ՀԱՆՔԵՐՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Նաիրա Հայրումյան, Lragir.am

Հայաստանի հանքարդյունաբերությունը դառնում է երկրի տնտեսության «աքիլլեսյան գարշապարը»: Անցյալ տարիներին միջազգային փորձագետները պնդում էին, թե տնտեսության չարիքի արմատը շինարարության մեջ է, եւ մատնանշում էին, որ այստեղ է կենտրոնացվել ծանրության «անառողջ» կենտրոնը, կոռուպցիան ու ստվերը: Ներկայում շինարարության տեղը հիմնավոր զբաղեցրել է հանքարդյունաբերությունը:
 
Այն մասին, որ ամենալուրջ ստվերային խնդիրներ կան այս ոլորտում, հայտարարել է վերջերս իր պաշտոնին հրաժեշտ տված Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Արիստոմանե Վարուդակիսը: Հուլիսի 14-ին էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը Հարավային Կովկասի հարցերով Բանկի առաջատար մասնագետ Պեդրո Ռոդրիգեսը խոսել է ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման և հանքարդյունաբերության ոլորտի հարկային ռեժիմի խնդիրների մասին:
 
Իրավիճակն այս ոլորտում իսկապես ստվերով է ծածկված: Առավել եւս, որ 90 տոկոսից ավելին արտահանվում է, եւ հասարակությունը տեղեկություն չունի բնական պաշարների, դրանց արդյունահանման, ինքնարժեքի եւ այլնի իրական ծավալների մասին, որոնցով կարելի կլիներ գնահատել, թե ով է աստղաբաշխական օգուտներ ստանում «ժողովրդական ընդերքից»: Այն, որ օգուտները շատ են, վկայում է այն, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երկար տարիներ առաջին հարկատուն էր:
 
Տնտեսական ճգնաժամը բացասաբար է ազդել հանքարդյունաբերության վրա. 2008-ին կտրուկ ընկել են գունավոր մետաղների գները: Թեեւ, ինչպես պնդում են տնտեսագետները, այդ գները չեն անցել ինքնարժեքի սահմանը, սակայն գերշահույթին սովոր գործարաններն աշխատանքից ազատել են հարյուրավոր մարդկանց եւ ստացել բազմամիլիոն վարկեր ու դրամաշնորհներ:
 
Հայաստանի կառավարությունը 44 միլիոն դոլար պետական վարկ է հատկացրել հայկական երեք հանքարդյունաբերական ընկերությունների: Միջոցները տրվել են ռուսական 500 մլն դոլար վարկից:
 
Ներկայում իրավիճակը շտկվել է: Այս տարվա հունվար-ապրիլին արտադրության ծավալն աճել է 28,4 տոկոսով, այսինքն անցել է նույնիսկ նախաճգնաժամային մակարդակը: Ընդհանուր առմամբ, հանքարդյունահանման ոլորտն աճել է 40 տոկոսով: Կառավարության տվյալով, վարկերի մի մասը վերադարձվել է: Սակայն, թե ինչպես են հարկվում գերշահույթները, ոչ ոք չի կարող հետեւել: Հայաստանում օրենք էլ չկա գերշահույթի մասին:
 
2003 թ. Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ դրեց հանքերի հետախուզման եւ մշակման մասին նոր օրենքը: Այն մշակվել է Եվրամիության մասնագետների մասնակցությամբ: Սակայն, ըստ ամենայնի, այդ կոդեքսը հնացել է, կամ «ճեղքերն» են մեծացել: Իսկ գուցե խոսքն ընդամենը սեփականության վերաբաշխման մասի՞ն է:

Հուլիս 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր