

ԷկոԼուր
Ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Հայաստանի մետաղական հանքավայրերը շահագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման օրենսդրական փաթեթին: Այն ՀՀ ԱԺ է բերել ՀՀ կառավարությունը:
Ներկայացված Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթին կողմ է քվեարկել 97 պատգամավոր:
Սա Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտի պահանջն է: 2019թ-ին պետք է համապատասխան ռեգիստր ստեղծվի, որպեսզի ընկերությունները ներկայացնեն իրենց իրական սեփականատերերին փաստաթղթերի տեսքով, համապատասխան հավաստումներով, պատասխանատու անձանց ստորագրություններով: Ընկերությունները կարող են ներկայացնել 10 տոկոս և ավելի բաժնետոմսեր ունեցող սեփականատերերի անունները: Միայն գործող քաղաքական գործիչների համար բաժնետոմսերի չափ սահմանված չէ:
Հիշեցնենք, որ մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահատման համար մշակված օրենսդրական փաթեթը ՀՀ կառաարության հավանությանը է արժանացել սույն թվականի փետրվարի 21-ին և ուղարկվել է Ազգային ժողով:
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Ապրիլ 19, 2019 at 19:20
