Դեռ սեպտեմբերին «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերությունը որոշել էր դադարեցնել Ալավերդու կոմբինատի աշխատանքը

Դեռ սեպտեմբերին «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերությունը որոշել էր դադարեցնել  Ալավերդու կոմբինատի աշխատանքը

ԷկոԼուր

Հոկտեմբերի 15-ին Երևանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը: Այս մասին հայտնել է «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը՝ տեսաուղերձի միջոցով: «Հանդիպման ընթացքում քննարկվել է գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև լուծման հնարավոր ուղիները: Որևէ կոնկրետ որոշում կամ խոստում երեկվա հանդիպման ընթացքում չի արձանագրվել: Նախատեսվում է այս շաբաթվա ընթացքում ունենալ ևս մեկ հանդիպում ավելի առարկայական քննարկումներ ունենալու համար: Հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ այս պահին «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերության որևէ աշխատակից աշխատանքից ազատման ծանուցման թերթիկ չի ստացել»:

«Արմենիան Փափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն, որ Վալլեքս» խմբի ընկերություններից է, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում շահագործում է Ալավերդու պղնձաձուլարանը:

Նշենք, որ ԷկոԼուրը հարցում էր ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութուն` խնդրելով տեղեկացնել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության 2018թ-ի աշխատանքային ծրագրով «ACP» ընկերությունում նախատեսված տեսչական ստուգումների արդյունքների մասին:

Ի պատասխան ԱԻՆ-ի գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը 15.10.2018թ. N 7/23.1/12444 18 նամակով տեղեկացրել է, որ ընկերությունում տեսչական ստուգումներ չեն իրականացվել, քանի որ նախնական այցելությունների ընթացքում պարզվել է, որ «Արմենիան Փափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի աշխատանքները գտնվում են դադարեցման փուլում: Այս կապակցությամբ ԱԻՆ-ից ԷկոԼուրին են ուղարկել ՀՀ ԱԻՆ-ի Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա.
Մկրտչյանի զեկուցագիրը, որում նշված է.

«Զեկուցում եմ Ձեզ, որ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային տեխնիկական անվտանգության տեսչության 2018 թ-ի աշխատանքային ծրագրով երրորդ եռամսյակում նախատեսված է տեսչական ստուգում՝ «Արմենիան Փափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում: Այդ կապակցությամբ ես և տեսչական բաժնի գլխավոր մասնագետ Ռ. Տեր-Հարությունյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին այցելել ենք Ալավերդու «Արմենիան Փափըր Փրոգրամ» ՓԲԸ` ուսումնասիրելու, արդյոք աշխատում է այդ ընկերությունը, թե` ոչ:
Ուսումնասիրությամբ պարզեցինք, որ առաջիկայում դադարեցվելու է գործարանի գործունեությունը, արդեն իսկ աշխատակիցները ստացել են համապատասխան զգուշացման թերթիկներ, մի մասն էլ ազատման դիմումներ է ներկայացրել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք չենք կարող իրակացնել տեսչական ստուգում «Արմենիան Փափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում:

Ակնկալում եմ Ձեր կարգադրությունը»:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018թ-ի սեպտեմբերի 28-ին հայտարարեց, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով մթնոլորտային օդի և ջրերի աղտոտման, թափոնները ոչ պատշաճ պահպանելու պատճառով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է շուրջ 380 միլիոն դրամ, որը ներկայացվել է ընկերությանը:

Հոկտեմբերի 11-ին «Արմենիան Փափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն 3 պահանջ ներկայացրեց ՀՀ կառավարությանը` նշելով, որ պահանջների չկատարման դեպքում մի քանի օրից կդադարեցնի գործարանի Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքը և ավելի քան 500 աշխատողները գործազուրկ կդառնան: Այդ պահանջներն են`
• թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել
• ՎՏԲ-ի հետ կնքված վարկային պայմանագրի երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը արգելափակի բանկի ոտնձգությունները «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերության և «Վալլեքս» խմբի այլ ձեռնարկությունների առգրավման ուղղությամբ
• օրենսդրական նախաձեռնությամբ աջակցել նոր պղնձաձուլարանի կառուցման հայ-չինական ներդրումային ծրագրին:



Հոկտեմբեր 16, 2018 at 19:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր