«Վայք Գոլդ» ընկերությունն Ազատեկի հանքավայրից ապօրինի արդյունահանել է 250 միլիոն դրամի ոսկի, արծաթ և պղինձ. հարուցվել է քրեական գործ

«Վայք Գոլդ» ընկերությունն Ազատեկի հանքավայրից ապօրինի  արդյունահանել է 250 միլիոն դրամի ոսկի, արծաթ և պղինձ. հարուցվել է քրեական գործ

ԷկոԼուր

«Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով արդյունահանել է 250 միլիոն դրամի ոսկի, արծաթ և պղինձ: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Ապօրինի հանքարդյունաբերության վերաբերյալ տեղեկատվությունը դատախազությանը փոխանցել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

ԷկոԼուրի հետ զրույցում տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը հայտնեց, որ տեսչական մարմինը դադարեցրել է հանքավայրի շահագործումը և դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ին ընդերքօգտագործման իրավունքից զրկելու պահանջով:

Նշենք, որ այս դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում նշված է.

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ապօրինի արդյունահանումն իրականացվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում: Անտեսելով գործող«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջները, 2009թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության անունից ՓԲ ընկերության հետ կնքվել է հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր: Նշված ընկերության հանքավայրի շահագործման իրավունքը դադարեցվել է` ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները և ՀՀ օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ:

Այնուհետև, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձիք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը և դրա վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012թ. նոյեմբերի 23-ին նույն հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման իրավունքը տրամադրել են մեկ այլ ՍՊԸ-ի: Նույն օրը վերջինիս տրամադրվել է նաևօգտակար հանածոների արդյունահանման թույլատրություն, իսկ 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ լեռնահատկացման ակտ, ինչն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Այսպես, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան հանձնարարագրերի հիման վրա նշված ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ 2017թ. դեկտեմբեր ամսին նշված հանքավայրում իրականացվել է 1.330 տոննա հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմում է շուրջ 218 մլն դրամի` 11,31 կգ ոսկի, շուրջ 19 մլն դրամի` 84,5 կգ արծաթ և շուրջ 15 մլն դրամի` 5,25 տոննա պղինձ: Արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում` էական վնաս պատճառելով ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

19:39 Նոյեմբեր 12, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news