«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն ե՞րբ է պատրաստվում դադարեցնել Նահատակի պոչամբարի շահագործումը. ԷկոԼուրի հարցումը

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն ե՞րբ է պատրաստվում դադարեցնել Նահատակի պոչամբարի շահագործումը. ԷկոԼուրի հարցումը

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սամվել Խաչատրյանին:

Հարցման մեջ ասված է.

«Համաշխարհային բանկի աջակցությամբ հրապարակված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» ուսումնասիրության համաձայն` Նահատակի պոչամբարը համարվել է Հայաստանի ամենառիսկային պոչամբարներից մեկը: «Պոչամբարի նախագիծը համարժեք չէ թե բնապահպանական, թե ֆիզիկական կայունության առումով: ԱԹԴ (ապարաթթվային դրենաժ) արտադրող նյութերի առկայության պատճառով պոչամբարը միջինից երկարաժամկետ հատվածում կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա»,- նշված է ուսումնասիրության մեջ («Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» էջ 133): Պոչամբարի արտահոսքերի վերաբերյալ պարբերաբար ահազանգեր են հնչեցնում տեղի բնակիչները:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի և Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` խնդրում ենք տեղեկացնել.

1. Ինչպե՞ս կմեկնաբանեք «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» ուսումնասիության գնահատականը Նահատակի պոչամբարի վերաբերյալ: (Նամակին կից ուղարկում ենք ուսումնասիրությունը):

2. «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ե՞րբ է պատրաստվում դադարեցնել Նահատակի պոչամբարի շահագործումը և ի՞նչ մեթոդով է ռեկուլտիվացնելու այն, որքա՞ն կարժենա պոչամբարի ռեկուլտիվացումը և ի՞նչ միջոցներով է ընկերությունն այն իրականացնելու:

3. «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Նազիկի պոչամբարի ռեկուտիվացումը մասնագետները համարում են թերի, քանի որ հողի բարակ շերտի տակից պոչերը դուրս են եկել մակերես և անձրևաջրերի հետ հոսում են Ախթալա գետը և աղտոտում շրջակա միջավայրը: Արդյո՞ք ընկերությունը որևէ միջոցառում նախատեսում է Նազիկի պոչամբարը պատշաճ ռեկուտիվացնելու ուղղությամբ:

4. Խնդրում ենք տրամադրել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի շահագործման և Շամլուղի պղնձի հանքավայրի շահագործման բնապահպանական կառավարման պլանները:

5. Խնդրում ենք տրամադրել Նահատակի և Նազիկի պոչամբարների անվտանգության անձնագրերը և Նահատակի պոչամբարի շահագործման տեխնիկական հրահանգները:

6. Ընկերությունը սոցիալական ծրագրեր իրականացնո՞ւմ է ազդակիր Ախթալա, Շամլուղ, Ճոճկան, Մեծ Այրում համայնքների համար, եթե այո, խնդրում ենք նշել այդ ծրագրերը»:

 

Օգոստոս 13, 2018 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր