Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը և երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը և երկաթգիծը

ԷկոԼուր

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բողոքի ակցիա է. Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը և երկաթգիծը: Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը, բողոքի պատճառը գործարանի փակման մասին լուրերն են: «Արդեն 2 օր է` բանվորների շրջանում տարածված են լուրեր, որ պղնձաձուլարանը փակվելու է: Ընկերությունը հստակ չի մեկնաբանել այդ լուրերը, բայց, կարծես, հիմնական պատճառը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից նշանակված մեծ տուգանքն է: Պտտվող լուրերի համաձայն` ընկերությունն ասել է, որ այդպես չի կարող աշխատել, գործարանը պետք է փակվի: Հիմա միջպետական ճանապարհն ու երկաթգիծը փակ են: Գործարանի աշխատողների պահանջը մեկն է` գործարանը չպետք է փակվի», - ասաց Օլեգ Դուլգարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացրել Ալավերդու պղնձաձուլարանում: Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է Վալլեքս խմբի «ԷՅ-ՍԻ-ՓԻ» ընկերությանը վճարելու համար:
Գործարանի արտանետումները մինչև 15 անգամ գերազանցել են արտանետումների թույլատրելի սահմանը։ Հոկտեմբերի 1-ին Ալավերդիում անցկացված հանրային քննարկման ժամանակ գործարանի ղեկավարները նշել են, որ չեն կարող նվազեցնել արտանետումները, քանի որ դրա համար հարկավոր է կրճատել արտադրողականությունը, ինչը վնասաբեր կլինի ընկերության համար:

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը, ինչպես Վալլեքսին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը, գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում:

Լուսանկարը` Օլեգ Դուլգարյանի

14:24 Հոկտեմբեր 10, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news