

ԷկոԼուր
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հետաձգեց արտադրողականության ավելացման վերաբերյալ հուլիսի 18-ին նախատեսված հանրային լսումներն անորոշ ժամանակով ֆորս-մաժորային հանգամանքների պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ հետաձգման պատճառն այս օրերին կոմբինատում տիրող լարված մթնոլորտն է՝ 13 օր տևած գործադուլը: Մարիամ Ծատրյանը նաև տեղեկացրեց, որ այսօր՝ հուլիսի 17-ին, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տարածքում տեղի կունենա հանդիպում՝ քննարկելու քննիչ-հանձնաժողով ստեղծելու կազմը և դրա գործառույթները:
«Այսօր հանձնաժողովի կազմն է որոշվելու: Այն կքննարկի հուլիսի 11-ին «ԳեոՊրոմայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի հետ հանդիպման ժամանակ բանվորների կողմից բարձրացված 38 կետերը, մասնավորապես՝ աշխատանքային պայմանագրի վերանայում»,- նշեց նա:
Ծատրյանի խոսքով, այսօր կայանալիք հանդիպմանը ներկա կլինեն Ռոման Խուդոլիյը, «Ագարակ ՊՄԿ» ՓԲԸ-ի տնօրեն Անդրեյ Սինյակովը, «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Էդուարդ Թումասյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, կառավարության ներկայացուցիչներ, կոմբինատի բանվորները: Ստեղծվող հանձնաժողովի կազմում կընդգրկվեն նաև բանվորներ կամ իրենց շահերը ներկայացնող փորձագետ:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի և մյուս արտադրամասերի աշխատակիցները ս.թ. հուլիսի 2-11-ը գործադուլ էին արել: Նրանք պահանջում էին օրենքով սահմանված կարգով գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դիմաց իրենց չտրվող հավելավճարները, ինչպես նաև՝ աշխատանքային պայմանների բարելավում։ Հուլիսի 11-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռոման Խուդոլիյը խոստացել է քննարկել բարձրացված խնդիրները մեկ պայմանով, եթե բանվորները մինչև հուլիսի 18-ը դադարեցնեն գործադուլը: Բանվորներն իրենց հերթին որոշել են ընդառաջել, և արդեն հուլիսի 14-ին վերականգնվել է կոմբինատի բնականոն աշխատանքը: Բանվորների կողմից հուլիսի 13-ին հրապարակված կոչի մեջ նշված է, որ իրենց պահանջները չընդունելու դեպքում մեկ ամիս անց՝ օգոստոսի 15-ին, բանվորները կվերսկսեն գործադուլը:
«Հաշվի առնելով ս/թ հուլիսի 11-ին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության տնօրեն Ռ. Խուդոլիյի այցը և կոմբինատի աշխատակիցների հետ հանդիպումն ու բարձրացված հարցերը վերանայելու ու քննարկելու պատրաստակամությունն ու կառուցողական մոտեցումը՝ մենք հայտարարում ենք վաղվանից՝ ս/թ հուլիսի 14-ից սկսել աշխատանքները բնականոն ընթացքով և նույնը կոչ ենք անում մյուս արտադրամասերի աշխատակիցներին՝ պայմանով, որ.
1. Չեն լինելու հաշվեհարդարներ և արհեստականորեն ձեռնարկված ռեպրեսիաներ աշխատողի օրինական և տարիներով կուտակված բողոքը բարձրացրած, բողոքը նախաձեռնած աշխատակիցների նկատմամբ ոչ միայն այս անցումային մեկամսյա ժամանակահատվածում, այլ երբևէ։
2.Աշխատանքի գնալու պահից պետք է լիիրավ գործեն աշխատանքային պայմանագրով և աշխատանքային օրենսգրքով սահմանված անխտիր բոլոր կետերը (ընդգծում ենք՝ գիշերային և ծանր և առանձնապես վտանգավոր աշխատանքի դիմաց, պարապուրդի դիմաց հավելավճարների պահանջը)։
3. Անվտանգության աշխատակիցների կողմից աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքի հստակեցում. պահանջում ենք արժանապատիվ վերաբերմունք։
Վերոնշյալ և առանձնացված կետերը, մենք՝ ներքոստորագրյալներս, համարում ենք ելակետային և առաջնային։
Եթե վերոգրյալ բնականոն և արժանապատիվ աշխատանքի համար կենսական նշանակության այս կետերը չիրագործվեն մինչև ս/թ օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում (տնօրինության հետ պայմանավորվալոըթյան համաձայն մյուս հանդիպումը նախատեսվում է 2 շաբաթից մեկ ամիս հետո), ապա մենք օրենքի տառին համապատասխան կհայտարարենք գործադուլ»։
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հուլիս 17, 2019 at 15:34
