Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն ավելի քան 3 ամիս շահագործվում է ժամկետնանց ջրօգտագործման թույլտվությամբ

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն ավելի քան 3 ամիս շահագործվում է ժամկետնանց ջրօգտագործման թույլտվությամբ

ԷկոԼուր

Հոկտեմբերի 22-ին Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում տեղի ունեցավ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի համար ջրօգտագործման նոր թույլտվություն (ՋԹ) ստանալու վերաբերյալ հանրային քննարկումը:

Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանը քննարկման ժամանակ ասաց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն նոր ՋԹ-ով ցանկանում է նվազեցնել իր կողմից իրականացվող ջրառը մոտ 1,8 անգամ: Էդգար Փիրումյանն ասաց, որ ջրառի ծավալի նվազեցումը պայմանավորված է ընկերության կողմից նոր շրջանառու տեխնոլոգիայի կիրառմամբ:

Գործակալությանը ներկայացված նախագծի համաձայն, ընկերությունը նախատեսում է վերցնել Դեբեդ գետից՝ 296,5լ/վ և լցակույտերի դրենաժի համակարգից՝ 8,0լ/վ ջրաքանակով ջուր։ Ներկայում ընկերությունն իրեն անհրաժեշտ ջրառն իրականացնում է 2015 թ. տրված N 000203 ՋԹ-ի համաձայն, որի թույլտվության ժամկետը լրացել է 2018 թ. օգոստոսի 11-ին:

«Թեղուտ» ՓԲԸ-ն 2018 թ-ի հունվարի 12-ն դադարեցրել էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը, ինչը վերսկսվել է այս տարվա հուլիսի 9-ին: Ստացվում է, որ արդեն ավելի քան երեք ամիս ընկերությունն աշխատում է՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն և ապօրինի ջրառ է իրականացնում հետևյալ վեց կետերից. Դեբեդ գետից՝ 512 լ/վրկ, Շնող գետից՝ 13,7 լ/վրկ, դրենաժային համակարգից՝ 8,0 լ/վրկ, ստորերկրյա Լորուտ աղբյուրից՝ 0,3 լ/վրկ, Բրակձոր աղբյուրից՝ 0,08 լ/վրկ և Աղբյուրից/կապտաժ/ 0,14 լ/վրկ ջրառով:

Նշենք, որ հանքավայրի շահագործման թույլտվություն ընկերությունը ստացել է ս. թ. հուլիսի 8-ին՝ տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար արտադրելու համար, ինչը ենթադրում է հանքավայրի 15-20 տարի շահագործման հնարավորություն: Նշենք, որ այս թույտվությունը չունի համապատասխան անհրաժեշտ փաստաթղթեր, մասնավորապես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացություն: 2016թ-ին ընկերությունը ներկայացրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նոր ՇՄԱԳ ՀՀ բնապահպանության նախարարություն, որը հետ է ուղարկվել, իսկ նախկին ՇՄԱԳ-ի փորձաքննական դրական եզրակացության ժամկետը լրացել է 2014թ-ին:

Քննարկման ընթացքում Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ ՋԹ-ի հայտում բացակայում են Դեբեդ գետի ջրաբանական տվյալների աղյուսակները, ջրի որակի ցուցանիշները, բնապահպանական թողքի հաշվարկը, քանակները և այլ ջրօգտագործողների մասին տեղեկությունները։ Էդգար Փիրումյանը նշեց, թե՝ օրենքը չի պարտավորեցնում այդ տվյալների ներկայացումը/հրապարակումը։

Ջրօգտագործման թույլտվության նոր նախագծի համաձայն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է մի քանի կետերում կեղտաջրերի արտահոսք դեպի Շնող, Խառատաձոր և Փիջուտ գետեր: Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն իր մտահոգությունն արտահայտեց առ այն, որ այդ կեղտաջրերը Շնող վտակի միջոցով այնուհետև հայտնվելու են Դեբեդ գետում։

Էգդար Փիրումյանը պատասխանեց, որ ընկերությունը վստահեցրել է, որ պարտավորվում է չգերազանցել աղտոտումը թույլատրելի սահմանային արժեքի թվից (ԹՍԱ)։ Փիրումյանի խոսքով, նոր ՋԹ-ով իրենք պարտավորեցնելու են «Թեղուտ» ՓԲԸ-ին կենսաբանական մաքրման կայան տեղադրել:

 

Հոկտեմբեր 25, 2019 at 15:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր