ՔԱՋԱՐԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՄՈՒՏՔԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

«Հետք»

Սյունիքի մարզի Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» միշտ փակ է լրագրողների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ Երեւանից կոմբինատ են այցելում բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այդ դեպքում կոմբինատի տնօրինությունը թույլ է տալիս նախապես ընտրված լրագրողներին մտնել կոմբինատի հանքանյութի մանրացման եւ հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ աշխատում են բանվորները: Հենց այդտեղ է հանքաքարից ստացվում պղնձի եւ մոլիբդենի խտանյութ: Անցած շաբաթ 8 լրագրողի Երեւանից եւ Կապանից հերթական անգամ մերժեցին թույլ տալ մտնել հանքանյութի ստացման կոմբինատ` վերջին պահին հրաժարվելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունից:

«Մենք երկու անգամ լրագրողների այց ենք կազմակերպել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Երկու անգամ էլ մեզ մերժել են ընդունել: Այս անգամ մենք ունեինք հստակ պայմանավորվածություն կոմբինատի գլխավոր տնօրենի օգնական Արթուր Հակոբյանի հետ, բայց վերջին պահին նա առանց պատճառաբանությունների հրաժարվեց մեզ մուտքի թույլտվություն տալ»,- ասում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանի «Սոսի» եւ «Խուստուփ» հեռուստաընկերությունների լրագրողները նույնպես պատմում էին, որ նրանց մուտքը կոմբինատ արգելվում է: Մնում է սպասել միայն որեւէ պաշտոնյայի այցի, որպեսզի կարողանան ապահովել այցի լուսաբանումը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՀՀ խոշորագույն լեռնահանքային ձեռնարկությունն է: Այն գործարկվել է 1952թ.-ին:

Նոյեմբեր 04, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր