DENO GOLD MINING-Ը ՉԻ ՎՃԱՐԵԼ 2005-2009Թ.Թ.-Ի ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

DENO GOLD MINING-Ը ՉԻ ՎՃԱՐԵԼ 2005-2009Թ.Թ.-Ի ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ

Էկոլուր

Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը շարունակում է Deno Gold Mining ընկերության հասարակական մոնիտորինգը: Մոնիտորինգին ներգրավվել են ընկերության գործունեության համար պատասխանատու պետական  մարմինները: Այս անգամ հկ-ը հերթական դիմումն ուղղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանին:

Նամակում մասնավորապես նշվում է, որ ընկերության 13 աշխատակիցներ ստիպված են եղել դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Deno Gold Mining-ից վճարել 2005-2009 թ.թ. իրենց գիշերային աշխատանքի աշխատավարձը: Նամակում նկարագրվում է գործի էությունը, աշխատակիցների պահանջի հիմանվորումը, աշխատանքային օրենսգրքի ի հայտ եկած խախտումները:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Մեր կազմակերպությունը ուշադիր հետևում է «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության վարած անօրինական քաղաքականությանը: Այսօր ընկերությունում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնց ընկերությունը նույնպես չի վճարել գիշերային աշխատավարձերը` սկսած 2005 թ.-ից, բայց չվճարված գիշերային աշխատավարձերը պահանջելու դեպքում աշխատակիցները կարող են այլ պատճառաբանությամբ ազատվել աշխատանքից, ինչպես պահակ Աշոտ Գրիգորյանը, ով նույնպես դիմել է դատարան:

Ընկերության աշխատողների մի մասը, ում չի վճարվել գիշերային աշխատավարձը, արտերկրում է: Կան մարդիկ, ովքեր ազատվել են աշխատանքից: Կան նաև աշխատակիցներ, ովքեր մահացել են: Իսկ նրանք, ովքեր առ այսօր աշխատում են վերոհիշյալ ընկերությունում, չեն կարող բարձրացնել այդ հարցը, որովհետև աշխատանքը կորցնելու վտանգ կա:

Կոչ ենք անում նոր ընտրված արհմիության նախագահին շատ լուրջ մոտենալ վերոհիշյալ խնդիրներին:

2008 թ.-ին աշխատանքային տեսչության հերթական ստուգայցից հետո ակնկալվում էր, որ ընկերությունը պետք է վճարեր այդ գումարները, բայց անհասկանալի պատճառներով ստուգումը արդյունք չտվեց, և ընկերությունը սկսեց վճարել միայն 2007-2008 թթ.-ի չվճարված գիշերային աշխատավարձերը և միայն այսօր ընկերությունում աշխատողներին: Խոսքը վերաբերվում է Կապանի Լեռնահարստացման կոմբինատին, որն անհասկանալի պատճառներով լուծարվեց, և կոմբինատը աշխատակիցներին չվճարվեց մոտ 100 միլիոն դրամ աշխատավարձերը: Չենք ցանկանա, որ նույնը կրկնվեր «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության օրոք: Այսօրվա տնտեսական ճգնաժամի պայմաններում այդ գումարները փրկություն կլինեն Կապանի ազգաբնակչության համար:

Ելնելով ՀՀ օրենսդրությունից և վերոգրյալից` խնդրում էնք Ձեզ պարտադրել «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին, որ վճարի 2005-2009 թթ.-ի չվճարված գիշերային աշխատավարձերը ոչ միայն դատարան դիմողներին, այլև այսօր ընկերությունում աշխատող բոլոր աշխատակիցներին»:

Մայիս 25, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր