

ԷկոԼուր
Կապան խոշորացված համայնքի ավագանու որոշում կայացնելը, կապված Արծվանիկ, Սևաքար, Չափնի գյուղական բնակավայրերի շուրջ 400 հա հողատարածությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) ընդերքօգտագործման նպատակով շահագործման թուլյտվության վերաբերյալ, հետաձգվեց:
Այս մասին հայտնեց Facebook սոցիալական ցանցի օգտատեր Դավիթ Հակոբյանը: Միաժամանակ, նա կոչ արեց տեղի բնակիչներին. «Սիրելի կապանցիներ, արծվանիկցիներ, սևաքարցիներ և չափնեցիներ, ձեր կամքից է կախված այս խնդրի լուծումը: Մենք պետք է հասնենք նրան, որ նման կարևորագույն հարցերը լուծվեն ուղղակի ժողովրդավարություն հաստատելու եղանակով, այլ ոչ թե միջնորդավորված: Ինչպես տեսնում ենք, մեր «ընտրյալները» հիմնականում չեն սպասարկում հանրային շահը: Հետևաբար, մենք դա պետք է ստիպենք մեր հավաքական կամքով»:
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 17-ին Արծվանիկ գյուղի բնակիչները, որն ամենից շատ է տուժում ԶՊՄԿ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարից, բողոքի ակցիա կազմակերպեցին: Նրանք պահանջում էին չեղյալ ճանաչել 2015թ-ի մայիսի 21-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի գյուղական համայնքների վարչական սահմաններում՝ որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 791-Ն որոշումը:
Այս որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչեց Սյունիքի մարզի Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք համայնքների վարչական սահմանների 491.8093 հա հողերի նկատմամբ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման համար: Ամենից շատ հողատարածք օտարվել է Արծվանիկ գյուղից` 274.8378 հեկտար ի օգուտ մասնավոր ընկերության` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի:
Բողոքողները եկել են Երևան` հանդիպելու ՀՀ կառավարության հետ: Սակայն փաստացի կառավարության որոշումը մնացել է ուժի մեջ:
https://www.e-gov.am/gov-decrees/item/26025/
https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2015/05/15_791_1.pdf
Օգոստոս 20, 2018 at 16:50
