Մեղրեցիները մտահոգված են «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքավայրի շահագործման ծրագրով

Մեղրեցիները մտահոգված են «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքավայրի շահագործման ծրագրով

ԷկոԼուր

«Polymetal International» ընկերությունների խմբի «Լիճքվազ» ՓԲԸ-ն ցանկանում է շահագործել «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքավայրը:

Հանքավայրի շահագործման հայտի հանրային քննարկումները տեղի ունեցան սույն թվականի փետրվարի 1-ին՝ Մեղրիում:

Ըստ հայտի՝ ձեռնարկողը նախատեսում է հանքավայրի շահագործումն իրականացնել ստորգետնյա եղանակով: Տարեկան արդյունահանվելու է 300 հազար տոննա հանքաքար: Շահագործման ժամկետը 12.5 տարի է: Տեղում հանքաքարի վերամշակում չի իրականացվելու:

Հայտի նկարագրության համաձայն՝ հանքը պարունակում է՝ ոսկի, արծաթ, պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ, արսենապիրիտ, տենատիտ, ավելի սակավ թելուրաբիսմութիտ, տետրադիմիտ, բիսմութին: Գնահատված է, որ հանքի շահագործման 1-ին փուլում հանքաքարի տոննայում ոսկու պարունակությունը 4.39գ է, արծաթը՝ 31/96գ, պղինձ՝0.33 գ: Շահագործման երկրորդ փուլում հանքաքարի տոննայում ոսկու պարունակությունը 5,06գ է, արծաթը՝ 25,6 գ, պղինձ՝ 0.38 գ:
«Քննարկումը բավականին ակտիվ էր և կառուցողական: Նկատելի էր, որ հետաքրքրությունը քննարկվող թեմայի վերաբերյալ բավականին մեծ էր: Եղան բազմաթիվ հարցադրումներ, որոնք վերաբերվում էին բնապահպանական և սոցիալական ոլորտներին:

Հիշեցնենք, որ վերջերս «Պոլիմետալ» խմբի մեջ մտնող «Լիճքվազ» ՓԲ ընկերության և Մեղրի համայնքի միջև կնքվեց Սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակներում 2017-2018թթ. ընթացքում Մեղրի համայնքում կներդրվի 37 մլն ՀՀ դրամ: Այդ միջոցներով Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում կկառուցվի մանկապարտեզ: Շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները»,- մասնավորապես նշված է Մեղրիի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Հանքավայրի շահագործման համար ջուրը վերցվելու է Մեղրիի գետից, որն իր վտակներով Մեղրիի տարածաշրջանի համայնքների սնուցման հիմնական աղբյուրն է: Հայտում նշվում է, որ շրջանառու ջրի հաշվարկային ծախսը տարեկան կազմելու է 3962 մ3, թարմ տեխնիկական ջրի հաշվարկային ծախսը՝ տարեկան 42 հազար մ3: Մաքրվելուց հետո տարեկան Մեղրի գետ են լցվելու 37500.0մ3 հանքի արտադրական կեղտաջրեր և ստորգետնյա ջրեր:

Մեղրիի ակտիվիստը ԷկոԼուրին հայտնեց, որ հանքավայրի շահագործումը մեծ ռիսկեր է պարունակում: «Պայթեցումների արդյունքում ռադիոակտիվ զանգվածը, ծանր մետաղները, հանքային ջրերի հետ ներծծվելով, կհայտնվեն Մեղրի գետում: Թեպետ ընկերությունը նշում է, որ այդտեղ ռադիոակտիվ ֆոնը ցածր է, բայց հանքավայրում առկա է ցրված ուրան և թորիում, որը արտադրական նպատակով պիտանի չէ, բայց բաց օդային շփման ընթացքում այն մահաբեր կդառնա տարածաշրջանի համար: Չկա որևէ երաշխիք, որ որևէ վթար չի լինելու, և աղտոտված ջրերը չեն լցվելու Մեղրի գետ, որը սնում է Մեղրի տարածաշրջանի հողերը»,- ասաց Մեղրիի ակտիվիստը: Ինչպես նշված է հայտում, կատարված ռադիոմետրիկ և ճառագայթահիգիենիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանքաքարի և պարփակող ապարների բնական ռադիոակտիվությունը կազմում է 12-15միկրոռենտգեն/ժամ, որը ցածր է թույլատրելի նորմերից:
Հանքավայրի տարածքում երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը 8-9 բալ է:

Փետրվար 02, 2017 at 16:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր