

ԷկոԼուր
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Օրենսգրքի լրամշակված տարբերակով առաջարկվում է իրական սեփականատեր համարել նաև ընդերքօգտագործող ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամներին:
«...իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ և գործադիր մարմին) անդամ ֆիզիկական անձինք», - նշված է օրինագծում:
Օրինագծի փաթեթով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս:
Փոխոխվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետները, ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվության տրամադրման կարգը և ժամկետները, կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման կարգը և ժամկետները:
Իսկ ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում առաջարկվում է պարտադիր նախատեսել ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսները սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներ:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հոկտեմբեր 25, 2019 at 17:01
