանները, մարզպետարանի ներկայացուցիչները, «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը: (Տե’ս ֆոտոռեպորտաժը):
 
Կոնֆլիկտը սկսել է մոտ մեկ ամիս առաջ, երբ Ելփինի բնակիչները հայտնաբերեցին, որ իրենց տարածք ծանր տեխնիկա է մտել: Ի պատասխան փաստաթուղթ ներկայացնելու պահանջին` «ԱՐԳԱՄԻԿ» ընկերության ներկայացուցիչները ցույց են տվել 05.09.2008թ. թիվ 03Ա 081319 արտոնագիրը` ստորագրված ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից: Արտոնագրում նշված է ընկերության գրանցման տեղն ու անվանումը`«ԱՐԳԱՄԻԿ», գյուղ Մխչյան, Արարատի մարզ, եւ թույլատրված աշխատանքների տեսակը` հետախուզական աշխատանքներ եւ Ելփին գյուղում պղնձամոլիբդենային երեւակումների քարտեզագրում:

Հավաքին բնակիչների ելույթները կտրուկ էին. «Ընկերությունն ապօրինաբար է գործում…, եթե եկել եք հետախուզելու, ապա  նշանակում է, որ կշահագործեք, ձեզ արդեն ամեն ինչ հայտնի է, բայց մենք համաձայն չենք,… դա նշանակում է գյուղի վերջը, մենք այստեղից չենք գնա, … դուք գնացեք»:

Ամենամեծ առարկությունը կապված է նրա հետ, որ նախկինում գյուղում անցկացվել են ուրանի որոնման աշխատանքներ, եւ բնակիչները  վախենում են, որ հորատումները կարող են դիպչել կողքին գտնվող ուրանային երեւակումներին:

Հաջորդ առարկությունը կապված է գյուղում օգտագործվող ջրի ռիսկերի հետ: 60-70-ական թվականներին գյուղի տարածքում աշխատող երկրաբաններն ապրում էին տեղի բնակիչների տներում, եւ տարեցների խոսքերով` նրանք զգուշացրել են մի աղբյուրի ջրի օգտագործման վտանգավորության մասին: Թե ինչով է ջուրը վտանգավոր, ոչ ոք չգիտի, քանի որ այս տարիների ընթացում ոչ ոք չի զբաղվել հնարավոր ռիսկերի հարցերով: Ամեն դեպքում, բնակիչները լսել են  խորհուրդը եւ օգտվում են ուրիշ աղբյուրից, որը հանքավայրի շահագործման դեպքում կփակվի, եւ բնակիչները կզրկվեն ջրից:   

Տարածքում, որտեղ բերվել է տեխնիկան, գտնվում են պատմական հուշարձաններ, խաչքարեր, գերեզմաններ: Այնտեղ է գտնվում գաճաճ կեչիների յուրահատուկ պուրակը, բնակվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ եւ աճում Կարմիր գրքի բույսեր: Սա նաեւ որսավայր է:

Ավագանու խորհուրդը ՀՀ կառավարությանը դիմում է պատրաստում ներկայացնելու` այդ տարածքին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար:

Ավագանու խորհրդի որոշման մեջ թվարկված բլոր առարկություններն ունեն նաեւ իրավաբանական  հիմնավորում: Այսպես` արտոնագրի օգտագործողի իրավունքների սահմանափակման մեջ մասնավորապես նշված է, որ աշխատանքները չեն կարող անցկացվել առանց գրավոր համաձայնության, եթե տարածքը տեր ունի:  Տվյալ դեպքում տերը Ելփին համայնքն է:

«ԷկոԼուր»-ի խնդրանքին` մեկնաբանել տեղի ունեցածը, Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը հայտարարեց, որ ժամանել է տեսնելու, թե որքան են օրինական կողմերի պահանջները: Նա համոզմունք հայտնեց, որ Ելփինի բնակիչներն օրինական պահանջներ են ներկայացրել:

Օգոստոս 31, 2010


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news