Գլաձորի բազմամետաղային հանքի հարցը՝ դատաիրավական լաբիրինթոսում

Գլաձորի բազմամետաղային  հանքի հարցը՝ դատաիրավական լաբիրինթոսում

ԷկոԼուր

«Վայկ Մետալ» ընկերությունը չի հրաժարվում Վայոց ձորի մարզում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու մտադրությունից: Ընկերությունը հավակնում է շահագործել Գլաձորի բազմամետաղային հանքը, չնայած դրան դեմ են ազդակիր համայնքի բնակիչները: Ընկերությունը չունի ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն և ընդերքօգտագործման թույլտվություն:
Արդեն մի քանի տարի այս խնդիրը պտտվում է դատաիրավական լաբիրինթոսում:

Դեռևս 2016թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն տվեց Գլաձորի բազմամետաղային հանքը շահագործելու «Վայք Մետալ» ընկերության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հայտին: Ընկերությունը հայց ներկայացրեց ընդդեմ ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններին,՝ պահանջելով անվավեր ճանաչել Բնապահպանության նախարարության բացասական եզրակացությունը և անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ մերժումը: Սակայն, այս դատական գործն օգուտ չտվեց ընկերությանը, քանի որ պարզվեց, որ բնապահպանական փորձաքննական եզրակացությունը վարչական ակտ չէ, ապացույց է և այն չի կարող դատարանում վիճարկվել, իսկ էներգետիկայի նախարարությունը դատարանի որոշումը կատարելու համար վարչական վարույթ հարուցեց և վարույթով մերժեց ընկերությանը ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:

Ընկերությունը հայց ներկայացրեց ընդդեմ չխոշորացած Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան համայնքի հողերից հող հատկացնել «Վայկ Մետալ» ՍՊԸ-ին և կնքել հողօգտագործման պայմանագիր, որպեսզի ընկերությունը, համաձայն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքված պայմանագրի, կատարի ընդերքի ուսումնասիրություն Գլաձորի հանքի տարածքում: Ընկերության հայցը Վայքի դատարանը`իր 16.05.2017թ. վճռով բավարարեց: «Ըստ էության՝ Վայքի դատարանը պարտավորեցրել է Արմեն Մովսիսյանին ոչ իրավաչափ գործողություններ կատարել, քանի որ նա համայնքի հող հատկացնելու իրավունք չունի: Այդ վճիռը երեք ատյաներով ես բողոքարկել եմ, բայց մեր բողոքը չի բավարարվել և մտել է ուժի մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված վճռի կատարումը հնարավոր չէր առանց ՀՀ Սահմանադրության և ՀՀ մի շարք օրենքների խախտման, դիմել ենք այդ վճիռը կայացնող Դատարան /դատավոր` Հ.Դարբինյան/, որպեսզի վերջինս պարզաբանի, թե ինչպես այդ վճիռը պետք է կատարել առանց օրենքի խախտման: Սակայն, Դատարանը պատասխանել է, որ ամեն ինչ պարզ է և պարզաբանման կարիք չկա: Այդ որոշումը բողոքարկել ենք ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը պատասխանել է, որ իրավասու չէ վճիռը մեկնաբանելու և որ դա պետք է արվի վճիռ կայացնող դատարանի կողմից: Արմեն Մովսիսյանը, որպեսզի կատարի այդ անօրինական վճիռը, երկու անգամ դիմել է Գլաձորի ավագանուն, որն իրավասու է հողհատկացում անել և թույլ տալ համայնքի ղեկավարին հողօգտագործման պայմանագիր կնքել, սակայն, երկու անգամն էլ ավագանին մերժել է համայնքի ղակավարի միջնորդությունները: Անհրաժեշտ է նշել, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքած ընդերքի ուսումնասիրության պայմանագիրը, որի վրա Վայքի դատարանը հիմնվել է, ուժը կորցրել է: Անհասկանալի է՝ ինչի համար են ուզում այդ հողը ստանալ, եթե դրա համար չունեն ոչ թույլտվություն, ոչ էլ այդ հողի վրա գործունեություն ծավալելու իրավունք: Հիմա Արմեն Մովսիսյանը երկու քարի արանքում է. կա՛մ դատարանի վճռի չկատարման համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, կա՛մ` պաշտոնական դիրքը չարաշահելու համար, եթե հողհատկացում անի, այսինքն՝ վճիռը կատարի»,- այս մասին ԷկոԼուրին պարզաբանեց Գլաձոր համայնքի շահերի պաշտպան, փաստաբան Նազելի Վարդանյանը:

Դատարանի վճիռը կատարել հարկադրելու համար «Վայկ Մետալ»-ը դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Հարկադիր կատարողը որոշել է Գլաձորի համայնքապետին պարտավորեցնել հողհատկացում իրականացնել: Սակայն Նազելի Վարդանյանը կարողացել է հասնել նրան, որ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել հարկադիր կատարողի որոշումը` Վայքի դատարանի վճռի կատարման անհնարինության պատճառով: «Վայք Մետալ»-ը այդ որոշումը ևս բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարանում: Այս գործով դատական նիստը նշանակված է 2020թ. ապրիլի 14-ին:

Այս դատական գործերից բացի «Վայկ Մետալ»-ը դիմել է Վայոց ձորի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել Գլաձորի համայնքի ղեկավարի նկատմամբ, սակայն քննիչը մերժել է քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառով: «Վայկ Մետալը» քննիչի որոշումը բողոքարկել է Արարատի և Վայոց ձորի առաջին ատյանի դատարան: Դատարանը անվավեր է ճանաչել քննիչի որոշումը և պարտավորեցրել քրեական գործ հարուցել:

Դատախազությունը բողոքարկել է այս դատարանի որոշումը ՀՀ քրեականվերաքննիչ դատարան, որպեսզի ուժի մեջ մնա Գլաձորի համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական գործի կարճման մասին Վայոց ձորի քննչական կոմիտեի քննիչի որոշումը: Սույն թվականի նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ այս գործով արդեն երրորդ նիստը, որտեղ խոշորացած Գլաձորի համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը հանդես է գալիս որպես երրորդ անձ: «Նիստի ընթացքում ներկայացրեցի բոլոր իրավական ու փաստական հանգամանքները, որոնք բացառում են Արմեն Մովսիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը: Հաջորդ նիստը նշանակվել է սույն թվականի դեկտեմբերի 2-ին»,- ասաց Նազելի Վարդանյանը:

Նշենք, որ խոշորացած Գլաձոր համայնքը ոչ միայն դեմ է Գլաձորի հանքի շահագործմանը, այլև համայնքի ավագանին 2019թ-ի ապրիլի 29-ին ընդունել է «Գլաձոր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշումը: Որպես որոշման հիմք է ընդունվել Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչների՝ համայնքի ղեկավարին և ավագանուն 2152 ստորագրությամբ հանրագրի ներկայացումը, որտեղ նրանք խնդրել և պահանջել էին արգելել և ապագայում բացառել Գլաձոր համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքների իրականացումը:

Իր հերթին Վայոց ձորի մարզպետարանը դիմել է ՀՀ Վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» Գլաձորի ավագանու 29.04.2019թ. թիվ 44 որոշումը: ՀՀ վարչական դատարանը հետ է վերադարձրել Վայոց ձորի մարզպետարանի հայցադիմումը՝ նշելով, որ հայցադիմումը չի պարունակում որևէ հիմնավորում, դրան կից ներկայացված չէ որևէ ապացույց առ այն, որ պետության՝ ընդերքի օգտագործման ոլորտում իրավունքների պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի վրա:

15:29 Նոյեմբեր 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news