Զառիթափ համայնքը Ազատեկի հանքավայրի շահագործման հարցում մերժեց «Վայկ-ինվեստ» ընկերությանը

Զառիթափ համայնքը Ազատեկի հանքավայրի շահագործման հարցում մերժեց «Վայկ-ինվեստ» ընկերությանը

ԷկոԼուր

Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքը դեմ արտահայտվեց Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործմանը՝ մերժելով նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ին:

Տեղացիների բացասական դիրքորոշումը ներկայացված է համայնքում անցկացված հանրային լսումների արձանագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 15:00-ին,  տեղի ունեցան Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման /հանքավայրն իր մեջ ներառում է հատվածներ Զառիթափի և Վայքի համայնքների վարչական տարածքներից/ նախնական համաձայնություն տալու մասին հանրային լսումներ:

Մասնակցում էին Զառիթափ համայնքի ղեկավարի տեղակալ Գառնիկ Գևորգյանը, «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Մալխասյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի «Քաղաքացիական և իրավական կրթություն» ՀԿ-ի ներկայացուցիչները, Զառիթափ և Վայք համայնքի բնակիչներ՝ թվով 40-45 հոգի:

Բացման խոսքով հանդես եկավ Զառիթափ համայնքի ղեկավարի տեղակալ Գառնիկ Գևորգյանը և առաջարկեց «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի տնօրինությանն իրազեկել բնակչությանը նախատեսվող աշխատանքների և շահագործման կարգի մասին:

«Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Մալխասյանը ներկայացրեց, որ ընկերությունը ցանկանում է Ազատեկի հանքավայրում, որը գտնվում է Զառիթափ և Վայք համայնքների վարչական տարածքում /Գյուարչին/ ստորգետնյա եղանակով իրականացնել հանքարդյունաբերական աշխատանքներ: Ըստ իրենց նախատեսածի՝ հանքաքարը տեղափոխվելու և վերամշակվելու է Արին բնակավայրում կառուցվող հանքաքարի հարստացման գործարանում: Հանքավայրի շահագործումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, որում ընդգրկված աշխատողների 99%-ը կլինեն 2 համայնքների բնակիչները: Ընկերությունը ներկայացրեց, որ կապահովի բնապահպանական բոլոր նորմերի պահպանումը, ակտիվորեն կմասնակցի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման աշխատանքներին: «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն ներկայացրեց, որ կատարելու է սոցիալական ծրագրեր՝ նախնական 50 միլիոն դրամի չափով տարեկան:

Ներկայացվեցին շահագործման ռիսկերը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և այլն:

Ելույթներ ունեցան Զառիթափ համայնքի բնակիչներ Կ. Ասլանյանը, Կ. Գևորգյանը, Վայք համայնքի բնակիչներ Տ. Միքայելյանը, Ս. Սարգսյանը, Է. Ստեփանյանը, ինչպես նաև հասարակական կազմակերպության անդամներ:

Հանրային լսումների մասնակիցների քննարկման արդյունքները՝ կողմ-17, որից Վայք համայնք-17 , դեմ-22, որից Վայք համայնք-3, ձեռնպահ-1 Զառիթափ համայնք, որոշեցին հավանություն չտալ նախատեսվող գործունեությանը:

Արձանագրությանը կցված է նաև «Քաղաքացիական և իրավական կրթություն» ՀԿ-ի գրավոր նկատառումը, որում նշված է, որ ընկերության կազմակերպած հանրային լսումներն անցկացվել են կառավարության սահմանված լսումների անցկացման նախնական ծանուցման 7 աշխատանքային օր առաջ ծանուցման կարգի խախտմամբ»:

Հիշեցնենք, որ Ազատեկի հանքավայրի շահագործման համար Վայք համայնքի բնակիչների համաձայնությունը ստանալու նպատակով երկու փորձ էր արել «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն: Երկու դեպքում էլ բնակիչները բոյկոտել էին հանրային լսումները: Իսկ տարեսկզբին հայտի դարձավ, որ Ազատեկի հանքավայրի համար «Վայք Գոլդ»-ին տրված ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է:


Լուսանկարը՝ Վայք Ինֆոտուն

Հունվար 24, 2020 at 21:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր