

Անի Գևորգյան, Tert.am
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները նոյեմբերի 3–ին հանդիպել են փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանի հետ։
Tert.am-ի հետ զրույցում Վարագ Սիսեռյանը նշեց, որ գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը խոսել են ժամանակավորապես վերագործարկման մասին, որպեսզի 630 աշխատակիցները հնարավորություն ունենան շարունակել աշխատանքը:
«Որպեսզի վերջնական որոշումը կայացվի, հիմնականում մնացել է ՎՏԲ-ի հարցը: Որպես միջնորդ ենք հանդես գալիս: Բանակցությունները հասան նրան, որ բանկից պահանջեցինք պաշտոնական թուղթ, որի մեջ գրված են իրենց առաջարկները՝ գրավների հետ կապված: Մենք ասել ենք, որ այդ թուղթը մեզ տրամադրեն երկուշաբթի օրը, այն տրամադրել են երեկ՝ ժամը 11 –ի կողմերը»,- շեշտեց նա:
Վարագ Սիսեռյանն ասաց, որ կա՛մ պետք է կողմերին սեղանի շուրջ հավաքեն, կա՛մ որպես միջնորդ պետք է մեսիջները փոխանցեն:
Վարագ Սիսեռյանը շեշտեց, որ նոր պղնձաձուլարան կառուցելու ծրագրի կյանքի կոչումը և դրանից անմիջապես հետո հին պղնձաձուլարանի աշխատանքի վերջնական դադարեցումը կլինի այս հարցի ընդունելի, ճիշտ և վերջնական լուծումը։
«Փոխվարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում շարունակելու ենք աջակցել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին՝ նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար: Հիշեցնեմ, որ կառուցվելիք պղնձաձուլարանի արտանետումների քանակը՝ համեմատած հին/գործող պղնձաձուլարանի արտանետումների, կրճատվելու է մոտ 95%-ով»,- եզրափակեց նա:
Նոյեմբեր 05, 2018 at 01:08
